Ֆրանսիան ունի 56 միջուկային ռեակտորներ, որոնք արտադրում են երկրի էլեկտրաէներգիայի շուրջ երկու երրորդը։ Փարիզը նաև Ռուսաստանի ամենամեծ հաճախորդներից է հարստացված ուրանի գծով, որն անհրաժեշտ է այդ ռեակտորները սնուցելու համար՝ ասված է Լոնդոնում գործող հեղինակավոր վերլուծական կենտրոններից մեկի՝ Միացյալ ծառայությունների թագավորական ինստիտուտի (RUSI) հրապարակած զեկուցում: Ըստ հրապարկման, չնայած Ռուսաստանի հետ տնտեսական կապերը խզելուն ուղղված միջազգային ջանքերին, մի քանի արևմտյան երկրներ դեռ կախված են ռուսաստանյան միջուկային վառելիքից:
«Ֆրանսիայի կողմից ռուսաստանյան հարստացված ուրանի ներմուծումը զգալիորեն աճել է՝ 2022 թվականի սկզբից ի վեր։ Աճը կազմել է մոտ 184%»,- ասում է Միացյալ ծառայությունների թագավորական ինստիտուտի վերլուծաբան Դարյա Դոլզիկովան։
Ֆրանսիական «EDF» ընկերությունն անգամ ծրագրում է Ռուսաստանի պետական «Росатом» ընկերության հետ համատեղ ձեռնարկություն հիմնել Գերմանիայում՝ ուրանի հարստացման համար:
Սակայն Ֆրանսիան միակ արևմտյան երկիրը չէ այս առումով․ բրիտանական վերլուծական կենտրոնի զեկույցում նշվում է ռուսաստանյան ուրանի արտահանման մասին ԱՄՆ, Գերմանիա և Նիդեռլանդներ:
«Ռուսաստանը շարունակում է մնալ հարստացված ուրանի ամենամեծ արտահանողն ողջ աշխարհում՝ զբաղեցնելով միջազգային շուկայի մոտ 44%-ը»,- ասում է Դոլզիկովան։
Միջուկային էներգիայի նկատմամբ համաշխարհային շահագրգռվածությունը անկում ապրեց 2011 թվականին Ճապոնիայում Ֆուկուսիմայի ատոմակայանում տեղի ունեցած հայտնի վթարից հետո:
Բայց քանի որ երկրները փորձում են կրճատել ածխաթթու գազի արտանետումները, ծրագրերը կրկին տանում են միջուկային էներգիայի զարգացման ուղղությամբ: Անցած շաբաթ Բրյուսելում՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության նիստին որոշ գործիչներ կոչ արեցին վերստին ներդրումներ կատարել միջուկային էներգիայի ոլորտում:
«[Հարկ է] մատակարարման շղթաները հնարավորինս արագ հարմարեցնել, ու նաև այստեղ ազատվել ռուսաստանյան մատակարարումից: Բայց պետք է հավասարակշված մոտեցում ցուցաբերենք: Նկատի ունեմ, որ եթե ցանկանում ենք նվազեցնել CO2-ի արտանետումը, պետք է վստահ լինենք, որ մեր ատոմակայանները կարող են շարունակել [գործել]»,- ասում է Բելգիայի վարչապետ Ալեքսանդր Դե Կրոն։
Բրիտանական վերլուծական կենտրոնի գնահատմամբ, 2023 թվականին Ռուսաստանը միջազգային շուկայում վաճառել է 2,7 միլիարդ դոլարի հարստացված ուրան։
Ըստ զեկույցի, աճել է ռուսաստանյան հարստացված ուրանի արտահանումը Չինաստան, ինչը հիմք է ենթադրելու, որ նման կերպ Պեկինը կարող է ավելացնել իր հարստացված ուրանի արտահանումը:
«Պատժամիջոցները պետք է լինեն բազմակողմանի։ Հակառակ դեպքում, հարստացված ուրանի և վառելիքի մատակարարման շղթաների բարդության պատճառով՝ Ռուսաստանը կգտնի թույլ օղակներ՝ փորձելով շարունակել մուտք գործել արևմտյան շուկաներ»,- ասում է Դարյա Դոլզիկովան:
Այդուհանդերձ արևմտյան երկրները փորձում են բարձրացնել իրենց միջուկային ինքնաբավությունը։ Ֆրանսիան ավելացրել է ուրանի հարստացման կարողությունները Տրիկաստինում ավելի քան 30%-ով:
Ամերիկյան «Westinghouse» և ուկրաինական «Energoatom» ընկերությունը սկսել են Շվեդիայում միջուկային վառելիք արտադրել, որը կարող է մատակարարվել նախկին խորհրդային ռեակտորներին՝ Արևելյան Եվրոպայում:
Դոլզիկովայի հաշվարկով, առնվազն երկու տարի կպահանջվի, մինչ Արևմուտքը կկարողանա վերջ դնել կախվածությանը ռուսաստանյան միջուկային վառելիքից: