Մատչելի հղումներ

Պաղեստինամետ ցույցերը կարող են խառնել ամերիկյան ներքաղաքական հաշվարկները


Պաղեստինամետ ցույցեր
Պաղեստինամետ ցույցեր

Չնայած ԱՄՆ բուհերի մեծ մասում ապամոնտաժվել են Պաղեստինին աջակցող բողոքի ակցիաների մասնակիցների վրանային ճամբարները, սակայն մերձավորարևելյան հակամարտության առնչությամբ Վաշինգտոնի քաղաքականությունից դժգոհ մարդիկ չեն անհետացել։ Ակցիաները կարող են ազդեցություն ունենալ 2024 թ. ընտրություններում:

Շաբաթ օրը Վիրջինիայի համալսարանում թեժ էր․ ոստիկանությունը ձերբակալեց
պաղեստինամետ ավելի քան 20 բողոքավորների, իսկ նրանց ճամբարը ուժով ապամոնտաժվեց: Բայց նման արդյունքը, կարծես, չի հուսահատեցնում բողոքի ակցիաների մասնակից-ուսանողներին, որոնցից շատերն անդրադաևրձան խնդրին համալսարանն ավարտելու առնչությամբ ունեցած իրենց ելույթներում:

Անցած երեքշաբթի ոստիկանությունը ցուցարարներից ուժով ազատեղ Նյու Յորքի
Կոլումբիայի համալսարանի տարածքը։ Խնդրի մասին երեկ խոսելով ABC-ի եթերում՝ Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսը հավստիացրեց, որ իրավապահները կապահովեն բուհի ավարտական արարողության անվտանգությունը:

«Կանենք մեր աշխատանքը, և եթե հաստատությունը որոշի կազմակերպել ուսանողների ավարտական միջոցառում՝ հրավիրելով նաև ուսանողների ընտանիքների անդամներին, կհետևենք, որ այն անցնի խաղաղ»,- ասել է Ադամսը:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հինգշաբթի դիմել է բուհերում բողոքի ակցիաների մասնակիցներին, իսկ նրա նախընտրական թիմի ներկայացուցիչ Միթչ Լանդրիոն կիրակի CNN-ի եթերով խոսել է իրավիճակի մասին:

«Բոլորն իրավունք ունեն բողոքելու, բայց պետք է խաղաղ ակցիաներ լինեն։ Եթե դրանք բռնի են, դրանց պետք է վերջ տալ: Նման ակցիաներ չեն կարող լինել: [ԱՄՆ-ում] հակասեմականության, իսլամատյացության համար տեղ չկա»,- ասել է Լանդրիոն:

Այս ամենի ֆոնին ԱՄՆ նախագահի հանրապետականների փաստացի թեկնածու Դոնալդ Թրամփը վերստին՝ կիրակի, քննադատել է պաղեստինցիներին աջակցող ակցիաները ԱՄՆ-ում՝ իր Truth Social սոցհարթակում գրելով, թե Բայդենն է «այս բոլոր սարսափելի բողոքի ակցիաների հիմնական պատճառը»:

Քաղաքագետ Մայքլ Թրաուգոտի խոսքով, Թրամփը փորձում է օգտվել ստեղծված իրավիճակից։

«Նա ցանկանում է, որ ցուցարարները, այդ թվում՝ ուսանողները, ձերբակալվեն և հեռացվեն համալսարանից, բայց չի հասկանում կամ չի ուզում ընդունել, որ երկրի նախագահը անմիջական վերահսկողություն չունի այդ ամենի նկատմամբ»,- ասում է Թրաուգոտը:

Քաղաքագետը, սակայն, վստահ է՝ եթե բողոքի ակցիաները շարունակվեն, կարող են ազդեցություն ունենալ այս նոյեմբերին կայանալիք ընտրությունների արդյունքների վրա:

«Կարծում եմ, բողոքի ակցիաները, ցույցերն ընդհանուր, առմամբ ձեռնտու են Դոնալդ Թրամփին, քանզի դրանք հակասում են նրա կողմնակիցների մեծ մասի տեսակետներին, ուստի այդ մարդիկ կգնան ընտրությունների։ Մյուս կողմից, բողոքի այդ ակցիաների արդյունքում կարող է նվազել հիմնականում դեմոկրատներին աջակցող երիտասարդների մասնակցությունը ընտրություններին, որոնք կաջակցեին Ջո Բայդենն»,- հավելում է նա:

Ակնկալվում է, որ նախագահ Բայդենը կխոսի հակասեմականության դեմ պայքարի կարևորության մասին, երբ երեքշաբթի հանդես կգա Հոլոքոստի թանգարանում:

Իսկ Թրամփն այս շաբաթ ևս իր ժամանակի մեծ մասն անցկացնելու է դատարանի դահլիճում՝ Նյու Յորքում։ Մայիսի 11-ին նախատեսված է նրա նախընտրական հանրահավաքը Նյու Ջերսիում:

XS
SM
MD
LG