Այս տարի ԱՄՆ Ազատական կուսակցության համագումարը ուշադրության կենտրոնում է։ Պատճառն այն է, որ այս տարի նահանգների մեծ մասի քվեաթերթիկներում առկա է լինելու նաև այս կուսկացության թեկնածուի անունը։
Հարցումները ցույց են տալիս, թե որքան է թեժացել պայքարը դեմոկրատ Ջո Բայդենի, հանրապետական Դոնալդ Թրամփի և անկախ թեկնածու համարվող Ռոբերտ Քենեդիի միջև։ Սակայն էլ ավելի ուշագրավ է, որ որոշ տատանվող նահանգներում Ազատական կուսակցության թեկնածուի օգտին պատրաստ են քվեարկել 10%-ից ավելին, ինչը կարող է լուրջ նշանակույուն ունենալ ընտրությունների ելքի համար։
Your browser doesn’t support HTML5
ԱՄՆ նախագահի Ազատական կուսակցության թեկնածուներն ամերիկյան լայն հանրությանն անհայտ են։ Կուսակցության մոտ հազար պատվիրակներ որոշելու են, թե, ի վերջո, ով է ներկայացնելու իրենց քաղաքական ուժը գալիք նախագահական ընտրություններում։
«Ազատական կուսակցություն. մեծ երեկո է լինելու: Ժողովի ավարտին մարդկանց մի մասը աջ կողմում են լինելու, մյուսները՝ ձախ: Սակայն մի հարցում բոլորս համակարծիք ենք՝ պետությունը չափազանց մեծ վերահսկողություն ունի։ Ցանկանում ենք սահմանափակել այն ու իշխանությունը վերադարձնել ժողովրդին»,- ասում է Ազատական կուսակցության նախագահ Նաթան Պոլսկին։
Սակայն ազատականների համագումարում անսպասելի իրադարձություն է նախատեսված․ շաբաթ երեկոյան ելութով հանդես է գալու ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, որը, ըստ The Washington Post-ի, հորդորելու է սատարել իր թեկնածությունը:
Ազատական կուսակցության պատվիրակներից, Վիրջինիայի բնակիչ Ջեյմս Սենտ Ջոնի կարծիքով, Թրամփի նպատակը ուշադրություն գրավելն է։
«Նրա համար հնարավորություն է խոսել։ Կարող է խոսել, օրինակ, այլ մարդկանց առջև, որոնք, հավանաբար, չեն լսի նրան: Սա է հիմնական պատճառը, որ նա ցանկանում է ելույթ ունենալ»,- ասում է Ջոնը:
Անցած շաբաթ ելույթ ունենալով Ազգային հրաձգային ասոցիացիայի ներկայացուցիչների առջև՝ Թրամփը զուսպ էր, թե արդյոք կհաջողվի ստանալ Ազատական կուսակցության աջակցությունը:
«[Ազատական կուսակցության հետ] նմանություններ շատ ունենք: Նրանք ողջամիտ մարդիկ են։ Որոշակի հարցերում տարբերություններ կան մեզ հետ, բայց պետք է միանանք նրանց, քանի որ անկախ նրանից, թե ով է առաջադրվում նրանք ստանում են իրենց 3%-ը, և մենք պետք է ստանանք այդ 3%-ը, քանի որ չենք կարող թույլ տալ, որ Ջո Բայդենը հաղթի»,- ասում է Դոնալդ Թրամփը:
Սակայն Ազատական կուսակցությունում թերահավատները քիչ չեն, որ Թրամփին կհաջողվի այդ անել։
«Նա կստանա՞ ազատականների ձայնը: Ո՛չ: Կարո՞ղ են որոշ ազատականներ քվեարկել նրա օգտին: Անշուշտ, այո։ Դրանցից մեկը կլինե՞մ։ Ո՛չ»,- ասում է Վերմոնտից ընտրված Ազատական կուսակցության պատվիրակ Ան Լեպելթիեն:
Նախագահ Բայդենը նույնպես հրավիրվել է ազատականների համաժողովին՝ ելույթ ունենալու, սակայն չի ընդունել առաջարկը։