Մատչելի հղումներ

Նախագահ Բայդենը ստորագրել է ԱՄՆ 2024թ․ ֆինանսական տարվա պետբյուջեի՝ 1.2 տրիլիոն դոլար կազմող փաթեթը


ԱՄՆ նախագահ, Ջո Բայդեն
ԱՄՆ նախագահ, Ջո Բայդեն

Բայդենը ստորագրել է ԱՄՆ 2024թ․ ֆինանսական տարվա պետբյուջեի՝ 1.2 տրիլիոն դոլար կազմող փաթեթը՝ նման կերպ կանխելով ամերիկյան կառավարության գործունեության հնարավոր դադարը, որը վրա կհասներ, եթե ԱՄՆ օրենսդիր ու գործադիր իշխանությունները չհասցնեին ժամանակին ընդունել ընթացիկ ֆինանսական տարվա պետբյուջեն։

Նախագահ Բայդենը ստորագրել է օրինագիծը Կոնգրեսի զույգ պալատների կողմից այն հաստատելուց ժամեր անց՝ ամիսներ տևած ծանր բանակցություններից հետո:

Թեև օրինագիծը, բնականաբար, ֆինանսավորում է նախատեսում ԱՄՆ պաշտպանության նախարարության և այլ գերատեսչությունների համար, սակայն այն չի պարունակում 95 միլիարդ դոլար կազմող և Ուկրաինայի, Իսրայելի ու Թայվանի անվտանգության ապահովման համար նախատեսված հայտնի փաթեթը:

Այդ փաթեթի վերաբերյալ առանձին՝ դրական որոշումը էր կայացվել ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատում՝ Սենատում, սակայն քվեարկությունն տակավին առկախված է ստորին պալատում՝ Ներկայացուցիչների տանը, ուր Կիևին ցուցաբերվող օգնությանը դեմ են հանդես գալիս որոշ հանրապետականներ:

«Ամերիկայի ձայնի» ուկրաինական ծառայությունը հետաքրքրվել է ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Մեդըլին Դինից՝ արդյո՞ք նրա կուսակցությունը կշարունակի ճնշում գործադրել հանրապետականների նկատմամբ՝ հասնելու Ներկայացուցիչների տանն օրինագծի քվեարկությանը:

«Ընդհանրապես, ամերիկյան ոճով չէ, որ հրաժարվենք աջակցել մեր բարեկամին՝ [Ուկրաինային], նրա ժողովրդավարությանը: Ձեր երիտասարդ ժողովրդավարությունն ու դուք խիզախորեն պայքարում եք՝ ցուցաբերելով քաջություն: Այստեղ՝ Ամերիկայում, պետք է ձեր քաջությունը համադրենք [մեր] կարողությունների հետ»,- արձագանքել է կոնգրեսական Դինը։

Բայց հանրապետական որոշ օրենսդիրներ, օրինակ՝ Էնդի Բարը, աջակցում են Կիևին օգնության տրամադրմանը, չնայած, միաժամանակ, հանրապետական գործիչը քննադատում է դեմոկրատ նախագահ Ջո Բայդենի ներկայիս քաղաքականությունը Ռուսաստանին հարցում:

«Կարծում եմ, Բայդենի վարչակազմին ավելի լավ ռազմավարություն է պետք, երբ խոսքը վերաբերում է, թե ինչպես պետք է Ուկրաինան հաղթի պատերազմում։ Պատժամիջոցների վերաբերյալ Բայդենի ներկայիս ռազմավարությունը թույլ է և ի զորու չէ Պուտինին զրկելու միջոցներից, որը նա օգտագործում է ֆինանսավորելու իր ռազմական մեքենան։ Պատժամիջոցների մեջ հսկայական բաց կա»,- ասում է Բարը:

ԱՄՆ Ներկայացուցիչների տան դեմոկրատ անդամները ստորագրություն են հավաքում, այսպես կոչված, ազատման հանրագրի՝ հավաքական դիմումի, համար, որը թույլ կտա 95 միլիարդ դոլար պարունակող օրինագիծը քվեարկության ներկայացնել Կոնգրեսի ստորին պալատում՝ առանց ոլորտային հանձնաժողովի համաձայնության։ Նման կերպ հնարավոր կլինի շրջանցել որոշ հանրապետականների հարուցաց արգելքը, ինչի հետաևքնով օրինագիծը չի դրվում քվեարկության Նեկայացուցիչների տանը։ Ազատման հանրագրի համար անհրաժեշտ է, որպեսզի դրա տակ ստրագրի 435 անդամ ունեցող Կոնգրեսի ստորին պալատի մեծամասնությունը՝ առնվազն 218 պատգամավոր։

XS
SM
MD
LG