Մոսկվայի դատարանում ամերիկացի լրագրող Էվան Գերշկովիչը տեղեկացավ, որ պետք է ևս երեք ամիս անցկացնի ճաղերի հետևում:
Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի խոսքով, ժամանակն է, որ ռուսաստանյան իշխանությունները ազատ արձակեն Գերշկովիչին:
«Ռուսական կառավարությունը դեռ պետք է գեթ մեկ ապացույց ներկայացնի [Գերշկովիչին առաջադրված] մեղադրանքները հիմնավորելու համար: Ոչ մի հիմնավորում չի ներկայացվել՝ Էվանի շարունակական կալանքի համար, և ոչ մի բացատրություն, թե ինչու է լրագրողի աշխատանքը համարվում հանցագործություն»,- ասում է ԱՄՆ դեսպանը:
Your browser doesn’t support HTML5
Անցած տարվա մարտի 29-ին Եկատերինբուրգում Էվան Գերշկովիչի ձերբակալությունից ի վեր, նրա ընտանիքն ու գործընկերները ձգտում են հասնել «The Wall Street Journal»-ի լրագրողի ազատմանը, և այդ նպատակով անցած մեկ տարվա ընթացքում շարունակաբար հանդես են եկել հարցազրույցներով, փոխանցել նորություններ և անցկացրել հանդիպումներ, ներառյալ՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ:
Էվանի քույրը՝ Դենիելե Գերշկովիչը, զսպելով արցունքները, նկարագրում է ընտանիքի վիշտը և խոսում նամակներից, որ գրում է եղբորը։
«Կարծում եմ, ցանկանում ենք աջակցել միմյանց, անել, ինչ կարող ենք՝մյուսի տրամադրությունը բարձր պահելու համար։ Պարզապես հիանում են նրանով»,- ասում է Դենիելեն:
Ռուսաստանը Գերշկովիչին մեղադրում է լրտեսության մեջ։ Լրագրողն ու «The Wall Street Journal»-ը հերքում են այն։ Ռուսաստանյան դատարանները բազմիցս մերժել են փոխել կալանքը և գրավի դիմաց ազատ արձակել նրան բանտից: ԱՄՆ-ն հայտատարել է, որ Գերշկովիչի կալանքը ապօրինի է:
Լրատվամիջոցի իրավախորհրդատուի խոսքով, իրավական գործընթացը թափանցիկ չէ: Գերշկովիչն ու ամերիկյան կողմը պարզապես պետք է սպասեն՝ մինչ Ռուսաստանի իշխանությունները կտեղեկացնեն, թե գործը երբ առաջ կգնա։
«Ինչ-որ պահի նրանք կասեն՝ «լավ, հետաքննությունն ավարտված է, և մենք կարող ենք սկսել դատավարությունը»: Չգիտենք, թե երբ այդ կլինի»,- ասում է իրավախորհրդատու Ջեյսոն Կոնտին:
Ընտանիքի համար ծանր է սպասելը։
«Ամեն օր հետևում ենք նորություններին, և զգայական առումով տակնուվրա ենք լինում: Այնպես որ՝ ավելի լավ է շարունակել կենտրոնացած մնալ վերջնական նպատակի ուղղությամբ և գնալ դեպ այդ նպատակն ամեն օր»,- ասում է Դենիելեն:
Եթե Գերշկովիչին մեղավոր ճանաչեն, կարող են դատապարտել մինչև 20 տարվա ազատազրկման։
Պուտինյան Ռուսաստանում ձերբակալված է մեկ այլ ամերիկացի լրագրող՝ «Ազատություն» ռադիոկայանի խմբագիր Ալսու Կուրմաշևան, ով ավելի քան հինգ ամիս է, ինչ բանտում է:
Ռուսատանյան ծագմամբ ամերիկացի լրագրողին բազմաթիվ մեղադրանքներ են առաջադրվել, այդ թվում՝ «օտարերկրյա գործակալ» լինելու և Ռուսաստանի արդարադատության նախարարությունում չգրանցվելու համար։ Եթե Ալսուին մեղավոր ճանաչեն, լրագրողը կարող է ճաղերի հետևում անցկացնել մինչև 15 տարի:
«The Wall Street Journal»-ից հայտնում են, որ Գերշկովիչի գործով Ռուսաստանում ներգրավված փաստաբանները փորձում են անել հնարավորը:
«Նրանք խիզախ փաստաբաններ են: [Գերշկովիչին առաջադրված] մեղադրանքների բնույթի պատճառով նրանք չեն կարող ասել ամեն ինչ, նրանց ուղղակի չի թույլատրվում խոսել այդ մասին՝ հաշվի առնելով, որ գործ ունենք լրտեսության մեղադրանքի հետ, որը, մեր կարծիքով, կեղծ է: Բայց մեղադրանքի բնույթն այդպիսին է»,- ասում է Ջեյսոն Կոնտին:
Ամերիկացի հեռուստալրագրող Թաքեր Կարլսոնին վերջերս տված հարցազրույցում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից ակնարկեց, որ Մոսկվան պատրաստ է ազատել Գերշկովիչին՝ Գերմանիայում դատապարտված ռուսաստանցի մարդասպանի դիմաց: Թե ինչ է հաջորդել այդ խոսքերին, հրապարակային տեղեկություններ չկան։
Գերշկովիչի ընտանիքը, ընկերներն ու գործընկերները չեն կորցնում հույսը, որ Էվանը շուտով ազատ կարձակվի։