Այն բանից հետո, երբ այս մարտին ռուսական օկուպացիոն ուժերը ռմբակոծության ենթարկեցին Դնեպրի հիդրոէլեկտրակայանը, մի քանի հատուկ հանձնաժողովներ շտապեցին տեղում գնահատել կառույցին և շրջակա միջավայրին հասցված վնասը։
«Նախ էլեկտրաքներգիա արտադրող մասը ամբողջությամբ ոչնչացվել է, և պատկերացում չունենք, թե որքան ժամանակ կպահանջվի վերականգնման համար: Մասնագետները վերլուծում են, թե որքան մեծ է վնասը, բայց դրա համար կպահանջվեն ամիսներ և միլիոնավոր դոլարներ»,- ասում է Զապորոժիեի շրջանի ռազմական վարչակազմի ներկայացուցիչ Իվան Ֆեոդորովը:
Էլեկտրակայանն ավելի քան 70 տարեկան է։ Ռուսական հրթիռակոծության հետևանով փակվել է էլեկտրաէներգիա արտադրող տուրբինների սրահը, մեծապես վնասվել են Զապորոժիեի՝ մոտ 800 մետր երկարություն ու 61 մետր բարձրություն ունեցող ամբարտակն ու կից անցնող ճանապարհը:
«Մայրուղու կեսն ավերվել է, և մասնագետներն արդեն աշխատում են վերականգնման ծրագրի վրա: Սակայն դյուրին գործ չի լինելու: Հնարավոր է, անհրաժեշտ լինի ամբողջությամբ փակել կայանը՝ այն վերականգնելու համար»,- հավելում է Ֆեոդորովը:
Your browser doesn’t support HTML5
Հրթիռակոծությունից տուժել են նաև բազմաթիվ քաղաքացիական անձինք։ Օրինակ, Դարյան, ով չցանկացավ նշել իր ազգանունը: Հրթիռներից մեկը պայթել է կայանից ոչ հեռու գտնվող բազմաբնակարան շենքի մոտ։
«Սկզբում կրակահերթի պես բան էր։ Ամեն ինչ այնքան արագ եղավ: Լոգարանում էի, հետո դուրս եկա և տեսա պայթյունը: Դուրս վազեցի՝ գիշերազգեստով ու հողաթափերով։ Սարսափելի էր»,- ասում է նա:
Տեղացիներն անհանգստանում են, որ ամբարտակը կարող է փլուզվել, թեև փորձագետների գնահատմամբ՝ քիչ հավանական է: Ավելի շատ է մտահոգում այն, որ կարող է խնդիր առաջանալ խմելու ջրի հետ կապված։
«Պատվարին հասցված զգալի վնասը և ամբարտակից այն կողմ ջրի մակարդակի 3 մետրից ավելի անկումը մոտակա բնակավայրերում կարող է խնդիրներ ստեղծել խմելու ջրի մատակարարման հետ կապված»,- ասում է Ուկրաինայի գիտության և տեխնոլոգիաների պետական համալսարանի ներկայացուցիչ Մաքսիմ Սորոկան:
Նման խոշոր հիդրոէլկտրակայանի փակվելը նշանակում է, որ էլեկտրաէներգիա արտադրող մյուս կայանները պետք է ավելի շատ աշխատեն՝ Ուկրաինայում հոսանքի պակասուրդ թույլ չտալու համար: