Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանում նախօրեին իրավիճակը, թերևս, հասել էր լարվածության գագաթնակետին, երբ պաղեստինցիներին աջակցող ուսանողները գրավել էին բուհի մասնաշենքերից մեկը՝ Համիլթոն Հոլը։ Ի պատասխան, համալսարանական տարածք մուտք գործած նյու յորքյան ոստիկանները ձերբակալել են մոտ 300 բողոքավորի։
Երեքշաբթի՝ մամուլի ասուլիսում ԱՄՆ Ներկայացուցիչների տան հանրապետականները կոչ արեցին Կոլումբիայի համալսարանի նախագահ Մինուշ Շաֆիկին անհապաղ հրաժարական տալ՝ պնդելով, թե բուհում իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից:
«Նրանք չեն կարողանում կառավարել բուհը մի ժամանակ, երբ ուսանողները պատրաստվում են ավարտական քննությունների։ Անարդար է: Ճիշտ չէ: Անվտանգ չէ, և [նման իրավիճակը] պետք է դադարեցվի: Ուստի, կոչ ենք անում, որ ոստիկանությունը գործի: Եթե նրանք չեն կարողանում, ուրեմն մեզ պետք է դիմել Ազգային գվարդիային»,- ասում է ԱՄՆ Ներկայացուցիչների տան հանրապետական խոսնակ Մայք Ջոնսոնը:
Your browser doesn’t support HTML5
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի խոսնակ Մարթա Հուրտադոն մտահոգություն է հայտնել, թե ինչպես են վարվում ուսանող-բողոքավորների հետ:
«Անհանգստացած ենք այն քայլերով, որ ձեռնարկվել են ԱՄՆ համալսարաններում բողոքի ցույցերը ցրելու համար: Խոսքի ազատությունը և խաղաղ հավաքների իրավունքը հիմնարար նշանակություն ունեն հասարակության համար, հատկապես, երբ առկա են սուր տարաձայնություններ հիմնական հարցերի շուրջ, ինչպիսիք են բռնազավթված Պաղեստինի տարածքին ու Իսրայելին վերաբերողները»,- ասում է ՄԱԿ-ի պաշտոնյան:
Ներկայացվածի ֆոնին՝ այս շաբաթ խմբակային դատական հայց է ներկայացվել Կոլումբիայի համալսարանի դեմ, ըստ որի բուհը չի կարողացել ապահով ուսումնական միջավայր երաշխավորել հրեա ուսանողների համար: Ոմանք պնդում են, թե պաղեստինամետ ցուցարարները սպառնացել և ֆիզիկական բռնության են ենթարկել իրենց:
«Նրանց նկատմամբ ֆիզիկական բռնություն է գործադրվել: Նրանց հասցեին հնչել է ատելության խոսք: Նրանք բռնի ուժով հեռացվել են համալսարանի տարածքներից։ Հայցադիմումի հետ մեկտեղ նաև միջնորդություն ենք ներկայացրել, որը պահանջում է շտապ միջոցներ ձեռնարել՝ սաների համար անվտանգ միջավայր ապահովելու, որպեսզի ավարտեն իրենց ուսումնական տարին»,- ասում է Edelson PC իրավաբանական ընկերության ներկայացուցիչ Րաֆֆի Բալաբանյանը:
Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի հրեա ուսանող Էլի Ցիվեսը տեսանյութ է հրապարակել, ուր պատկերված է, թե դիմակավորված պաղեստինամետ ցուցարարները ինչպես են իրեն արգելում մուտք գործել համալսարան:
«Կալիֆոռնիայի համալսարանի ուսանող եմ: Արժանի եմ այնտեղ գնալու։ Մենք վճարում ենք ուսման վարձ։ Սա մեր դպրոցն է, և ինձ չեն թույլատրում ներս մտնել: Իմ դասարանն այնտեղ է»,- ասում է Ցիվեսը:
Առաջին կուրսի ուսանող Ցիվեսի խոսքով, ինքը շոկի մեջ էր, երբ ցուցարարները պարզել էին, որ ինքն ազգությամբ հրեա է ու այդ պատճառով արգելել էին իրեն մուտք գործել հարազատ բուհ։
«Խաղաղ բողոքի ակցիան չի ենթադրում հրեաների ցեղասպանության կոչ անել: Խաղաղ բողոքի ակցիան չի ներառում համալսարանի որոշակի հատվածի ամբողջական արգելափակում հրեա ուսանողներից: Չեմ ցանկանում ասել, որ ինձ ապահով չեմ զգում, որովհետև չեմ ուզում, որ նրանք մտածեն, թե վախենում եմ իրենցից կամ նման մի բան։ Բայց կասեմ, որ մարդիկ սկսել են ճանաչել ինձ, և ագրեսիվ հայացքներ եմ նկատում, երբ անցնում եմ նրանց կողքով: Լսում եմ, թե ինչպես են խոսում իմ մասին: Ստիպված կծու պղպեղ պարունակող փոքրիկ բալոն եմ վերցնում հետս»,- ասում է Էլի Ցիվեսը։
Ուսումնական տարվա ավարտին մոտենալուն զուգահեռ բուհի որոշ դասախոսներ չեն թաքցնում իրենց մտահոգությունը, թե բողոքի ակցիաների ֆոնին՝ կրթությունը հետին պլան է մղվել:
«Ուսանողները իսկապես պետք է որոշեն՝ արդյո՞ք ցանկանում են ուսանող լինել: Քանի դեռ նրանք կոտրում են պատուհանները, խանգարում են այլ մարդկանց՝ կատարել իրենց աշխատանքը, ցուցաբերում են ուսանողին ոչ վայել պահվածք»,- ասում է Կոլումբիայի համալսարանի ներկայացուցիչ Իոնիս Քայմիսիսը:
Այս ամսվա սկզբից, ինչ ԱՄՆ բուհերում բռնկվեցին պաղեստինցիներին աջակցող բողոքի ակցիաներ, ձերբակալվածների թիվը մոտեցել է հազարին: