Այս տարվա ԱՄՆ նախագահական ընտրություններում մասնակցող ասիական ծագմամբ ամերիկացի ընտրողների թիվը երկու միլիոնով ավելի է, քան չորս տարի առաջ էր՝ նախորդ ընտրությունների ժամանակ՝ ասված է Pew Research-ի հրապարկման մեջ:
Նման աճը նրանց դարձնում է կարևոր ուժ ամերիկյան ներքաղաքական պայքարում, որը կարող է վճռորոշ լինել Բայդենի և Թրամփի միջև ընթացող պայքարում, հատկապես՝ Արիզոնա, Ջորջիա և Նևադա նահագներում՝ ասում է «Ասիական-Խաղաղօվկիանոսյան կղզիների ամերիկյան ձայն» կազմակերպության ներկայացուցիչ Քրիստին Չենը:
«Երբ ամերիկացիների ձայների կարիք կա, հատկապես, երբ մրցակիցների միջև տարբերությունը փոքր է, նրանք ուշադրություն են դարձնում ասիական ծագմամբ ամերիկացիներին: 2020 թվականին մեր՝ [ասիական ծագմամբ ամերիկացի] ընտրողների ավելի քան 21%-ը առաջին անգամ էին ընտրում։ Մենք շատ մոտիվացված ենք»,- ասում է Չենը:
Your browser doesn’t support HTML5
Իսկ ի՞նչ են ակնկալում ասիական ծագմամբ ամերիկացի ընտրողները․ «Ամերիկայի ձայնը» փորձեց հենց նրանցից ստանալ պատասխանը:
«Ակնկալում եմ, որ [ԱՄՆ] նախագահը էներգիայով լի մարդ լինի, լավ մտքեր ունենա, ճիշտ որոշումներ կայացնի։ Ոչ միայն ինքը, այլև՝ իրեն շրջապատող պաշտոնյաները»,- ասում է ասիական ծագմամբ ամերիկացի Սամնանգ Խոյեմը:
«Տարիքը կապ չունի, քանի դեռ նրանք կարող են անել իրենց աշխատանքը: Նրանք կարող են օգնել քաղաքացիներին ավելի լավ ապրել, լավ աշխատանք, բիզնեսի լավ հնարավորություն ունենալ, փորձել պաշտպանել մեզ պատերազմից: Սա է գլխավորը բոլորի համար, կարծում եմ»,- նշում է Հանգկաննա դե Սալվոն։
«Կցանկանայի իշխանության ղեկին տեսնել ավելի շատ երիտասարդների, քանզի նրանք ավելի շատ ժամանակ, ուժ ունեն: Այնպես չէ, որ տարիքով [մարդիկ] զուրկ են դրանից, բայց նոր սերնդի ժամանակն է»,- ասում է ասիական ծագմամբ ամերիկացի Սոֆիա Օումրեթը:
«Այսօր, ում անունն առկա է նախագահական քվեաթերթիկում, բոլորը պետք է լինեն նոր սերնդի ներկայացուցիչներ։ Այդպես եմ մտածում»,- ասում է ԱՄՆ քաղաքացի Նատալի Վուն:
Անցած տարեվերջին Associated Press-ի անցկացրած սոցհարցման համաձայն, ասիական ծագմամբ ամերիկացիներին, ԱՄՆ խաղաղօվկիանոսյան կղզիների և Հավայան կղզիների բնկիներին ամենից շատ մտահոգում են տնտեսական և արտաքին քաղաքական հարցերը: 10-ից մոտ 3-ի ներկայացմամբ, իրենց համար առաջնահերթ են գնաճին ու ներգաղթին վերաբերող հարցերը:
«Կարծում եմ, շատ կարևոր է ներգաղթի թեման, քանզի տեսել եմ, որ ԱՄՆ բազմաթիվ ասիական համայնքներից շատերին արտաքսել են Կամբոջա։ Ուստի, կցանկանայի ավելին իմանալ ներգաղթի մասին, թե ինչպես կարող ենք օգնել ներգաղթյալներին»,- նշում է ասիական ծագմամբ ամերիկացի Սիչան Սաութիմաթը:
«Առողջապահական խնդիրները, ներգաղթը ինձ համար շատ կարևոր են։ Ինչպես նաև ընտրելու իրավունքը և վստահ լինելը, որ ընտրություններում ամեն ինչ օրինական է»,- ընդգծում է Խավիեր Էանգ Լին:
«Ինձ համար կարևոր երեք հարցերը վերաբերում են ներգաղթին, տնտեսությանը և պատերազմներին՝ Ուկրաինայում ու Իսրայելում: Կարծում եմ, Մերձավոր Արևելքում հակամարտության սրման հավանականությունը մեծ է»,- կարծիք է հայտնում է Սոբեն Փինը:
Արդեն երկու տարի առաջ Փենսիլվանիա նահանգում անցկացված, այսպես կոչված, միջանկյալ ընտրություններում ասիական ծագմամբ ամերիկացիները ցույց տվեցին իրենց կարևոր գործոն լինելը: Այսօր նրանց շուրջ պայքարը միայն թեժանալու է, հատկապես՝ չկողմնորոշված նահանգներում, որոնք կարող են ազդել այս նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրությունների արդյունքների վրա: