Վիսկոնսինի բնակիչ Թերեզա Լաբսը մտահոգ է ԱՄՆ տնտեսության վիճակով և թե ինչպես է իր ընտանիքը հոգալու աճող ծախսերը։
«Մեր նման աշխատող ընտանիքը շաբաթական ծախսում է 100-150 դոլար՝ միայն մթերք գնելու համար։ Բենզինի գները բարձրանում են, և չեմ հասկանում, թե ինչու»։
Լաբսը քվեարկելու է Ջո Բայդենի օգտին՝ հույս ունենալով, որ նա «կշարունակի ավելի ջանասիրաբար աշխատել առաջիկա չորս տարիներին»՝ պարզ մարդկանց կյանքը թեթևացնելու համար։
Ամերիկացիների շրջանում տնտեսությանն առնչվող մտահոգությունները ուժեղացնում են Դոնալդ Թրամփի դիրքերը։ Ջորջիա նահանգի բնակիչ Ֆեյ Բոուլինգի կարծիքով՝ տնտեսության ներկայիս վիճակը վատթարագույնն է իր կյանքի ընթացքում։
Your browser doesn’t support HTML5
«73 տարեկան եմ և վստահեցնում եմ, որ մեր տնտեսությունը այսքան վատ վիճակում երբեք չի եղել։ Լիովին աջակցում եմ Դոնալդ Թրամփին, և ցանկանում եմ, որ նոյեմբերին հանրապետականները մեծամասնություն կազմեն Ներկայացուցիչների տանը, Սենատում, և շենացնեն մեր երկիրը»։
Ամերիկացի ընտրողների ներկայացմամբ, տնտեսությանն առնչվող հարցերն իրենց մտահոգող հիմնական խնդիրներից են։ Անցած ամիս Հարվարդի CAPS / Harris հարցման համաձայն, մեծամասնությունը նշել է, թե գնաճը ամենամեծ խնդիրն է, որն ազդում է անձամբ իրենց վրա։
Փոխարենը՝ ԱՄՆ աշխատանքի նախարարությունը հաղորդել է, որ այս տարվա առաջին եռամսյակում զբաղվածության աճը սպասվածից ավելի բարձր է եղել։ Մասնավորապես, ամենից շատ աշխատատեղեր սգտեղծվել են առողջապահության բնագավառում, պետական հատվածում և շինարարության ոլորտում։ Գործազրկությունը 4%-ից ցածր է, իսկ աշխատավարձերը շարունակում են աճել։
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ տնտեսությունը «վերածվում է ավերակներից կազմված աղբահորի», իսկ Ֆլորիդայում դրամահավաքի միջոցառմանը հավաստիացրել է, թե ինքն է այն մարդը, որը կարող է շտկել իրավիճակը։
«Մարդիկ փոփոխություն են ուզում։ Հարուստները, աղքատները այդ են ուզում։ Բոլորը փոփոխություն են ուզում։ Երկիրը, իսկապես, վատ վիճակում է։ Մենք ծաղրի առարկա ենք դարձել ողջ աշխարհի առջև։ Մեր թիմը շատ արագ կիրականացնի այդ փոփոխությունը»,- ասել է Թրամփը։
Նևադայում՝ հանրահավաքի ժամանակ Բայդենը խոստացել է լրացուցիչ ջանք գործադրել տնտեսությունում աճ ապահովելու համար, որը, ըստ Սպիտակ տան ղեկավարի, մեծապես տուժել է կորոնավիրուսից և հարուստ ամերիկացիների համար հարկերը կրճատելու Թրամփի քաղաքականությունից։
«Իրավիճակը փոխվում է։ Գործազրկությունը կտրուկ նվազել է։ Այսօր Նևադայի ավելի շատ բնակիչներ են աշխատում, քան երբևէ՝ նահանգի պատմության ընթացքում։ Ամերիկայի հազարավոր քաղաքներ նույնպես զգում են տնտեսության վերականգնմանն ուղղված մեր ջանքերի ազդեցությունը»։
Բայդենի խոսքով, տնտեսության համար որոշակիորեն բարենպաստ կլինի նաև ուսանողական վարկերը մարելու իր ծրագրի իրագործումը։
«Երբեք չեմ դադարի օգնել՝ թեթևացնելու աշխատասեր ամերիկացիների բեռը ուսանողական պարտքերից։ Այդ անում ենք ելնելով բացառապես Ամերիկայի շահերից և ի բարօրություն մեր տնտեսության, որը ավելի ու ավելի է ուժեղանում»։
Վերը նշված սոցհարցման համաձայն, դեմոկրատներին հարողների գրեթե երկու երրորդը կարծում է, որ տնտեսությունը ճիշտ ուղու վրա է։ Մինչդեռ, հանրապետականների համակիրների միայն 12%-ն է այդ կարծիքին։