Նիկի Հեյլին, ով հավակնում է դառնալ ԱՄՆ նախագահի հանրապետականների թեկնածուն, կիրակի հաղթանակ է տարել Վաշինգտոնում կայացած հանրապետականների ներկուսակցական ընտրություններում՝ փրայմերիզում: Նա ստացել է ձայների 62,9%-ը, իսկ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը՝ 33,2%-ը։
Հիշեցնենք, որ Վաշինգտոնը 19 պատվիրակ է ուղարկելու հուլիսին կայանալիք Հանրապետականների ազգային համագումարին, ուր տեղի կունենա նախագահի հանրապետական թեկնածուի պաշտոնական առաջադրումը։ Պատվիրակների ընդհանուր թիվը 2429 է։
2016 թվականին Կոլումբիայի դաշնային շրջանում անցկացված վերջին հանրապետական մրցապայքարում, Թրամփի ստացած ձայները չէին հատել 14%-ը և նա չէր ստացել ոչ մի պատվիրակ, թեև համապետական մակարդակով հաղթել էր հանրապետականների թեկնածուն դառնալու պայքարում:
Անցած ուրբաթ Հեյլին Վաշինգտոնում նախընտրական հանդիպումներ է անցկացրել։ Քաղաքում Թրամփը գործնականում քարոզարշավ չի վարել։
ԱՄՆ մայրաքաղաքում Դեմոկրատական կուսակցության փրայմերիզը կանցկացվի հունիսին։
Միևնույն ժամանակ, երկուշաբթի Միացյալ Նահանգների Գերագույն դատարանը պետք է կարևոր վճիռ կայացնի՝ Կոլորադո նահանգում նախնական ընտրություններից մեկ օր առաջ, ուր, հիշեցնենք, նահանգի Գերագույն դատարանը փրայմերիզի քվեաթերթիկներից հեռացրել է Թրամփի անունը՝ 2021 թվականին ԱՄՆ Կոնգրեսի վրա հարձակման մեջ նրա ներգրավվածության պատճառով։
Դատարանը չի հստակեցրել, թե ինչ որոշում կկայացնի, սակայն փետրվարի 8-ին դատավորները լսել էին Կոլորադոյի դատարանի որոշումը բողոքարկելու Թրամփի ներկայացրած փաստարկները։
Կոլորադոն այն նահանգներից է, ուր փրայմերիզներն անցկացվում են «սուպեր երեքշաբթի»՝ մարտի 5-ին։ Այդ օրը ներկուսակցական ընտրություններ են անցկացվելու ԱՄՆ մեկուկես տասնյակ նահանգներում։
Թրամփի իրավասությանը վերաբերող գործի առնչությամբ Կոլորադոյի հանրապետականները դիմել էին ԱՄՆ Գերագույն դատարանին, որպեսզի այն մինչև երեքշաբթի որոշում կայացնի: