ԱՄՆ Ներկայացուցիչների տունը, ուր մեծամասնություն են հանրապետականները, հինգշաբթի ընդունեց մի օրինագիծ, ըստ որի նախագահ Բայդենի վարչակազմը պետք է սպառազինություն տրամադրի Իսրայելին՝ «Համասի» դեմ պայքարին աջակցելու համար: Հայտնի է, որ ԱՄՆ կառավարությունն անցած շաբաթ կասեցրեց հրեական պետությանը ամերիկյան սպառազինության որոշ խմբաքանակների առաքումը։
Իսրայելին ամերիկյան ռազմական օգնության մասնակի կասեցման շուրջ ԱՄՆ Կոնգրեսում ծավալված բանավեճի ֆոնին` այս շաբաթ Գազայի հյուսիսային հատվածը ենթարկվեց իսրայելական հուժկու ռմբակոծության:
Զուգահեռաբար` ԱՄՆ Ներկայացուցիչների տունը ընդունեց մի օրինագիծը, որը պահանջում է նախագահ Ջո Բայդենի գլխավորած վարչակազմից շարունակել ռազմական աջակցությունը Իսրայելին:
Your browser doesn’t support HTML5
Հայտնի է, որ Սպիտակ տունը որոշում կայացրեց դադարեցնել զինամթերքի առաքումը Իսրայել՝ մտավախություն ունենալով, որ այն կարող է կիրառվել պաղեստինցի խաղաղ բնակչության դեմ, հատկապես` եթե Իսրայելը ձեռնամուխ լինի Ռաֆահում ցամաքային գործողության իրականացմանը։
Ներկայացուցիչների տան խոսնակ Մայք Ջոնսոնի խոսքով, Բայդենի վարչակազմը, պարզապես, հրաժարվում է Իսրայելին ցուցաբերվող ամերիկյան աջակցությունից։
«[Բայդենի վարչակազմի] գործողությունները ճի՛շտ հակառակն են, [ինչ պարտավորվել է անել Վաշինգտոնը]։ Սա աղետալի որոշում է` համաշխարհային հետեւանքներով, և պատճառը` քաղաքական հաշվարկն է»,- ասում է Ջոնսոնը։
Այնուհանդերձ, այս շաբաթ Սպիտակ տունը թույլատրել է 1 միլիարդ դոլարի հասնող սպառազինության առաքումը Իսրայելին։
«Նախագահը հավատացած է, մենք` նույնպես, որ Իսրայելի անվտանգության ապահովման նկատմամբ առկա մեր պարտավորությունը երկաթյա է, և ցանկանում ենք վստահ լինել, որ նրանք ունեն այն, ինչ իրենց պետք է: Իսրայելն ունի այն, ինչ անհրաժեշտ է` թշնամիներից պաշտպանվելու համար, ներառյալ` «Համասից»»,- ասում է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քըրին Ժան-Պիեռը:
Հիշեցնենք` անցած տարվա հոկտեմբերի 7-ին «Համասի» զինյալները գրոհեցին Իսրայելը` սպանելով 1 200 մարդու, շատերը` խաղաղ բնակիչներ էին: Իսրայելի պատասխան գործողությունների հետևանքով առ այսօր Գազայի հատվածում սպանվել է ավելի քան 35 հազար մարդ: Սա է պատճառը, որ ԱՄՆ Կոնգրեսում` դեմոկրատների շրջանում աճում է մտահոգությունը` Իսրայելին տրամադրվող ռազմական օգնության հարցում:
«Վարչապետ [Բենիամին] Նեթանյահուն խոչընդոտում է մարդասիրական օգնության ցուցաբերմանը։ Պատանդների հարցի ուղղությամբ կենտրոնանալու փոխարեն, նա թույլ տվեց, որ իր զինվորականները ռմբակոծեն հիվանդանոցներ, շտապօգնության ավտոշարասյուններ, մարդկանց տները, թիրախավորեն լրագրողներին, օգնություն հատկացնող կազմակերպությունների աշխատակիցներին, այդ թվում՝ ամերիկացիներին: Սա բարոյական չափանիշների դեմ է` անկախ դրդապատճառից»,- ասում է դեմոկրատ կոնգրեսական Խոակին Կաստրոն։
«Ամերիկայի ձայնի» հետ զրույցում Վիրջինիայի համալսարանի ներկայացուցիչ, պատմաբան Բարբարա Փերին կարծիք հայտնեց, թե Միացյալ Նահանգները միշտ ստիպված է եղել հավասարակշիռ մոտեցում որդեգրել` մի կողմից աջակցելով Իսրայելին, մյուս կողմից` անելով հնարավորը, որպեսզի Վաշինգտոնը չլինի հրեական պետության գործողությունների իրական մեղավորը։
«Այնպես չէ, որ ԱՄՆ-ն երբեք որևէ ճնշում չի գործադրել` աջակցության դիմաց, որը ցուցաբերվել է Իսրայելին 1950-ական, 1960-ական, 1970-ական, 1980-ական թվականներին և այսօր: Նախագահներ [Դուայթ] Էյզենհաուերը, [Ջերալդ] Ֆորդը և [Ռոնալդ] Ռեյգանը, հանրապետականները ստիպված են եղել զգուշացնել Իսրայելին, որ Վաշինգտոնը չի աջակցում Իսրայելի գործողություններին Մերձավոր Արևելքում»,- ասում է Փերին:
Գազայի հյուսիսում Իսրայելի գործողությունների վերսկսման ֆոնին` ԱՄՆ Ներկայացուցիչների տան օրինագիծը սակավ հնարավորություն ունի հավանություն ստանալ Սենատում, ուր մեծամասնություն են դեմոկրատները:
«[Միացյալ Նահանգները] չպետք է մասնակցի Ռաֆահի գրոհին, որը կհանգեցնի հազարավոր անմեղ խաղաղ բնակիչների սպանությանը և կվատթարացնի մարդասիրական իրավիճակը Գազայում: Այն բարոյական և ռազմավարական աղետ կլինի է և՛ Միացյալ Նահանգների, և՛ Իսրայելի համար»,- ասում է դեմոկրատ սենատոր Քրիս Մերֆին:
Հինգշաբթի ԱՄՆ-ն հայտարարեց, որ ավարտին է հասցրել առափնյա ենթակառուցվածքների հիմնումը, որը թույլ կտա մարդասիրական օգնություն հասցնել պաղեստինցի խաղաղ բնակիչներին: