ԱՄՆ-ն ընդգծում է՝ Կիևն անմասն է «Crocus City Hall»-ում տեղի ունեցած ահաբեկչությանը

Սպիտակ տուն. Վաշինգտոն

Ադրադառնալով անցած ուրբաթ Մոսկվայի մոտ տեղի ունեցած արյունալի ահաբեկչությանը՝ Վլադիմիր Պուտինը խոսք անգամ չի ասել հարձակման պատասխանատվությունը ստանձնած «Իսլամական պետության» հայտարարությունների մասին, փոխարենը՝ նշել է, որ ահաբեկչության հեղինակները փորձել են փախչել Ուկրաինա։

Ուկրաինան կապ չունի մերձմոսկովյան «Crocus City Hall» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության հետ, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 137 մարդ՝ կիրակի հայտարարել է Սպիտակ տունը։

Վաշինգտոնի արձագանքը հետևեց, երբ ավելի վաղ Վլադիմիր Պուտինը հրապարակավ ենթադրել էր, թե հարձակումը կապված է Ուկրաինայի հետ:

««Իսլամական պետությունն» է կրում է այս հարձակման միակ պատասխանատվությունը: Ուկրաինական մասնակցություն չի եղել»,- ընդգծել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Էդրիեն Ուոթսոնը։

Հիշեցնենք, որ հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը։

Տեղի ունեցածին Ուկրաինայի մասնակցության մասին որևէ ապացույց չկա՝ իր հերթին «ABC News»-ի հետ զրույցի ժամանակ ասել է ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը։ Նա հավելել է, թե դատելով մի շարք նշաններից՝ միջադեպի պատասխանատուն ««Իսլամական պետություն – Խորասանն» է՝ Աֆղանստանում և Պակիստանում գործող «Իսլամական պետության» մասնաճյուղը։

Հիշեցնենք, անցած ուրբաթ երեկոյան զինված անձինք զինվորական համնազգեստով ներխուժել էին Մոսկվային հարակից Կրասնոգորսկ քաղաքի «Crocus City Hall» համերգասրահ, գնդակահարել բազմաթիվ մարդկանց, ապա այրել շենքը։

Շաբաթ օրը «Իսլամական պետություն» խմբավորումը «Telegram»-յան իր ալիքում գրել է, որ հարձակումն իրականացվել է «Իսլամական պետության չորս զինյալների կողմից՝ զինված գնդացիրներով, ատրճանակով, դանակներով և ռումբերով»՝ «իսլամի դեմ պայքարող երկրների հետ մոլեգնող պատերազմի» պայմաններում։

Ըստ ամերիկյան «SITE Intelligence Group» խորհրդատվական կազմակերպության, տեսանյութը, որը ենթադրվում է, որ նկարահանվել է զինյալների կողմից, հրապարակվել է սոցցանցերի այն էջերում, որոնք սովորաբար օգտագործում է «Իսլամական պետությունը»։

Վերադառնանք Պուտինի հայտարարությանը․ Կրեմլի ղեկավարը խոստացել է պատժել «բարբարոսական ահաբեկչության» հետևում կանգնածներին, սակայն միջադեպի վերաբերյալ իր միակ հրապարակային հայտարարությունում ոչ մի հիշատակում չի արել հարձակման պատասխանատվությունը ստանձնած «Իսլամական պետության» մասին:

Փոխարենը՝ Պուտինն ընդգծել է, թե ահաբեկչության իրականացնող չորս զինյալները, ովքեր փորձել են փախչել Ուկրաինա, ձերբակալված են։

Արձագանքել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, թե ակնհայտորեն Պուտինը փորձում է մեղքը բարդել Ուկրաինայի վրա։

«Իսլամական պետություն – Խորասանը» զինյալ սուննի խմբավորում է, որն ի հայտ է եկել 2015 թվականին Աֆղանստանի արևելյան՝ Նանգարհար նահանգում, և նպատակ ունի ստեղծել «խալիֆայություն», որը ներառում է Հնդկաստանը, Իրանը և Կենտրոնական Ասիան:

Խմբավորումը տասնյակ ահաբեկչություններ է իրականացրել Աֆղանստանում ու Պակիստանում։ Աֆղանստանում իշխող «Թալիբանի» իշխանության ներքո, որը խմբավորումը համարում է թշնամին, «Իսլամական պետություն – Խորասանի» արդյունավետությունը երկրում կրճատվել է, սակայն, ըստ դիտորդների, նախորդ ամիսներին այն ակտիվացրել է իր գործունեությունը այլ երկրներում: