Բռնազավթված Ղրիմում տեղի պաշտոնյաները արարողություն էին կազմակերպել՝ ի հիշատակ մի ռուս զինվորի։ Նման արարողություններն ու տեղական լրատվամիջոցներում մահախոսականներն են Ռուսաստանից դուրս գործող ռուսական Mediazona լրատվամիջոցի աղբյուրները, որոնց հիման վրա էլ այն կազմում է Ուկրաինայում զոհված ռուսաստանցի զինծառայողների թիվը։
Ընդհանուր թիվը մոտ 50 հազար է․ բոլորը զոհվել են պատերազմում՝ նախորդ ավելի քան երկու տարիներին:
Mediazona-ի կողմից իրականացվող աշխատանքի նպատակն է լույս սփռել Պուտինի նվաճողական պատերազմի համար զոհված ռուսաստանցիների թվի վրա, որը Կրեմլում փորձում են ամեն կերպ թաքցնել հանրությունից։
Your browser doesn’t support HTML5
«Պետության համար դժվար է թաքցնել բաց աղբյուրները: Օրինակ, չես կարող թաքցնել գերեզմանոցները։ Նոր գերեզմանոցների արբանյակային պատկերները բավականին օբյեկտիվ աղբյուր են»,- ասում է բաց աղբյուրների ուսումնասիրության գծով մասնագետ Առնո Ռոյզերը։
Անգամ նման թվերի պարագայում՝ որոշ դիտորդներ վստահ են, որ այն ավելի փոքր է, քան ռուսական բանակի իրական կորուստներն Ուկրաինայում:
Հայտնի է, որ ռուսաստանյան հանրությունն այլևս չի օգտագործում սոցցանցերը՝ քաղաքական կամ ռազմական հարցերի մասին քննարկումներ ծավալելու համար, ինչպես նախկինում՝ ասում է Թաֆթս համալսարանի իրավունքի և դիվանագիտության Ֆլեթչերի դպրոցի գիտաշխատող Պավել Լուզինը. «Տասը տարի առաջ մարդիկ ավելի բաց էին։ Շատ քիչ մարդիկ կային, ովքեր փակ էին պահում իրենց էջերը: Կարելի էր գործնականում բացել ցանկացածի էջ և տեսնել, թե ինչ է մտածում»։
Կասկածի տակ է նաև ուկրաինական կողմի ներկայացրած թիվն իր զոհերի մասին։ Նախագահ Վոլոդիմիր Զելենսկին այս փետրվարին հայտարարել էր, որ 31 հազար ուկրաինացի զինվոր է զոհվել ռուսական լայնամասշտաբ ներխուժումից ի վեր:
Շատերն են ռազմի դաշտում Մոսկվայի կիրառած մարտավարությունը որակում «մսաղաց», և չնայած ռուսական կողմի ահռելի զոհերին, դիտորդների մեծ մասը որևէ նշան չի տեսնում, թե Կրեմը մտադիր է փոխել պատերազմելու իր ռազմավարությունը։
«Ռուսաստանի հարձակման մարտավարությունը հետևյալն է՝ եթե ավելի շատ զոհ ունեն առաջնագծում, քան Ուկրաինան փամփուշտ, ուրեմն Մոսկվան հաղթում է»,- ասում է վերլուծաբան Քեյր Ջայլսը։
Դիտորդները պնդում են՝ Կրեմլը մտադիր չէ ռուսաստանյան հանրությանը տեղեկացնել ռազմի դաշտում իր իրական կորուստների մասին։