ԱՄՆ-ը «վրդովված է» Իսրայելի հարվածից, որի հետևանքով Գազայում 7 մարդ է զոհվել

Սպիտակ տան ազգային անվտանգության խոսնակ Ջոն Քիրբի

World Central Kitchen-ի օգնության խումբը, որը սնունդ է մատակարարում բնական աղետների և պատերազմների պատճառով տառապող մարդկանց, հայտարարել է, որ դադարեցրել է գործունեությունը Գազայում իրենց ավտոշարասյան վրա իսրայելական ավիահարվածից հետո: Ամերիկացի պաշտոնյան հաստատել է, որ յոթ սպանվածների թվում կան նաև ԱՄՆ-ի և Կանադայի երկքաղաքացիներ:

Մթերք տեղափոխող զրահամեքենաները հստակ մակնշված էին WCK-ի տարբերանշանով։

«Մենք վրդովվել ենք Իսրայելի պաշտպանության բանակի հարվածի լուրից, որի հետևանքով երեկ սպանվեցլ են մի շարք քաղաքացիականներ, ովքեր անողոք աշխատում էին Գազայում և ամբողջ աշխարհում քաղցածներին սնունդ մատակարարելու համար »,-ասել է Սպիտակ տան ազգային անվտանգության խոսնակ Ջոն Քիրբի

World Central Kitchen-ը ղեկավարում է հայտնի խոհարար Խոսե Անդրեսը: Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերն ասել է, որ նախագահ Ջո Բայդենը դիմել է Անդրեսին:

«Նախագահը փոխանցեց, որ վշտացած է կատարվածի համար: Նա կարևորել է World Central Kitchen-ի ներդրումը Գազայի և ամբողջ աշխարհի մարդկանց կյանքում: Նախագահը փոխանցել է, որ Իսրայելին կհասկացնի, որ մարդասիրական օգնության աշխատակիցները պետք է պաշտպանված լինեն»,-փոխանցել է Ժան Պիերը։

Your browser doesn’t support HTML5

ԱՄՆ-ը «վրդովված է» իսրայելական ավիահարվածից, որի հետևանքով սպանվել է Վաշինգտոնում գործող բարեգործական կազմակերպության յոթ աշխատակից

Փարիզ կատարած այցի ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը օգնության աշխատողներին անվանել է «հերոսներ, որոնք պետք է պաշտպանված լինեն»:

«Մենք ուղղակիորեն խոսել ենք Իսրայելի կառավարության հետ այս կոնկրետ միջադեպի մասին: Մենք հորդորել ենք արագ, մանրակրկիտ, անաչառ հետաքննություն անել՝ հասկանալու, թե կոնկրետ ինչ է տեղի ունեցել»,-հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն ևս դատապարտել է Իսրայելի գործողությունը։

«Մենք խստիվ դատապարտում ենք Իսրայելի այդ քայլը, որը հանգեցրեց «World Central Kitchen» հասարակական կազմակերպության յոթ մարդասիրական աշխատողների մահվան: Մարդասիրական աշխատողների պաշտպանությունը բարոյական և իրավական հրամայական է, որին պետք է հետևեն բոլորը»,-ասել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն։

Երեքշաբթի Իսրայելի զինվորականները «Ցավակցություն» են հայտնել կատարվածի առնչությամբ և ասել, որ պաշտոնյաները վերանայում են միջադեպը ամենաբարձր մակարդակով:

Օգնության փորձագետներն ասում են, որ պաղեստինցի երեխաներն ու ընտանիքները գտնվում են սովի եզրին, և այս հարձակումը միայն կվատթարացնի վիճակը: Իսրայելի և «Համասի» միջև պատերազմը սկսվեց հոկտեմբերի 7-ին, երբ «Համասի» զինյալները ներխուժեցին Իսրայելի հարավ՝ սպանելով մոտ 1200 մարդու: Իսրայելը պատասխանել է վեց ամսվա գրոհով, որի հետևանքով զոհվել է մոտ 33,000 պաղեստինցի, ըստ Գազայի առողջապահության նախարարության: