ԱՄՆ-ն մտահոգված է Ռուսաստան-Չինաստան համագործակցությամբ

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլեր

Վաշինգտոնը մտահոգություն է հայտնել Ռուսաստանի և Չինաստանի միջև հարաբերությունների զարգացման առնչությամբ՝ ընդգծելով, թե այդ փոխգործակցությունը նպաստում է Ուկրաինայում Մոսկվայի ագրեսիայի շարունակմանը։

«Հստակ հայտարարել ենք, որ մտահոգություններ ունենք Ռուսաստանի և Չինաստանի միջև լայնածավալ գործընկերության հետ կապված»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը:

Ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը թեմային անդրադարձել է՝ արձագանքելով հարցին, թե Վաշինգտոնում ինչ են մտածում ռուս-չինական գործակցության վերաբերյալ։

«Հստակ հասկացրել ենք՝ չենք ցանկանում, որ Չինաստանը որևէ բան անի Ուկրաինայում ռուսական ագրեսիային աջակցելու համար, և կշարունակենք այդ ասել»,- նշել է Միլլերը: