Ընդամենը մեկ տարի առաջ 13-ամյա Մուսկա Շաջին հույս չուներ շարունայկել կրթությունը։
2021 թվականի օգոստոսին Աֆղանստանում իշխանության գալուց հետո թալիբներն արգելեցին վեցերորդ դասարանից բարձր աղջիկներին կրթություն ստանալ: Մուսկայի ծնողների խոսքով, կյանքը գնալով ավելի վտանգավոր էր դառնում, ուստի նախընտրեցին հեռանալ երկրից:
Այժմ Մուսկան յոթերորդ դասարանի աշակերտ է Կալիֆոռնիայի Մաունթին Հաուսի դպրոցում՝ Սան Ֆրանցիսկոյից մոտ հարյուր կիլոմետր արևելք:
Վստահեցնում է՝ եթե մնար Աֆղանստանում, պարզապես չէր կարող դպրոց հաճախել. «Ցավոք, սա է իրականությունը երրորդ և չորրորդ դասարանի իմ նախկին դասընկերների համար: Նրանք չեն կարողանում մուտք գործել դպրոց և չունեն այլ երկիր տեղափոխվելու հնարավորություն՝ իրենց երազանքներն իրականացնելու համար»:
Սիրատ Շաջին՝ Մուսկայի եղբայրը, ասում է, որ իրենց բախտը բերել է, որ կարողացել են տեղափոխվել ԱՄՆ․ «Այժմ Մուսկան կարող է շարունակել ինձ հետ դպրոց հաճախել։ Բայց ցավում եմ, որ աֆղան աղջիկներն այլևս չեն կարող դպրոց գնալ՝ ներառյալ մեր բոլոր դասընկերներն ու հարազատները»։
Թալիբները ոչ միայն արգելել են աղջիկներին հաճախել միջնակարգ ու ավագ դպրոցներ և համալսարաններ, նաև արգելել են կանանց աշխատել պետական կառույցներում, հասարակական կազմակերպություններում։ Կանայք չպետք է այցելեն հանրային այգիներ ու մարզասրահներ։
Մուսկայի և Սիրաթի մայրը՝ Զուհալ Շաջին, ուսուցչուհի էր Քաբուլում, և նրա համար անչափ կարևոր էր իր երեխաների կրթությունը․ «Ինձ համար կարևոր խնդիր էր, որ չէի կարողանում դասավանդել։ Հիմա, փառք Աստծո, կարող եմ նրանց օգնել ուսման մեջ»։
Մուսկայի խոսքով, հաճախ է մտածում աֆղան աղջիկների մասին, ովքեր չեն կարողացել հեռանալ երկրից։ Աղոթում է, որ իր հայրենիքում կրթությունը վերստին հասանելի դառնա աղջիկներին, և իր ընկերները ևս կրթություն ստանան:
Թալիբ պաշտոնյաները շարունակում են պնդել, որ Աֆղանստանում աղջիկների՝ միջնակարգ կրթություն ստանալու արգելքը ժամանակավոր է, սակայն փաստն այն է, որ այն գործում է արդեն երկու տարի: