Եվրոպական աջակողմյան քաղաքական գործիչները, գիտական շրջանակների ներկայացուցիչներն ու պրոպագանդիստներն այս շաբաթ հավաքվել էին Բրյուսելում՝ Ազգային պահպանողականության համաժողովին, որի կազմակերպիչների հռչակած նպատակն է նպաստել «Եվրոպայում ազգային պետության պահպանմանը»: Համաժողովը կասեցնելու Բրյուսելի քաղաքապետի որոշումը առաջ բերեց մեղադրանքներ, թե Եվրոպայի կենտրոնում սահմանափակվում է խոսքի ազատությունը։
Այս շաբաթ Բրյուսելում՝ Ազգային պահպանողականության համաժողովին հավաքվել էին եվրոպական աջակողմյան ուժերի առաջատար դեմքերը, այդ թվում՝ բրեքզիթի կնքահայր Նայջել Ֆարաջը և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։
Օրակարգում էին Եվրամիության առջև ծառացած խնդիրներն ու ապօրինի ներգաղթի հարցը:
«Եթե ինչ-որ մեկը ցանկանում է փորձ անել ու քրիստոնյաներից բաղկացած համայնքում նաև մահմեդականներից կազմված խառը հասարակություն ստեղծել, կարող է անել։ Ձեր ճակատագիրն է: Բայց մի ստիպեք մեզ ձեռնարկել նույնը»,- հայտարարել է Օրբանը:
Your browser doesn’t support HTML5
Հունգարիայի վարչապետը քննադատել է Արևմուտքի աջակցությունն Ուկրաինային․ «Առանց Եվրամիությունից և ԱՄՆ-ից միջոցներ ու զենք ստանալու, Ուկրաինան՝ որպես պետություն կդադարի գոյություն ունենալ։ Այնպես որ, այն արդեն ինքնիշխան երկիր չէ»։
Օրբանը դարձել է եվրոպական աջերի ազդեցիկ դեմքերից մեկը՝ ասում է Լոնդոնի Քինգս քոլեջի քաղաքական վերլուծաբան Գեորգիոս Սամարասը․ «Որովհետև հաջողակ է՝ սեփական երկրում ավտորիտար ռեժիմ հաստատելու գործում: Կարծում եմ, որ [ողջ Եվրոպայում] ծայրահեղ աջերն այժմ փորձում են անել նույնը»:
Համաժողովը ներկայացվեց որպես գաղափարակից պահպանողականների հանդիպում՝ այս հունիսին նշանակված Եվրախորհրդարանի ընտրություններին ընդառաջ:
«Սա համախմբման փորձ է»,- ասում է Սամարասը:
Հանդիպումը, սակայն, մոտ էր տապալման: Բրյուսելի ոստիկանությունը երեքշաբթի արգելափակել էր միջոցառման վայրի մուտքը, երբ Բելգիայի մայրաքաղաքի քաղաքապետը կարգադրել էր կասեցնել համաժողովը՝ պատճառաբանելով, թե անվտանգության ապահովման առումով մտահոգություններ կան:
Սակայն շտապ կարգով հրավիրված դատական նիստը չեղարկել է քաղաքապետի որոշումը: Համաժողովի մասնակիցների խոսքով, Բրյուսելի քաղաքապետի գործողությունները ձախակողմյան ուժերի «մերժող մշակույթի» վառ օրինակ են:
«Տեսնում ենք, որ մարդկանց օրինական գաղափարները, ովքեր պատրաստվում են հաղթել համաեվրոպական ընտրություններում, այլևս անընդունելի են այստեղ՝ Բրյուսելում, գլոբալիզմի հայրենիքում։ Եթե համաձայն չես [Եվրոպական] միության խորացմանը, ուրեմն վատ մարդ ես»,- ասում է Նայջել Ֆարաջը:
Ըստ սոցհարցումների, Եվրամիությունում աջ կենտրոնամետ և ծայրահեղ աջ կուսակցությունները կարող են ավելացնել իրենց մանդատները եվրոպական ընտրությունների արդյունքում:
Վերջին հետազոտությունների համաձայն, Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման հետևանքով եվրոպացի ընտրողների համար պաշտպանությանն ու անվտանգությանը վերաբերող հարցերը դարձել են առաջնային: