Արաբական համայնքի ու ընդհանրապես՝ մահմեդականների ներկայությունը Միչիգան նահանգի Դիրբորն քաղաքում նկատելի է գրեթե ամենուր: Վրդովված Գազայի հարցում նախագահ Ջո Բայդենի գլխավորած վարչակազմի քաղաքականությունից՝ համայնքը որոշել է իր բողոքն արտահայտել քվեարկության միջոցով։
«Զայրույթը, որ զգում եմ նրա՝ [նախագահ Բայդենի] հանդեպ ուղղակի հնրավոր չէ չափել։ Անգամ համեմատելի չէ նրա հետ, ինչ զգացի Թրամփի նկատմամբ։ Դավաճանություն է։ Ենթադրությունը, թե Դեմոկրատական կուսակցությունը բարոյական բարձր արժեքների կողքին է, պաշտպանում է մարդու իրավունքներն ու փոքրամասնություններին․․․ այդ ամենը գոյություն չունի այլևս»,- ասում է Միչիգանում գործող «Հրաժարվե՛ք Բայդենից» նախաձեռնության համանախագահ Սամրաա Լուքմանը:
Your browser doesn’t support HTML5
Լուքմանը մեծ դեր ունի Բայդենի վարչակազմի դեմ ուղղված նախաձեռնության ստեղծման գործում, ինչի արդյունքում անցած ամիս Միչիգանում՝ դեմոկրատների փրայմերիզի ժամանակ զգալի թվով ընտրողներ հրաժարվեցին քվեարկել Սպիտակ տան ղեկավարի օգտին։ Սա լուրջ ազդանշան էր նախագահ Ջո Բայդենի համար, թե ԱՄՆ նախագահական ընտրությունների համար կարևոր նահանգներից մեկում կարող է կորցնել արաբական ծագմամբ ամերիկացիների ձայները:
«Արաբական ծագմամբ ամերիկացիների մեծ մասը հարում է դեմոկրատներին՝ մոտ երկու անգամ ավելի շատ, քան հանրապետականներին: [Վաշինգտոնի] մերձավորարևելյան քաղաքականությունը միանշանակ դեր խաղում է արաբական ծագմամբ ամերիկացիների և մահմեդական ընտրողների մեծամասնության համար, երբ նրանք կայացնում իրենց վերջնական որոշումները, թե ում օգտին քվեարկել»,- ասում է Միչիգան-Դիրբորն համալսարանի ներկայացուցիչ Ամնի Շուրայդին։
2016 թվականին Միչիգանում՝ հանրապետականների փրայմերիզին Դոնալդ Թրամփը հաղթեց 11 հազարից պակաս ձայնով։ Նույն թվականին Բայդենն առաջին էր դեմոկրատների փրայմերիզում՝ մոտ 120 հազար ձայնով։
Այսօր նահանգում բնակվում են 200 հազարից մինչև 300 հազար արաբական ծագմամբ ամերիկացիներ, թեև ոչ բոլորն ունեն քվեարկելու իրավունք:
«Պատճառ կա, թե ինչու ենք կենտրոնացած Միչիգանի արաբական համայնքի ուղղությամբ, քանի որ նրանք ունեն գրեթե այնքան ձայն, [որքան անհրաժեշտ է] ընտրությունների ելքը որոշելու համար»,- ասում է Ուեյնի պետական համալսարանի ներկայացուցիչ Ջեֆրի Գրինավիսկին։
«Համասի» վերահսկողության ներքո գտնվող Գազայի առողջապահության նախարարության տվյալներով, ռազմական գործողությունների հետևանքով պաղեստինցի զոհերի թիվն անցել է 30 հազարը։ Արաբական ծագմամբ ամերիկացիները դժգոհում են հատկապես այն հանգամանքից, որ իսրայելական կողմին շարունակում է տրամադրվել ամերիկյան սպառազինություն
«Եթե լինեի Բայդենի խորհրդական, ապա իմ մտահագության առարկան չէին լինի միայն արաբական ծագմամբ ամերիկացիները, այլև՝ երիտասարդությունը, քանի որ [երիտասարդների] ճնշող մեծամասնությունը զզվում է իր տեսածից»,- շարունակում է Գրինավիսկին:
Միչիգանում կայացած դեմոկրատների փրայմերիզից հետո Բայդենի նախընտրական շտաբի խոսնակն ասաց, որ նախագահը ականջալուր է այն ընտրողներին, ովքեր քվեարկել են բոլոր թեկնածուների դեմ, և որ Ջո Բայդենը կիսում է արդար, կայուն խաղաղության հասնելու նպատակը:
Բայց արաբական ծագմամբ որոշ ամերիկացիների խոսքով, իրենց համար այլևս հետադարձի ճանապարհ չկա:
«Նույնիսկ եթե նա՝ [նախագահ Բայդենը] որոշի ամբողջությամբ փոխել իր դիրքորոշումը, [միևնույն է] արդեն այնքան մեծ վնաս է հասցրել»,- ասում է քոլեջի սան Յուսեֆ Ահմեդը։
«Ասում ենք՝ բավակա՛ն է: Այլևս չենք ցանկանում, որ մեր վճարած հարկերն ուղղվեն ռումբեր գնելուն ու Իսրայելին ավելի շատ ռազմական օգնություն տրամադրելուն՝ պաղեստինցիներին ռմբակոծելու համար: Նախընտրում ենք այդ գումարն ուղղել մեր դպրոցներ»,- նշում է Միչիգան նահանգի բնակիչ Ադամ Աբուսալահը։
Քաղաքական տեսանկյունից հարցը միայն նախագահական ընտրությունները չեն։ Լուքմանի խոսքով, օրինակ, Սենատի համար պայքարում արաբական ծագմամբ ամերիկացիները կարող են քվեարկել պաղեստինյան ծագմամբ հանրապետական Ջասթին Ամաշի օգտին և ոչ թե իսրայելամետ դեմոկրատ Էլիսա Սլոտկինի:
«Տեսնենք՝ [հնարավոր է] Միչիգանից հանրապետական սենատոր ընտրվի: Դեմոկրատական կուսակցությունը կորցնելու շատ բան ունի՝ շատ ավելին, քան պարզապես նախագահական [ընտրապայքարի համար նախատեսված ձայները]»- ասում է Սամրաա Լուքմանը:
Նահանգում ընտրապայքարը, իրոք, կարող է սուր անցնել, հատկապես, եթե որոշիչ լինեն Միչիգանի արաբական համայնքի ձայները: