Սպիտակ տունը կիրակի հայտարարել է, թե Իրանի առաջին ուղիղ գրոհը Իսրայելի ուղղությամբ անհաջող էր: Անօդաչուների ու հրթիռների 99%-ը խոցվել է նախքան նշանակետին հասնելը:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանից հեռակապով քննարկել է իրավիճակը Մեծ յոթնյակի երկրների ղեկավարների հետ։ Սպիտակ տան պաշտոնյաների ներկայացմամբ, Վաշինգտոնը զերծ կմնա աջակցել Իսրայելին, եթե Թել Ավիվում որոշեն հակահարձակման դիմել:
«Նախագահը հասկացրել է, որ չենք ձգտում պատերազմել Իրանի դեմ»,- ասել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին:
Հարձակման հաջորդ օրը՝ կիրակի, Իսրայելում քննարկում էին, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ Իրանի նախաձեռնած գրոհը՝ Թեհրանի դեմ կոալիցիա ձևավորելու տեսանկյունից։
«Հնարավորություն ունենք ստեղծել ռազմավարական դաշինք Իրանի դեմ, որը սպառնում է միջուկային մարտագլխիկներ տեղադրել իր հրթիռների վրա, ինչը կարող է շատ լուրջ սպառնալիք լինել: ԱՄՆ-ն, Իսրայելը և դաշնակիցները կանգնած են կողք կողքի՝ հետ մղելու այդ սպառնալիքը»,- ասել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը:
Թեհրանը խոստացել էր պատասխան հարված հասցնել՝ այս ամսվա սկզբին Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը Իսրայելի ենթադրյալ ավիահարվածից հետո: ՄԱԿ-ում Իրանի դեսպանը կիրակի պնդում էր, որ հարվածը հյուպատոսությանը արդարացնում է Իրանի գործողությունները՝ ընդգծելով, որ Իրանը չի ձգտում ԱՄՆ հետ բախման, բայց, այդուհանդերձ, իր ելույթն ավարտել էր նախազգուշացմամբ:
«Սակայն, եթե ԱՄՆ-ն ռազմական գործողություններ սկսի Իրանի, նրա քաղաքացիների կամ անվտանգության ու շահերի դեմ, Իրանը կօգտվի համաչափ պատասխան տալու իր իրավունքից»,- ասել է ՄԱԿ-ում Իրանի դեսպան Ամիր Սաիդ Իրավանին:
Թեև իսրայելցիների համար ակնակնկալ չէր իրանական հարձակումը, այնուամենայնիվ, շատերի խոսքով, սարսափելի գիշեր էր:
«Ոչ ոք չգիտեր, ինչ սպասել: Բոլորը տանը սպասում էին։ Մի նոր իրավիճակ էր: Ի վերջո, մարդիկ հանգիստ շունչ քաշեցին, քանի որ հարձակումը հետ մղեցին»,- ասում է Վաշինգտոնում գործող Մերձավոր Արևելքի ինստիտուտի վերլուծաբան Նիմրոդ Գորենը:
Մինչ ազդեցիկ երկրների ղեկավարները քննարկում են, թե ինչ կարող է հաջորդել, Պաղեստինում բազմաթիվ մարդկանց համար իրավիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ: