ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենը և պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, երկուշաբթի Սպիտակ տանը տեղի ունեցած արարողության ժամանակ պատվել են «Քաջարի կին» 2024 թվականի միջազգային մրցանակաբաշխության հաղթողներին:
«Նրանք պաշտպանում են Բանգլադեշում տեղի աշխատավորների և Աֆղանստանում հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքները, պայքարում են Ուգանդայում կոռուպցիայի, [իսկ] Ճապոնիայում՝ սեռական ոտնձգությունների դեմ: Պաշտպանում են հակամարտությունների ժամանակ տուժած երեխաներին, Բոսնիա և Հերցեգովինայում՝ պատերազմի ժամանակ բռնաբարվածներին և մարտնչում են Բելառուսում ժողովրդավարության համար»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը:
ԱՄՆ առաջին տիկինն ընդգծել է՝ առանձնահատուկ կարևորություն ունի խիզախ կանանց ձայնը։
«Ձեր մեծ գործերը կարող են ոգեշնչել ուրիշներին՝ կյանքի կոչելու իրենց մեծ ու փոքր փոփոխությունները: Սա ապագայի երգն է, որը ոգեշնչում է մեզ, որպեսզի նույնպես կարողանանք լինել արդարության փնտրողներ ու ազատության պաշտպաններ»,- ասել է Ջիլ Բայդենը:
Your browser doesn’t support HTML5
Պարգևատրվածների թվում էր իրանցի ակտիվիստ Ֆարիբա Բալուչը՝ «Ամերիկայի ձայնի» վավերագրական ֆիլմերից մեկի հերոսուհին: Ֆարիբան ազգությամբ բելուջ է, և չնայած ահաբեկումներին, զգալի ջանք է գործադրել Իրանի հարավարևելյան՝ Սիստան և Բելուջիստան նահանգում մարդու իրավունքների իրական՝ ծանր վիճակի մասին աշխարհին տեղեկացնելու համար:
Գամբիացի Ֆաթու Բալդեն, օրինակ, նեևրկայացրել է կանանց սեռական օրգանների անդամահատմանը վերջ տալու սեփական պայքարը:
«Կանանց սեռական օրգանների անդամահատմանը մինչև 2030 թվականին վերջ դնելը ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներից հինգերորդն է, սակայն 2024 թվականին աշխարհում մոտ 4․4 միլիոն աղջիկներ նման վտանգի առջև են»,- ասել է Բալդեն:
Վաշինգտոնում պարգևատրել են 11 կանանց։ Այլախոհ Մարթա Բեատրիս Ռոկե Կաբելոյին Կուբայի կառավարությունը թույլ չի տվել լքել կղզին՝ իր մրցանակը ստանալու համար:
Արարողության ժամանակ հատուկ հիշատակվել է Նիկարագուայից ինը կանանց գործունեությունը, որոնք անցած տարի այդ երկրում ազատ արձակված քաղբանտարկյալների խմբից էին:
«Բոլորն անխոնջ պայքարել են կոռուպցիայի, բռնաճնշումների, խտրականության, ոտնձգությունների դեմ, և արժանապատվության համար»,- այդ կանանց մասին ասել է Սպիտակ տան քաղաքական ռազմավարության և հաղորդակցության բաժնի ղեկավար Էմմի Ռուիսը:
Միացյալ Նահանգներում գտնվելու ընթացքում մրցանակակիրները ոչ միայն կմասնակցեն բարձր մակարդակի քաղաքական հանդիպումների և հանրային միջոցառումների, այլև կմեկնեն Լոս Անջելես՝ աշխատելու ամերիկացի գործընկերների հետ: