Սենատը հավանություն է տվել Ռուսաստանից ուրանի ներկրման արգելքին

ԱՄՆ Կապիտոլիումը Վաշինգտոնում, 2024 թվականի ապրիլի 23-ին:

Ամերիկացի օրենսդիրների համոզմամբ, Միացյալ Նահանգները կարող է մեծացնել միջուկային վառելիքի սեփական արտադրությունը:

ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է օրինագիծ, որն արգելում է ռուսական ուրանի ներմուծումն ԱՄՆ։

Օրինագիծը երեքշաբթի հրապարակվել է Սենատի էներգետիկ և բնական պաշարների հանձնաժողով կողմից:

«Տարիներ շարունակ պայքարել եմ ռուսական միջուկային վառելիքից Ամերիկայի կախվածությանը վերջ տալու համար: Մեր ջանքերը վերջապես արդյունք տվեցին՝ օրենսդրության ընդունմամբ, որը մեկընդմիշտ արգելելու է այդ ներմուծումը»,- ասել է Վայոմինգ նահանգից ընտրված հանրապետական սենատոր Ջոն Բարասոն:

«Վայոմինգն ունի ուրան, որը կարող է փոխարինել ռուսականը, և պատրաստ ենք օգտագործել այն։ Երկու կուսակցությունների հավանությունը ստացած մեր օրինագիծը կօգնի վերականգնել ամերիկյան ուրանի արտադրությունը և խթանել ներդրումները միջուկային վառելիքի մատակարարման ամերիկյան շղթայում»,- հավելել է նա:

Բարասոն օրինագծի ընդունումն անվանել է «հսկայական հաղթանակ» և շնորհակալություն հայտնել երկու կուսակցությունների անդամներին:

Դեմոկրատ սենատոր Ջո Մանչինի խոսքով, «ԱՄՆ-ն՝ որպես համաշխարհային գերտերության, [ռուսական ուրան ներկրելով՝ փաստացի] օգնել է Վլադիմիր Պուտինին ֆինանսավորել իր անօրինական պատերազմն Ուկրաինայի դեմ»:

Ըստ Մանչինի, օրինագիծը նախատեսում է 2․7 միլիարդ դոլար՝ խթանելու ուրանի վառելիքի ներքին արտադրությունը:

«Ռուսական ուրանի ներմուծման դադարեցումը՝ Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական ջանքերը խափանելու միջոցներից մեկն է, որը միաժամանակ խթանելու է ներդրումներն ԱՄՆ միջուկային տեխնոլոգիաների մատակարարման շղթաներում», - ասել է դեմոկրատ սենատոր Քրիս Քունսը:

ԱՄՆ Ներկայացուցիչների տունը 2023 թվականի դեկտեմբերին հավանություն էր տվել օրինագծին։