Ի՞նչ է տեղի ունենում արևելյան Ուկրաինայում Ավդիիվկայի անկումից հետո

Շատերը փախչում են Ուկրաինայի արևմուտք։ Ոմանք նախընտրում են մնալ և դիմանալ՝ չցանկանալով դառնալ փախստական

Անցած ամիս Ավդիիվկայի անկումը, որը ուկրաինացիները պաշտպանում էին գրեթե 10 տարի, պատերազմը մոտեցնում է տեղի խաղաղ բնակչությանը: Շատերը փախչում են Ուկրաինայի արևմուտք։ Ոմանք նախընտրում են մնալ և դիմանալ՝ չցանկանալով դառնալ փախստական:

Ուկրաինացի ոստիկանները փորձում են համոզել ռազմաճակատին այլևս մոտ բնակվող ընտանիքներին, որ ժամանակն է տարհանվել։ Շատերի տներում հստակ լսվում են պայթյունների ձայները, որոնք վկայում են, թե Ուկրաինայի արևելյան որոշ շրջանների գյուղերին որքան է մոտեցել առաջնագիծը:

Սակայն ուկրաինացի իրավապահների ու զինվորականների հորդորները միշտ չէ, որ դրական արձագանք են գտնում տեղի բնակիչների շրջանում: Ոմանք տակավին երկմտում են՝ արդյո՞ք պետք է հեռանալ:

73-ամյա Պարասկովիան, ով չցանկացավ հայտնել իր ազգանունը, ասում է, որ մտահոգված է․ «Իրավիճակը ․․․։ Գիտե՞ք, այս բարձր պայթյունները ինձ մի փոքր վախեցնում են։ Սարսափելի է»։

Your browser doesn’t support HTML5

Ինչպե՞ս են ապրում մարդիկ արևելյան Ուկրաինայում՝ Դոնբասի շրջանում, առաջնագծից ոչ հեռու

Չնայած վտանգին՝ Պարասկովիայի ընտանիքը որոշել է մնալ։ Ասում են, որ գնալու տեղ չունեն:

Դոնբասի այս հատվածում գրեթե տասը տարի տևած մարտերից հետո, առաջնագիծը մոտեցել է շատերի տներին՝ փետրվարին Ավդիիվկայի անկումից հետո:

Այդ ժամանակից ի վեր այս հատվածում ռուսական զորքերը դանդաղ, բայց շարունակաբար առաջ են շարժվում: Նրանք այժմ Օչերետինո բնակավայրից հեռու են մոտ հինգ կիլոմետր։ Օչերետինոն ավերված է։

Տարածաշրջանի ամենամեծ բնակավայրից՝ Պոկրովսկից, ամեն օր գնացք է մեկնում Ուկրաինայի արևմուտք։ Փոխադրում է նրանց, ովքեր ցանկություն են հայտնել հեռանալ:

«Պատերազմը մոտենում է։ Լսում ենք։ Տեսնում ենք։ Պոկրովսկը ռմբակոծվում է»,- ասում է տեղի բնակիչ Կատերինա Կիրիլովնան։

Կատերինան ապրում է Ավդիիվկայից արևմուտք ընկած գյուղերից մեկում, որը ուկրաինական ուժերի վերահսկողության ներքո է։ Որոշել է իր թոռանը՝ 15-ամյա Տանյային, ուղարկել առաջնագծից հեռու՝ ապահով մի վայր, իսկ ինքը, ինչպես շատերը, նախընտրում է մնալ:

Երկաթուղային կայարանում ուկրաինացի բազմաթիվ զինվորներ են։ Ավդիիվկայի արյունալի մարտերից հետո, վերջապես, տուն են գնում՝ հանգստանալու։

«Իմ սիրտը մնացել է այնտեղ։ Սա միակ բանն է, որ կարող եմ ասել»,- նշում է ուկրաինացի զինվորական Մոնյան:

Նախորդ երկու տարիներին Մոնյան ընդամենը երկու անգամ է թողել առաջնագիծը։ Ավդիիվկայից քաոսային նահանջի ժամանակ հանդիպեց Տանյային և նրա տատիկին։ Միասին էին նախորդ օրերին, և այժմ Մոնյան իրեն պատասխանատու է համարում՝ երիտասարդ աղջկան իր մայրիկին հասցնելու համար, ով այժմ բնակվում է Ուկրաինայի կենտրոնական հատվածում:

Խոսքերը կարճ էին, բայց Մոնյայի աչքերում հեշտությամբ կարելի էր նկատել, թե ինչպես է իր հետ տանում պատերազմի սարսափները՝ մի պատերազմի, որը, կարծես, հեռու է ավարտվելուց:

Հոդվածը պատրաստվել է Յան Բոչատի նյութի հիման վրա