Պատերազմի ժամանակ Ուկրաինան չթողած օտարերկրացիները

Ռուս-ուկրաիանական պատերազմ

Չնայած ռազմական գործողություններին բազմաթիվ օտարերկրացիներ շարունակում են ապրել Ուկրաինայում՝ չդադարող հրետակոծությունների ներքո և առօրյա վտանգների ու դժվարությունների պայմաններում։ «Ամերիկայի ձայնը» զրուցել է ԱՄՆ և Դանիայի քաղաքացիների հետ, որոնք նախընտրել են մնալ պատերազմող երկրում։

ԱՄՆ Կոնգրեսում աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Սթիվեն Մուրը գրեթե երկու տարի է, ինչ Կիևում է՝ Վաշինգտոնում իր ապահով ու բարեկեցիկ կյանքը փոխարինելով Ուկրաինայի մայրաքաղաքի սառը ապաստարանի հետ։

«Նստեցի ինքնաթիռ և հասա Ուկրաինա՝ պատերազմի հինգերորդ օրը։ Գնել եմ հեռադիտակներ, տարբեր տեսակի լապտերներ, բժշկական պարագաներ և նման բաներ։ Դրանք պարզապես խցկեցի չորս ճամպրուկների մեջ ու եկա»,- պատմում է Մուրը:

Հիշում է՝ մինչ փորձում էր մուտք գործել Ուկրաինա, բազմաթիվ մարդկանց երկար հերթեր էին, որոնք ձգտում էին ժամ առաջ հեռանալ երկրից:

Ավելի ուշ՝ Սթիվենը ԱՄՆ-ում ստեղծեց շահույթ չհետապնդող կազմակերպություն՝ Կիևին օգնելու համար, և տեղափոխվեց Ուկրաինայի մայրաքաղաք:

«Սիրում եմ Ուկրաինան։ Ազատությունն ինձ համար կարևոր արժեք է, և տեսնում եմ, որ ուկրաինացիները պայքարում են իրենց ազատության համար»,- ասում է Մուրը՝ պատասխանելով հարցին, թե ինչն է իրեն բերել Ուկրաինա։

Ամերիկացի նախկին պաշտոնյան Կոնգրեսի իր գործընկերներին ժամանակ առ ժամանակ տեղեկացնում է, թե ինչ է կատարվում Ուկրաինայում․ անցած տարվա սեպտեմբերից ի վեր ԱՄՆ օրենսդիր մարմնում ունեցել է մոտ հարյուր հանդիպում:

«Ամերիկան պատրանքի ներքո է, թե իբր ընտրություն ունի՝ մասնակցել, կամ չմասնակցել Եվրոպայում և Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմներին: Իրականում, ընտրությունը պետք է լինի հետևյալի մեջ՝ զե՞նք ենք ուղարկում, թե՞ զորք՝ պաշտպանելու ուկրաինացիներին, քանի որ Պուտինը չի պատրաստվում կանգ առնել»,-ասում է Սթիվեն Մուրը։

Նա չի ցանկանում վերադառնալ հայրենիք:

Նույն մտքին է դանիացի Կարեն-Մարի Կրագելունդը, ում խոսքով՝ այժմ Կիևն է իր հայրենի քաղաքը:

Դանիացի կինն ուկրաիներեն է սովորում։ Վարժ տիրապետում է ռուսերենին, բայց ցանկանում է խոսել Ուկրաաինայի պետական լեզվով:

«Եկա այստեղ՝ միանալու տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունաբերությանը, և մոտ վեց տարի առաջ սկսեցի իմ սեփական խորհրդատվական գործը: Հաջորդ շաբաթ նշելու եմ այստեղ գտնվելու 17-ամյակը»,- ասում է Կրագելունդը։

Երբ սկսվեց պատերազմը՝ մոտ երկու տարի առաջ, հարկադրված հեռացավ Ուկրաինայի արևմուտք։ Ավելի ուշ՝ աշխատանքի ընդունվեց Նիդեռլանդներում: Մեկ տարի անց, սակայն, որոշեց վերադառնալ Ուկրաինա. «Ինձ արդեն կիսաուկրաինացի եմ զգում։ Կարծում եմ, կարող եմ այստեղ ինչ-որ բաներ փոփել»։

Պատրեազմի մասին խոսելիս՝ այն կոչում է «մեր պատերազմը», և չի թաքցնում իր մեծ ցանկությունը՝ անել հնարավորը Ուկրաինային օգնելու համար։

«Ֆինանսական աջակցությունից բացի, օգնության այլ տեսակ է՝ այստեղ կազմակերպություններին խորհուրդ տալը: Այժմ աշխատում եմ շատ մեծ մի հասարակական կազմակերպության հետ»:

Ե՛վ Մուրը, և՛ Կրագելունդն ասում են, որ թեև ընկերներն ու հարազատները չեն հասկանում իրենց, բայց դադարել են համոզել, թե պետք է հեռանալ Ուկրաինայից: