Այս շաբաթ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի քարոզարշավի ուշադրության կենտրոնում նոր տեխնոլոգիաների ոլորտում ներդրումներն էին, որոնց մասին Սպիտակ տան ղեկավարը խոսեց Վիսկոնսին նահանգում, ուր Microsoft-ը շուրջ 3․3 միլիարդ դոլար է ուղղել տվյալների մշակման նոր կենտրոնի ստեղծմանը, որը, Բայդենի խոսքով, «մասնավոր հատվածում առկա լավատեսության ևս մեկ օրինակ է»:
«Առ այսօր ապահովել ենք, որ մասնավոր ոլորտը 866 միլիարդ դոլար ներդրումներ կատարի ողջ երկրում։ Գրեթե մեկ տրիլիոն դոլար, և սա պատմական մեծություն է նման կարճ ժամանակահատվածում, և որը կստեղծի հարյուր հազարավոր աշխատատեղեր։ Կկառուցվեն կիսահաղորդիչների, էլեկտրական մեքենաների, մարտկոցների և այդ կարգի այլ նոր գործարաններ։ Բոլորն այստեղ՝ Ամերիկայում»,- ասում է ԱՄՆ նախագահը:
Microsoft-ի տվյալների նոր կենտրոնը հիմնվում է նույն վայրում, ուր վեց տարի առաջ՝ այն ժամանակվա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց էլեկտրասարքավորումներ արտադրող Foxconn-ի կողմից 10 միլիարդ դոլար ներդրմամբ գործարան կառուցելու մասին, որի արդյունքում նահանգում պետք է ստեղծվեր մոտ 13 հազար նոր աշխատատեղ: Գործարանը չկառուցվեց, և Բայդենի ներկայացմամբ՝ այն Թրամփի սին խոստումներից էր։
Your browser doesn’t support HTML5
«Նա եկավ այստեղ՝ ձեր սենատոր Ռոն Ջոնսոնի հետ, ձեռքին ոսկե բահ և խոստացավ կառուցել աշխարհի ութերորդ հրաշալիքը: Ձե՞ռ ես առնում․․․։ Տեսեք՝ ինչ պատահեց։ Այդ ոսկե բահերով մի փոս փորեցին, հետո ընկան մեջը»,- ասում է նախագահ Բայդենը։
Իր հերթին՝ Թրամփը քննադատել է Բայդենի տնտեսական քաղաքականությունը, թե վերջինս չի կարողանում լուծել երկրի տնտեսության առջև կանգնած խնդիրները, և ապացույցը բարձր գնաճն է։
«Տնտեսությունում գործերը լավ չեն։ Գնաճն այնքան բարձր է, որ հասել է տանիքներին: Նրանք չեն կարողանա նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքները: Քաղաքական հարց է, եթե գնան դրան՝ շատ վատ կլինի»,- ասում է Դոնալդ Թրամփը:
Թրամփի քարոզարշավի քննադատության թիրախում են հայտնվել Բայդենի վարչակազմի կողմից իրականացվող ենթակառուցվածքային ծախսերը, այդ թվում՝ մաքուր էներգիայի և նոր տեխնոլոգիաների ոլորտում:
«Պաշտոնը ստանձնելուց հետո անհապաղ կկասեցնեմ բոլոր նոր դրամաշնորհներն ու բոնուսները, որոնք արվում են՝ Ջո Բայդենի սոցիալիստական հսկայածավալ օրինագծերի համաձայն, ինչպես, օրինակ, «Գնաճի նվազեցմանն ուղղված օրենքն» է: Խնայելու ենք այդ ողջ գումարը»,- ասում է Թրամփը:
Այնինչ, Բայդենի խոսքով, ենթակառուցվածքներին ուղղված գումարները օգնում են ԱՄՆ-ի տնտեսությանը։
«Ճանապարհներ, մայրուղիներ և շատ ավելի այլ բաներ կստեղծվեն ամերիկյան արտադրության շնորհիվ, ամերիկացի աշխատողների ձեռքով՝ ստեղծելով լավ վարձատրվող ամերիկյան աշխատատեղեր»,- ասում է Բայդենը:
Թրամփի խոսքով, աշխատատեղեր ստեղծելու իր ծրագիրը նախատեսում է նավթահորերի հորատման սահմանափակումների վերացում և ամերիկյան աշխատաշուկան ապօրինի ներգաղթյալներից պաշտպանելը:
«Ո՞րն է աշխատատեղեր ստեղծելու իմ ծրագիրը․․․։ Հորատել և հորատել, փակել սահմանը, ազատվել բոլոր հանցագործներից, որոնց թույլ են տալիս մտնել մեր երկիր»,- ասում է Թրամփը:
Harvard CAPS / Harris Poll-ի կողմից այս ապրիլին անցկացված սոցհարցման համաձայն, ԱՄՆ ընտրողների համար գնաճը ամենից լուրջ խնդիրն է, և միայն յուրաքանչյուր երրորդն է ասել, որ տնտեսությունը ճիշտ ուղու վրա է: