Բայդենն ու Թրամփը մոտ են հարազատ կուսակցությունների կողմից ԱՄՆ նախագահի թեկնածուներ հռչակվելուն

«Սուպեր երեքշաբթի» փրայմերիզներ են տեղի ունեցել ԱՄՆ 15 նահանգներում և Խաղաղ օվկիանոսում գտնվող Ամերիկյան Սամոայում, որը ԱՄՆ նահանգ չէ, սակայն համարվում է Միացյալ Նահանգների տարածք։

Հատկապես «սուպեր երեքշաբթիի»՝ մարտի 5-ի փրայմերիզներից հետո, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մոտ են հարազատ կուսակցությունների կողմից Միացյալ Նահանգների նախագահի թեկնածուներ հռչակվելուն:

Դեմոկրատական ու հանրապետական կուսակցություններում կայացած ընտրությունների արդյունքները այլևս քչերի մոտ են կասկած թողնում, որ այս նոյեմբերին կայանալիք մրցապայքարում վերստին, ինչպես չորս տարի առաջ հանդիպելու են Ջո Բայդենն ու Դոնալդ Թրամփը։

«Սուպեր երեքշաբթիի» փրայմերզները 15 նահանգներում էին՝ Ալաբամա, Ալյասկա, Արկանզաս, Կալիֆոռնիա, Կոլորադո, Հյուսիսային Կարոլինա, Մեյն, Մասաչուսեթս, Մինեսոտա, Օկլահոմա, Թենեսի, Տեխաս, Յուտա, Վերմոնտ, Վիրջինիա, ինչպես նաև Խաղաղ օվկիանոսում գտնվող Ամերիկյան Սամոայում, որը ԱՄՆ նահանգ չէ, սակայն համարվում է Միացյալ Նահանգների տարածք։

«Խաղասեղանին» էին կուսակցական հարյուրավոր պատվիրակներ՝ ամենամեծ «ավարը» թեկնածուների համար:

Ե՛վ Բայդենը, և՛ Թրամփը հաղթել են 13 նահագներում՝ Ալաբամա, Արկանզաս, Մեյն, Մինեսոտա, Մասաչուսեթս, Հյուսիսային Կարոլինա, Կալիֆոռնիա, Օկլահոմա, Կոլորադո, Տեխաս, Թենեսի, Յուտա և Վիրջինիա նահանգներում:

Բացի այդ, Թրամփը շահել է Ալյասկայում հանրապետականների ձայները՝ այդպիսով ժողովելով ԱՄՆ նախագահի թեկնածու դառնալու համար անհրաժեշտ 1 215 պատվիրակներից 995-ի ձայները:

Իր հերթին՝ Բայդենը հաղթել է նաև Վերմոնտում նահանգում, սակայն, անսպասելիորեն, պարտություն կրել Ամերիկյան Սամոայում, ուր հաղթողը գործարար Ջեյսոն Փալմերն է՝ իր հաշվին ամրագրելով 51 կուսակցական պատվիրակի Բայդենի 40-ի դիմաց:

Բայդենն այժմ ունի 1 497 դեմոկրատական պատվիրակների ձայներ, իսկ հարազատ կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու առաջադրվելու համար անհրաժեշտ 1 968:

Հանրապետականների թեկնածուներից Նիկի Հեյլին «սուպեր երեքշաբթի» իր միակ հաղթանակը տարել է հյուսիսարևելյան փոքրիկ՝ Վերմոնտ նահանգում։

Ինչպես հաղորդում է «CBS» հեռուստաընկերությունը, «սուպեր երեքշաբթիի» արդյունքներից հետո, Հեյլին որոշել է դուրս գալ նախընտրական մրցավազքից։ Սպասվում է, որ այդ մասին կհայտարարվի առաջիկայում։

Նախագահ Բայդենի խոսքով, քվեարկության արդյունքները ամերիկացիներին տալիս են հստակ ընտրություն. «Առաջ կգնա՞նք, թե՞ թույլ կտանք Դոնալդ Թրամփին մեզ հետ շպրտել քաոսի, անմիաբանության և խավարի մեջ»:

Թրամփի ելույթում անթաքույց էր հաղթական տոնը․ «Իզուր չեն անվանում սուպեր երեքշաբթի։ Մեծ օր էր: Զարմանալի գիշեր»:

Սպիտակ տան նախկին ղեկավարը քննադատել է նախագահ Բայդենին՝ տնտեսական և արտաքին քաղաքականության համար՝ վերստին խոսելով Մեքսիկայի հետ սահմանին ստեղծված իրավիճակի մասին։

«Ամերիկան դարձյալ կդարձնենք ավելի մեծ, քան երբևէ»,- հայտարարել է Թրամփը։

Այսպիսով, 81-ամյա Բայդենը և 77-ամյա Թրամփը, կարելի է ասել, իրենց գերիշխանությունն են հաստատել հարազատ կուսակցություններում, չնայած երկուսն էլ խնդրի առջև են՝ տարիքի պատճառով: Այնուամենայնիվ, նրանցից ոչ մեկը լայն ժողովրդականություն չի վայելում ընտրողների շրջանում:

Ինչևէ, Թրամփը կարող է ամբողջացնել ԱՄՆ նախագահի թեկնածու դառնալու համար անհրաժեշտ թվով պատվիրակների ձայները և դառնալ հանրապետականների թեկնածուն արդեն մարտի 12-ին։ Բայդենի պարագայում այդ օրը կարող է լինել մարտի 19-ը։

Ի տարբերություն Բայդենի, որը դեմոկրատների շրջանում չունի լուրջ մրցակիցներ, Թրամփի պարագայում կարող է հաշիվները խառնել ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Նիկի Հեյլին, քանի դեռ չի հայտարարել մրցապայքարը թողնելու մասին:

Հեյլին խոստացել էր շարունակել պայքարը մինչև «սուպեր երեքշաբթի»։ Այժմ հայտնի է, որ նա չի պատվիրել լրացուցիչ հեռուստագովազդ այն նահանգներում, ուր դեռ պետք է կայանան փրայմերիզներ: Նրա քարոզարշավի որոշ խոշոր դոնորներ դադարեցրել են նվիրատվությունները:

«Սուպեր երեքշաբթիից» առաջ Թրամփը հաղթել էր հանրապետականների բոլոր փրայմերիզներում, բացառությամբ Վերմոնտի և ԱՄՆ մայրաքաղաքի՝ Վաշինգտոնի ներկուսակցական ընտրություններում, ուր կիրակի հաղթանակ տարավ Հեյլին:

Բոլոր այն նահանգներում, ուր երեքշաբթի փրայմերիզներ էին, հաղթողը ստանում է կուսակցական բոլոր պատվիրակների ձայները, ոչ թե նրանց մի մասի՝ հիմք ընդունելով, թե թեկնածուն քանի տոկոս է ստացել ներկուսակցական ընտրությունների արդյուքնում: Այս կարգը, ըստ երևույթին, մեծ օգուտ է Թրամփին:

Թրամփը նախագահ է ընտրվել 2016 թվականին, սակայն 2020 թվականին պարտվեց Բայդենին։ Համապետական սոցհարցումները ցույց են տալիս, որ ԱՄՆ նախագահական ընտրություններից ութ ամիս առաջ նա մի փոքր առավելություն ունի Բայդենի նկատմամբ:

Ինչ վերաբերում է Բայդենին, ապա Սպիտակ տան ներկայիս ղեկավարը գործնականում չունի մրցակիցներ Դեմոկրատական կուսակցության ներսում։ Սակայն քաղաքագետների ուշադրության կենտրոնում է, թե հատկապես Մինեսոտայի ընտրողների քանի տոկոսը կնախընտրի նշում կատարել «Բոլոր թեկնածուներին դեմ» վանդակի դիմաց՝ նման կերպ բողոքելով մերձավորարևելայն հակամարտության ժամանակ Վաշինգտոնի կողմից Իսրայելին ցուցաբերվող աջակցության դեմ:

Հիշեցնենք, անցած շաբաթ Միչիգանում դեմոկրատների փրայմերիզի ժամանակ նման կերպ քվերակել էր ընտրողների մոտ 13%-ը։ Այդ նահանգում է ԱՄՆ արաբական ամենամեծ համայնքը: