Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում սպանվել է «Համասի» ներկայացուցիչը

Գազայի հատված, Ռաֆահ

Չորեքշաբթի իսրայելական անօդաչուների հարձակման հետևանքով Լիբանանի հարավում զոհվել են երկու հոգի, մեկը՝ «Համասի» ներկայացուցիչ էր։

Հիշեցնենք, ԱՄՆ-ն, Եվրամիությունը, Մեծ Բրիտանիան ու այլ երկրներ «Համասը» ճանաչել են ահաբեկչական կազմակերպություն:

Անօդաչուն հարվածել է ավտոմեքենային Միջերկրական ծովի ափին գտնվող Տիր քաղաքի մոտ։ Լիբանանյան լրատվամիջոցների փոխանցմամբ, սպանվածները «Ռաշիդիե» փախստականների ճամբարից էին, ուր «Համասն» ամուր ներկայություն ունի:

Ի հավելումն՝ Իսրայելի զինուժը չորեքշաբթի հայտարարեց, թե օդային հարվածներ են հասցվել Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիս քաղաքին, նաև՝ ցամաքային գործողություններ են ձեռնարկել Գազայի կենտրոնական շրջանում:

«Համասի» վերահսկողության ներքո գտնվող Գազայի առողջապահական ծառայության փոխանցմամբ, նախորդ ժամերին ևս 88 պաղեստինցի է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով, և անցած տարվա հոկտեմբերի 7-ից մեկնարկած ռազմական գործողությունների պատճառով Գազայում սպանվածների թիվն անցել է 31 հազարը, վիրավորներինը՝ 73 հազարը:

Երեքշաբթի ուշ երեկոյան իսրայելական ուժերը Երուսաղեմի մերձակայքում գտնվող Ալ-Ջիբ գյուղում գնդակահարել են երկու պաղեստինցու այն բանից հետո, երբ, իսրայելական ոստիկանության հաղորդմամբ, հինգ պաղեստինցիներից բաղկացած մի խումբ ռումբեր է նետել մայրուղու ուղղությամբ: Բացի այդ՝ Երուսաղեմի ծայրամասում գտնվող պաղեստինցի փախստականների ճամբարում իսրայելական ուժերի հետ տեղի ունեցած բախումների հետևանքով սպանվել է 12-ամյա մի տղա:

Գազային ցուցաբերվող միջազգային օգնությունը

Իսպանական բարեգործական նավը՝ ավելի քան 200 տոննա մարդասիրական բեռով, երեքշաբթի Կիպրոսից ուղղություն է վերցրել Գազա՝ սովահար պաղեստինցիներին սնունդ հասցնելու նպատակով: Նախաձեռնությունը «World Central Kitchen»-ինն է՝ հայտնի խոհարար Խոսե Անդրեսի հիմնադրած բարեգործական կազմակերպությանը։ Անդրեսը նույնպես նավի վրա է:

Ըստ Կիպրոսի արտգործնախարար Կոնստանտինոս Կոմբոսի, նմանատիպ առաքելության համար Կիպրոսում նախապատրաստվում է երկրորդ նավը: Ելույթ ունենալով Բեյրութում՝ Կոմբոսն ասել է․ «Աշխատում ենք առաջին բեռնափոխադրումն անվտանգ տեղ հասցնելու, այնուհետև՝ [մարդասիրական օգնությունը] անվտանգ բաշխելու ուղղությամբ: Եթե ամեն ինչ ընթանա ծրագրվածի համաձայն, գործի ենք դնելու երկրորդ՝ շատ ավելի մեծածավալ բեռներ տեղափոխելու համար նախատեսված մեխանիզմը։ Այնուհետև, կաշխատենք, որպեսզի այն դառնա ավելի համակարգված գործողություն՝ ավելի մեծ ծավալներ տեղափոխելու համար»:

Զուգահեռաբար՝ հայտնի է, որ ԱՄՆ զինուժին պատկաբող նավը ուղղություն է վերցրել Միջերկրական ծով՝ Գազայի հատվածում ժամանակավոր նավամատույց կառուցելու առաքելությամբ, որի միջոցով հնարավոր կլինի ավելի շատ մարդասիրական օգնություն տեղ հասցնել պաղեստինյան տարածքներ։ Սակայն նավամատույցի կառուցումը կարող է տևել մոտ երկու ամիս:

Զինադադարին սպասելիս

Թեև Միացյալ Նահանգները, Կատարն ու Եգիպտոսը հույս ունեին հասնել Գազայում կրակի դադարեցմանը մահմեդականների Ռամադան ամսվա մեկնարկին, որն այս տարի սկսվեց մարտի 11-ին, որի դիմաց «Համասը» պետք է ազատ արձակեր իսրայելցի պատանդներին, իսրայելական բանտերից պետք է դուրս գային դատապարտված պաղեստինցիները, և արդյունքում՝ հնարավոր լիներ մեծացնել Գազա առաքվող մարդասիրական օգնությունը, սակայն անցած շաբաթ բանակցությունները մտան փակուղի։

Միացյալ Նահանգները հորդորում է Իսրայելին հետ չկանգնել զինդադարի շուրջ բանակցությւոններից՝ երեքշաբթի լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը․ «Կարծում ենք, դեռ հնարավորություն կա կյանքի կոչել այս համաձայնությունը, չնայած Ռամադանն արդեն իսկ մեկնարկել է»:

Ամերիացի բարձրաստիճան պաշտոնյան հրաժարվել է հաստատել տեղեկությունը, թե Սպիտակ տունը դիտարկում է Իսրայելին ամերիկյան ռազմական օգնության տրամադրման դիմաց պայմաններ առաջ քաշելու հնարավորությունը, եթե իսրայելական ռազմուժը ցամաքային գործողություններ սկսի Ռաֆահ բնակավայրում՝ առանց տեղի քաղաքացիական անձանց պաշտպանելու ծրագրերի:

Հիշեցնենք, Եգիպտոսի սահմանին մոտ գտնվող Ռաֆահում են ավելի քան 1 միլիոն պաղեստինցիներ՝ փախչելով Գազայի հյուսիսային ու կենտրոնական շրջաններից:

Ջեյք Սալիվանը կրկնել է ԱՄՆ կառավարության դիրքորոշումը, թե Վաշինգտոնը չի աջակցում Ռաֆահում ռազմական գործողությանը, որը «[կարող է] կտրել մարդասիրական օգնություն տեղ հասցնելու հիմնական զարկերակները՝ հսկայական ճնշում ստեղծելով Իսրայել-Եգիպտոս սահմանին»։

Ամերիկացի պատանդի մահը

Նախագահ Ջո Բայդենը երեքշաբթի իր վշտակցությունն է հայտնել Ամերիկայում ծնված 19-ամյա իսրայելցի զինվորական Իթայ Չենի մահվան կապակցությամբ։ Նախկինում ենթադրվում էր, որ Չենը պատանդ է «Համասի» զինյալների ձեռքին, սակայն իսրայելական զինվորականներն այս շաբաթ հայտարարեցին, որ նա զոհվել է հոկտեմբերի 7-ին տեղի ունեցած պաղեստինցի զինյալների հարձակման ժամանակ:

«Վերահաստատում եմ իմ խոսքը տակավին պատանդի կարգավիճակում գտնվողների ընտանիքներին՝ մենք ձեզ հետ ենք: Երբե՛ք չենք դադարի աշխատել ձեր սիրելիներին տուն վերադարձնելու համար»,- ասված է Բայդենի անունից Սպիտակ տան տարածած հայտարարությունում:

Սալիվանն, իր հերթին, անդրադարձել է «Համասի» կողմից պահվող մյուս պատանդների ճակատագրին՝ նշելով, որ Միացյալ Նահանգները չի կարող պարզել, թե «արդյոք նրանք դեռ ողջ են»:

Սույն հրապարկման համար օգտագործվել են «Associated Press», «Reuters» և «Agence France-Presse» գործակալությունների նյութերը