2022 թվականի փետրվարին՝ Ուկրաինա լայնածավալ ներխուժումից ի վեր առաջին անգամ ռազմաճակատում տեղի ունեցողը Կրեմլը պաշտոնապես անվանել է «պատերազմ»։
Նախկինում Ուկրաինայում ընթացող մարտերը Ռուսաստանի իշխանությունները բացառապես կոչում էին «հատուկ ռազմական գործողություն»։
Սակայն Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մոսկովյան «Аргументы и факты» պարբերականի հետ զրույցում հայտարարել է՝ «հատուկ ռազմական գործողությունը» վերածվել է պատերազմի։
«Մենք պատերազմի մեջ ենք։ Այո, այն սկիզբ է առել որպես հատուկ ռազմական գործողություն, բայց հենց այդ խմբակը ձևավորվեց այնտեղ՝ [Ուկրաինայում], երբ հավաքական Արևմուտքը դարձավ մասնակից՝ Ուկրաինայի կողմից, մեզ համար այն արդեն պատերազմ դարձավ։ Վստահ եմ։ Եվ սա բոլորը պետք է հասկանան՝ իրենց ներքին համախմբման համար»,- ասել է գրեթե 16 տարի Պուտինի խոսնակի պարտականությունները կատարող Պեսկովը։
Հիշեցնենք, ԱՄՆ-ն Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները որակել է ագրեսիա և պահանջում է ռուսական օկուպացիոն զորքերի ամբողջական դուրսբերում ուկրաինական տարածքներից, այդ թվում՝ Ղրիմից։
Այս ամենի ֆոնին՝ ռուսական ուժերը շարունակում են իրենց գրոհները Ուկրաինայի դեմ։ Մարտի 22-ի գիշերը Ռուսաստանի բանակը լայնածավալ հրթիռակոծման ու ռմբահարման է ենթարկել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքները։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքով, այդ մի քանի ժամերին ռուսական ուժերը կիրառել են կամիկաձե մոտ 60 անօդաչուներ և 90 հրթիռներ։
«Ուկրէներգոյի» ղեկավար Վլադիմիր Կուդրիցկի ներկայացմամբ, տեղի ունեցածը ռուսական ուժերի ամենախոշոր հարձակումն էր ուկրաինական էներգահամակարգի դեմ՝ 2022 թվականաի փետրվարից ի վեր։
«Ուկրեներգոյի» հաղորդմամբ, ամենաշատը տուժել է Խարկովը․ հրետակոծության հետևանքով պատերազմից առաջ ավելի քան 1.4 միլիոն բնակչություն ունեցող քաղաքը գրեթե ամբողջությամբ մնացել է առանց էլեկտրամատակարարման։