Իսրայելի բանակի խոսնակ Դենիել Հագարին տեսաուղերձի միջոցով տեղեկացրել է՝ նոր անցումը «հնարավորություն կընձեռի ավելի շատ օգնություն հասցնել Գազայի այն շրջաններ, ուր բեռնատարների մուտքը դժվար է»:
Միջազգային մարդասիրական կազմակերպություններն ամիսներ շարունակ բողոքում են Գազա բեռնատարներով օգնություն հասցնելու խոչընդոտների առնչությամբ՝ նշելով, թե իսրայելական կողմը ամեն անգամ ձգձգում է մուտքը Գազա, բացի այդ՝ շրջանի հյուսիսային մասերում օգնություն տեղափոխող շարասյուների անվտանգության ապահովման կարիք կա:
Հագարիի խոսքով, Իսրայելն ակնկալում է, որ օրական 50 բեռնատար կանցնի նոր անցակետով, և որ Գազայի հատված ամեն օր հասնող բեռնատարների ընդհանուր թիվն 350-ից աստիճանաբար կաճի՝ հասնելով մոտ 500-ի:
Your browser doesn’t support HTML5
ՄԱԿ-ի տվյալներով, մինչև անցած տարվա հոկտեմբերի 7-ը օրական շուրջ 500 բեռնատար էր օգնություն հասցնում Գազա։
Միաժամանակ, Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի հետ հեռախոսազրույցում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել է, թե Միացյալ Նահանգներն ակնկալում է, որ Իսրայելն արագորեն կանցնի իր պարտավորությունների կատարմանը՝ նպաստել, որ Գազայի հատված մուտք գործի մարդասիրական լրացուցիչ օգնություն։
ԱՄՆ պետքարտուղարության համաձայն, Բլինքենն ու Գալանտը նաև քննարկել են հրադադարի շուրջ ընթացող բանակցությունները, որի շրջանակում «Համասը» պետք է ազատ արձակի իր մոտ պահվող պատանդներին:
Այս ամենի ֆոնին՝ Իսրայելը հայտարարել է, թե չեզոքացրել է «Համասի» առաջնորդ Իսմայիլ Հանիյայի երեք որդիներին՝ Գազայում ավիահարվածի ժամանակ։ Թել Ավիվի ներկայացմամբ, եղբայրները զինված խմբավորման անդամներ էին:
Սպանվել են նաև Հանիյայի չորս թոռները։
Կատարում գտնվող «Համասի» առաջնորդը Al Jazeera-ի հետ զրույցում հաստատել է որդիների մահը՝ ասելով, որ իր որդիները «նահատակվել են Երուսաղեմի և Ալ-Աքսա մզկիթի ազատագրման համար»:
«Թշնամին առաջնորդվում է վրեժխնդրությամբ և նպատակ ունի սպանել։ Չի հարգում որևէ օրենք»,- ասել է Հանիյան:
Al-Aqsa հեռուստաալիքի փոխանցմամբ, եղբայրներն ու նրանց ընտանքիների անդամները սպանվել են իսրայելական անօդաչուի հարվածի հետևանքով։
«Գազայի ողջ ժողովուրդը թանկ գին է վճարում: Նրանցից մեկն եմ»,- հավելել է «Համասի» առաջնորդը:
Պարզ չէ՝ արդյո՞ք Իսմայիլ Հանիյայի որդիների և թոռների մահը կարող է ազդել հրադադարի շուրջ բանակցությունների վրա, սակայն Հանիյայի խոսքով, «Համասը» չի ենթարկվի ճնշումների:
«Թշնամին կարծում է, որ թիրախավորելով ղեկավարների ընտանիքներին՝ կդրդի նրանց հրաժարվել մեր ժողովրդի պահանջներից: Յուրաքանչյուր ոք, ով հավատում է, որ իմ որդիների թիրախավորումը կդրդի «Համասին» փոխել իր դիրքորոշումը, մոլորության մեջ է»,- ասել է «Համասի» առաջնորդը:
Հիշեցնենք, Իսրայելը ռազմական գործողություններ սկսեց Գազայի հատվածում, երբ անցած տարվա հոկտեմբերի 7-ին «Համաս» խմբավորման զինյալներն արյունալի հարձակում ձեռնարկեցին հրեական պետության դեմ, ինչի հետևանքով զոհվեց մոտ 1 200 մարդ, պատանդառվեց շուրջ 240-ը: «Համասի» վերահսկողության ներքո գտնվող Գազայի առողջապահական ծառայության տվյալներով, նախորդ՝ ավելի քան կես տարվա ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է մոտ 33 հազար պաղեստինցի։
ԱՄՆ-ն, Եվրամիությունը, Մեծ Բրիտանիան և բազմաթիվ այլ երկրներ «Համասը» ճանաչել են ահաբեկչական կազմակերպություն։
Նյութի հիմքում Reuters-ի, Associated Press-ի և Agence France-Presse-ի հրապարակումներն են: