ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի այցը Բաքու, Թբիլիսի և Երևան՝ տարածաշրջանոմ ու աշխարհում շարունակվող անկայունության ֆոնին էր: Վաշինգտոնում գործող «Ատլանտյան խորհուրդ» վերլուծական կենտրոնի ավագ վերլուծաբան Ջոն Հերբսթը «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում, անդրադառնալով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հարավկովկասյան այցին, այն պայմանավորել է տարածաշրջանի կարևորությամբ և Հարավային Կովկասում չմարող անկայունությամբ:
«Հարավային Կովկասը կարևոր տարածաշրջան է, ուր վերջին մի քանի տարիների ընթացքում ականատես ենք աճող անկայունության՝ կապված մի կողմից Ադրբեջանի ու Հայաստանի միջև պատերազմի հետևանքների, մյուս կողմից՝ Վրաստանի հարցում որոշ հիասթափեցնող, հիմնականում ներքաղաքական զարգացումների հետ»,- ասում է Հերբսթը։
Your browser doesn’t support HTML5
Վերլուծաբանը, սակայն, հակված չէ կարծել, որ այցը կընդլայնի Հյուսատլանտյան դաշինքի ներգրավվածությանը Հարավային Կովկասում:
«Վստահ չեմ, որ կարելի է խոսել [Հարավային Կովկասում] ՆԱՏՕ-ի ներկայության աճի մասին: Հավանաբար՝ խոսքն ավելի շատ այստեղ ՆԱՏՕ-ի շահերի մասին է»,- շարունակում է Ջոն Հերբսթը:
Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կազլյարիչը գտնում է, որ այցը օգտակար է, սակայն չի կարող հանգեցնել տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ներգրավվածությանը՝ հայ-ադրբեջանական հակամարտության պատճառով:
«Թեև ցանկացած նման այց արժեքավոր է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի համար տեսանելիություն ապահովելու առումով, սակայն չեմ տեսնում հնարավորություն՝ տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ներգրավվածության ընդլայնման համար: Մասնավորապես, Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և բովանդակալից խաղաղ գործընթացի բացակայությունը սահմանափակում է ՆԱՏՕ-ի ներգրավածությունը»,- «Ամերիկայի ձանի» գրավոր հարցմանը պատասխանել է ամերիկացի նախկին դիվանագետը:
Ստոլտենբերգի հարավկովկասյան այցը մեկնարկեց Ադրբեջանից: Բաքվում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հանդիպեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: ՆԱՏՕ-ի մամլո ծառայության հաղորդմամբ, Ալիևի հետ հանդիպմանը՝ գլխավոր քարտուղարը ողջունել է ՆԱՏՕ-ի հետ Ադրբեջանի երկարամյա համագործակցությունը՝ ընդգծելով գործընկերության հետագա ամրապնդման կարևորությունը: Անդրադարձ է եղել նաև Ադրբեջանի ներեգրավվածությանը Հյուսիսատլանտյան դաշինքի խաղաղապահ առաքելություններին, էներգետիկ անվտանգությանն ու կլիմայի հարցերով Ադրբեջանում կայանալիք միջազգային՝ COP29 գագաթնաժողովին:
ՆԱՏՕ-ի լրատվական ծառայության համաձայն, Հարավային Կովկասի մասին խոսելիս՝ Ստոլտենբերգն ընդգծել է. «Հայաստանն ու Ադրբեջանն այժմ հնարավորություն ունեն երկար տարիների հակամարտությունից հետո հասնել կայուն խաղաղության: Կարող եմ ձեզ միայն կոչ անել օգտվել այս հնարավորությունից և Հայաստանի հետ կնքել կայուն խաղաղության համաձայնագիր»:
Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից զատ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Բաքվում առանձին հանդիպումներ է ունեցել արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ, որոնց ընթացքում քննարկվել են ՆԱՏՕ-Ադրբեջան համագործակցության հետ կապված հարցեր: «Reuters» գործակալությունը, հենվելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության վրա, հաղորդում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ հանդիպմանը Ստոլտենբերգն ընդգծել է, թե «ադրբեջանական բանակի սերտ համագործակցությունը Թուրքիայի զինված ուժերի հետ՝ զգալի ներդրում կլինի Ադրբեջան-ՆԱՏՕ հարաբերություններում»։
Հաջորդ օրը՝ մարտի 18-ին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Թբիլիսի, ուր հանդիպումներ է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի և նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ:
«Վրաստանը ՆԱՏՕ-ի ամենամոտ գործընկերներից է: Բարձր ենք գնահատում ձեր նշանակալի ներդրումը ՆԱՏՕ-ի առաքելություններում ու գործողություններում և լիովին աջակցում ենք Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը: Հարավային Օսիան և Աբխազիան Վրաստանի մաս են կազմում»,- հայտարարել է Յենս Ստոլտենբերգը՝ իր աջակցությունը հայտնելով նաև Վրաստանում ժողովրդավարության ամրապնդմանն ու եվրաատլանտյան լիակատար ինտեգրմանը հասնելու Թբիլիսիի ջանքերին:
Նա կոչ է արել Ռուսաստանին՝ չեղարկել Հարավային Օսիայի և Աբխազիայի ճանաչումը որպես անկախ պետություններ և հավելել է, որ Ռուսաստանի բռնազավթած Վրաստանի և Ուկրաինայի շրջաններում ընտրությունների կազմակերպումն ամբողջովին անօրինական է։
«Վրաստանը կանգնած է անվտանգության բարդ մարտահրավերների առաջ: Ռուսաստանը շարունակում է կայսերական ծրագրեր հետապնդել: Ուկրաինայի մարտադաշտում իրադրությունը շարունակում է բարդ մնալ, ուստի կենսականորեն կարևոր է, որ մենք շարունակենք ուժեղացնել մեր աջակցությունը»,- ասել է Ստոլտենբերգը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հարավկովկասյան այցի վերջին հանգրվանը Երևանն էր, ուր Ստոլտենբերգը հանդիպումներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ:
Հայաստանի վարչապետի հետ հանդիպմանը Ստոլտենբերգը բարձր է գնահատել Երևանի երկարաժամկետ գործընկերությունը և ներդրումը ՆԱՏՕ-ի գործողություններում, այդ թվում՝ Կոսովոյի խաղաղապահ առաքելության շրջանակներում զորքերի թվի ավելացումը։
Խոսելով Հարավային Կովկասում կայունության մասին՝ գլխավոր քարտուղարը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին հասնել համաձայնության կայուն խաղաղություն հաստատելու համար։
«Սա կարևոր է եվրատլանտյան անվտանգության համար, քանի որ մենք ապրում ենք ավելի վտանգավոր աշխարհում»,- ընդգծել է նա՝ վերահաստատելով, թե «ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև [Հայաստանի] խաղաղ ձգտումներին»։
«Կոչ եմ անում երկու երկրներին համաձայնության գալ, որը ճանապարհ է հարթում հարաբերությունների կարգավորման և ձեր ժողովրդի համար կայուն խաղաղության համար»,- հավելել է նա։
Երևանում գլխավոր քարտուղարը նախազգուշացրել է․ «Եթե Պուտինը հաջողության հասնի Ուկրաինայում, իրական վտանգ կա, որ նրա ագրեսիան այնտեղ չի դադարի, և այն կխթանի մյուս ավտորիտար դերակատարներին»:
Յենս Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի գործընկերներին կոչ է արել «անել ամեն ինչ, որպեսզի Պուտինը չհաղթի իր ագրեսիվ պատերազմում»:
Այցի ընթացքում ալյանսի գլխավոր քարտուղարը քննարկել է նաև Հայաստանում ներքին բարեփոխումների իրականացման առաջընթացը և կարևորել Հայաստանի հանձնառությունը՝ ապահովելու իր զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողությունը, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի ծրագրերին մասնակցելու միջոցով:
«Դուք նաև իրական հանձնառություն եք դրսևորել կոռուպցիայի դեմ պայքարի, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման և օրենքի գերակայության պահպանման գործում»,- Երևանում ընդգծել է Յենս Ստոլտենբերգը: