ԱՄՆ-ն դադարեցրել է սպառազինության առաքումը Իսրայել՝ Ռաֆահում ցամաքային գործողության պատճառով

ԱՄՆ Կոնգրես

Գազայի հատվածի հարավում գտնվող քաղաքում կենտրոնացած է մոտ 1․3 միլիոն բնակիչ, որոնց կյանքը կարող է հայտնվել վտանգի ներքո՝ իսրայելական բանակի ցամաքային գործողության հետևանքով։

Միացյալ Նահանգները դադարեցրել է սպառազինության մատակարարումը Իսրայել՝ Ռաֆահում իսրայելական բանակի ցամաքային գործողությունների մեկնարկի պատճառով։ Վաշինգտոնում մտահոգ են, որ Գազայի հարավում գտնվող քաղաքում մարտական գործողությունների ծավալումը կարող է լուրջ վտանգ ստեղծել Ռաֆահում գտնվող մոտ 1.3 միլիոն պաղեստինցիների համար։

Գազայում զոհերի թվի շարունակվող աճի պայմաններում՝ այս ապրիլի սկզբին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը զգուշացրեց Իսրայելին, որ ամերիկյան ռազմական աջակցությունը հրեական պետությանը կարող է դադարեցվել, եթե Իսրայելը ջանքեր չգործադրի Գազայի հատվածում խաղաղ բնակիչների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ։

Երբ այս շաբաթ իսրայելական բանակը, այնուամենայնիվ, սկսեց իր ցամաքային գործողությունը Ռաֆահում, ուր ներկայում բնակվում են մոտ 1.3 միլիոն պաղեստինցիներ, Վաշինգտոնը սպառնալիքը չորեքշաբթի կյանքի կոչեց:

Your browser doesn’t support HTML5

ԱՄՆ-ն դադարեցրել է սպառազինության առաքումը Իսրայել՝ Ռաֆահում ցամաքային գործողության պատճառով

«Ներկայում, վերանայում ենք անվտանգության գծով կարճաժամկետ օգնության որոշ առաքումներ՝ Ռաֆահում ծավալվող իրադարձությունների համատեքստում»,- ասում է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը:

Անցած տարվա հոկտեմբերի 7-ից ի վեր, երբ «Համասի» զինյալները գրոհեցին հրեական պետությունը, առաջին անգամն է, որ ԱՄՆ-ն փորձում է ներազդել Իսրայելի կառավարության վրա՝ դադարեցնելով սպառազինության մատակարարումը։

Իրավապաշտպան կազմակերպությունները տևական ժամանակ է, ինչ պահանջում էին նախագահ Բայդենի վարչակազմից կասեցնել զենքի մատակարումները Իսրայել՝ հրեական պետությանը մեղադրելով միջազգային իրավունքը խախտելու մեջ։

Որոշումը ողջունվել է ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության առաջադեմ համարվող հատվածի կողմից, բայց արժանացել է հանրապետական օրենսդիրների քննադատությանը։

«Ուզու՞մ եք միկրոմենեջմենթի ենթարկել պատերազմը: Պերլ Հարբորից հետո ճապոնացիների վրա երկու ատոմային ռումբ գցեցինք։ Ամերիկայում ինչ-որ մեկը անհանգստացա՞վ»,- ասում է հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը:

Նախագահ Բայդենի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան, ով չի ցանկացել հրապարկել իր անունը, փոխանցել է, որ Վաշինգտոնն առաջին անգամ քննարկել է Իսրայել զենքի մատակարարումները դադարեցնելու հարցը այս ապրիլին, երբ Թել Ավիվը մոտենում էր Ռաֆահում ցամաքային գործողություններ սկսելու որոշմանը։ Արդյունքում, Վաշինգտոնը նման որոշում կայացրեց, քանզի իսրայելական կողմը չկարողացավ փարատել Միացյալ Նահանգների մտահոգությունները։

Կասեցվել է յուրաքանչյուրը մոտ մեկ տոննա կշռող 1 800 հատ և յուրաքանչյուրը մոտ քառորդ տոննա կշռող 1 700 հատ ռումբերի առաքումը Իսրայել: Վերանայման փուլում են Joint Direct Attack Munition-ները (JDAM), որոնք, այսպես կոչված, համր ռումբերը վերածում են ճշգրիտ կառավարվողի:

Ընդամենը մեկ օր առաջ էր, երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ընդգծեց իր աջակցությունն Իսրայելին։

«Իմ հանձնառությունը հրեա ժողովրդի անվտանգությանը, Իսրայելի անվտանգությանը և հրեական անկախ պետության գոյության իրավունքին երկաթյա է: Նույնիսկ երբ համակարծիք չենք»,- հայտարարել էր ԱՄՆ նախագահը։

Այստեղ նշենք, որ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը վերջերս հավանություն է տվել Իսրայելին 827 միլիոն դոլարի սպառազինության մատակարարմանը: Սպիտակ տունը չհասցրեց այս չորեքշաբթի հատուկ զեկույց ներկայացնել ԱՄՆ Կոնգրես, թե արդյոք Իսրայելը խախտում է միջազգային իրավունքը՝ Գազայում ամերիկյան զենք կիրառելով։

«Շարունակում ենք աշխատել՝ զեկույցը վերջնական տեսքի բերելու ուղղությամբ։ Ակնկալում ենք այն ներկայացնել մոտ ապագայում»,- ասում է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։

Ինչևէ, անգամ Ռաֆահում ցամաքային գործողությունների ֆոնին՝ հրադադարի և պատանդների ազատ արձակման շուրջ բանակցությունները շարունակում են: