Առնվազն 16 մարդ է զոհվել երկուշաբթի Ռաֆահի բնակելի շենքի ռմբահարման հետևանքով: Իսրայելը շարունակում է ռազմական գործողությունները Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահի ուղղությամբ, և հրեական պետության ղեկավարները չեն թաքցնում, թե մտադիր են ցամաքային գործողություն ձեռնարկել բուն Ռաֆահում։
Հայտնի է, որ ԱՄՆ դեմ է նման զարգացմանը և կոչ է արել Իսրայելին ձեռնպահ մնալ այդպիսի գործողությունից։
«Ռաֆահում 1,5 միլիոն պաղեստինցի խաղաղ բնակիչների անվտանգությունը նույնպես Միացյալ Նահանգների առաջնահերթությունն է: Շարունակում ենք ընդունելի համարել «Համասին» պարտված տեսնելու նպատակը, ուստի առաջարկում եմ քննարկել «Համասին» թիրախավորելու այլ մոտեցումներ»,- Պենտագոնում ընդունելով Վաշինգտոն այցելած Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտին՝ հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը:
Your browser doesn’t support HTML5
Օսթինը հորդորել է Իսրայելին լրացուցիցչ մարդասիրական օգնություն ցուցաբերել Գազային: Պաղեստինցիներին օգնություն տրամադրելու վերաբերյալ և Ռաֆահի հարցում Վաշինգտոնի ուղերձները Գալանտին փոխանցել են նաև ամերիկյան վարչակազմի այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ՝ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ու ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը:
Պարզ չէ՝ արդյո՞ք Իսրայելը ականջալուր կլինի ԱՄՆ-ից հնչող խոսքերին: Գալանտն ասել է, թե ցանկանում է, որ Միացյալ Նահանգները ընդլայնի սպառազինության մատակարարումը Իսրայելին:
«Նաև կքննարկենք ռազմավարական հարցեր և մեր կառույցների միջև կարևոր համագործակցությունը, որը կապահովի Իսրայելի ռազմական առավելությունն ու կարողությունները»,- ասել է Իսրայելի պաշտպանության նախարարը:
ԱՄՆ-ն Իսրայելին տարեկան տրամադրում է 4 միլիարդ դոլարի օգնություն, որից 3,3 միլիարդը Իսրայելը կարող է օգտագործել ամերիկյան զենք գնելու համար:
«Լավագույն սցենարը կլինի այն, որ ԱՄՆ-ն օգտագործի իր բազմաթիվ լծակները, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափում՝ փորձելով հասնել հրադադարի հաստատմանը»,- ասում է Միջազգային ճգնաժամային խմբի վերլուծաբան Բրայան Ֆինուկեն:
Երկուշաբթի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ԱՄՆ-ն ձեռնպահ քվեարկեց բանաձևին, և այդ պատճառով այն ընդունվեց, որը պահանջում է «Համասից» ազատ արձակել պատանդներին և հրադադար հաստատել Գազայում։
Իսրայելի նկատմամբ ճնշում բանեցնելու համար ԱՄՆ-ն ավելի հզոր լծակ ունի, սակայն ցայսօր նախագահ Ջո Բայդենը զերծ է մնացել հրեական պետությանը ցուցաբերվող ամերիկյան ռազմական օգնության տրամդրման համար նախապայմաներ սահմանելուց, չնայած ԱՄՆ-ում այս նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ չեն դադարում կոչերը՝ վարվել նման կերպ: