Բալթիմորում շարունակվում են կամրջի փլուզման հետևանքները վերացնելու ուղղությամբ աշխատանքները

Ֆրենսիս Սքոթ Քի անվան կամուրջը` Բալթիմորում, 03/31/2024 թ.

Ջրից դուրս է հանվել կամրջի առաջին 200 տոննանոց բեկորը: Սպասվում է, որ նախագահ Ջո Բայդենը կայցելի վթարի վայր գալիք ուրբաթ

Բալթիմորում փլուզված կամրջի առաջին 200 տոննանոց կտորը դուրս է բերվել ջրից, կիրակի օրը դրա մասին են հայտնել պաշտոնատար անձինք: Այս ուղղությամբ աշխատանքները սկսվել են աղետից անմիջապես հետո:

Հիշեցնենք, որ անցած շաբաթ Պատապսկո գետի վրայով գցված Ֆրենսիս Սքոթ Քի անվան կամուրջը փլուզվել էր այն բանից հետո, երբ «Դալի» բեռնատար նավը բախվել էր կամրջի հենակետերից մեկին: Բալթիմորի նավահանգիստը՝ երկրի ամենաբանուկ նավահանգիստներից մեկն է, որտեղ աղետից հետո շարժը դադարեցվել է:

Մերիլենդի նահանգապետ Ուես Մուրը կիրակի օրը հանրապետականներին կոչ է արել աշխատել դեմոկրատների հետ՝ հաստատելու դաշնային ֆինանսավորումը, որն անհրաժեշտ է կամուրջի վերակառուցման և նավահանգստի տնտեսական խնդիրների լուծման համար:

«Երկկուսակցական հիմունքներով միջոցներ ձեռնարկելու պատճառն... այն չէ, որ մեզ պետք է, որ դուք լավություն անեք Մերիլենդ նահանգին», - ասել է Մուրը կիրակի օրը CNN-ին տված հարցազրույցում: «Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի արագ առաջ շարժվենք, որպեսզի ամերիկյան տնտեսությունը նորից առաջ շարժվի, քանի որ Բալթիմորի նավահանգիստը կարևոր դեր է խաղում մեր տնտեսական զարգացման հարցում»:

Նախկինում նախագահ Ջո Բայդենը խոստացել էր, որ կամուրջը հնարավորինս արագ կվերականգնվի՝ ընդունելով, որ դա «որոշ ժամանակ կպահանջի»։ Նախագահն ընդգծել է, որ կուղղորդի «բոլոր անհրաժեշտ դաշնային ռեսուրսները» միջադեպի հետևանքները վերացնելու համար։

Բայդենը նաև ասաց, որ դաշնային կառավարությունը կհոգա երկրի ամենաբանուկ կամուրջներից մեկի վերակառուցման ողջ ծախսերը: Անցյալ շաբաթ Բայդենի վարչակազմը տրամադրեց 60 միլիոն դոլարի նախնական շտապ օգնություն՝ կամրջի բեկորներից ջրային տարածքը մաքրելու և նավահանգիստը վերաբացելու համար: Դաշնային պաշտոնյաները Մերիլենդի օրենսդիրներին ասել են, որ կամրջի վերակառուցման վերջնական արժեքը կարող է կազմել առնվազն 2 միլիարդ դոլար, հայտնում է Roll Call-ը՝ վկայակոչելով այդ մասին իրազեկ աղբյուրները:

Իշխանությունները հայտնել են, որ կամրջի փլուզման հետևանքով անհետ կորած վեց աշխատակիցներ, ըստ երևույթին, զոհվել են: Նրանք եղել են կամրջի վերանորոգման աշխատանքներ իրականացնող ութ հոգանոց անձնակազմի կազմում։ Երկու բանվոր փրկվել են. նրանցից մեկը ծանր վնասվածքներով տեղափոխվել է վնասվածքաբանության կենտրոն, մյուսը չի տուժել։

Իշխանությունները հուսով են, որ կամուրջի ապամոնտաժումը, այն կտոր-կտոր անելով և հեռացնելով, կօգնի փրկարարներին դուրս բերել բոլոր զոհերի մարմինները, ինչպես նաև վերաբացել նավափոխադրման կարևոր երթուղին:

Մուրն ասաց, որ վերականգնումը երկար կտևի, բայց որ «առաջընթաց է նկատվում, չնայած այն հանգամանքին, որ իրավիճակը աներևակայելի ծանր է»: Նա հավելել է, որ եղանակային անբարենպաստ պայմանների և բեկորների պատճառով ջրասուզակները չեն կարողացել որոնողական աշխատանքներ իրականացնել։

Մուրը կիրակի օրը MSNBC-ին ասել է, որ իր առաջնահերթությունը զոհերի մարմինների դուրս բերումն է, իսկ այնուհետև բեռնափոխադրման երթուղու վերաբացումը:

«Սա ազդում է երկրի տնտեսության վրա։ Սա նոր մեքենաների, ծանր բեռնատարների և գյուղատնտեսական տեխնիկայի ամենամեծ նավահանգիստն է: Սա ազդում է ամբողջ երկրի մարդկանց վրա»,- ասաց նա:

Տրանսպորտի նախարար Փիթ Բուտիջիչը CBS-ին տված հարցազրույցում ասել է, որ նավահանգիստը մաքրելու և այն վերաբացելու համար ժամանակացույց չկա: Նա նաև Կոնգրեսին կոչ է արել գործել երկկուսակցական հիմունքներով:

Սպասվում է, որ նախագահ Ջո Բայդենը կայցելի վթարի վայր գալիք ուրբաթ օրը: Դրա մասին տեղեկացրել է Սպիտակ տան մամլո խոսնակը: