Ռուսաստանը զարգացնում է «արբանյակները խոցող կարողություններ»․ Սպիտակ տուն

Ռուսաստանը մշակում է «հակաարբանյակային զենք»՝ հինգշաբթի հաստատել են Սպիտակ տանը։ Մոսկվայի նման նախաձեռնությունը ԱՄՆ-ում գնահատել են որպես սպառնալիք ամերիկյան ազգային անվտանգությանը։ Վաշինգտոնում նշում են, թե Կրեմլի նման գործողությունները կարող են խախտել տիեզերքում զենքերն արգելող պայմանագիրը:

Ամերիկայում շատերի հայացքները կարծես ուղղվել են երկինք, երբ Վաշինգտոնում պաշտոնապես հաստատվեց, որ Ռուսաստանն աշխատում է այնպիսի կարողության զարգացման ուղղությամբ, որը կարող է խախտել տիեզերքում զանգվածային ոչնչացման զենքերն արգելող պայմանագիրը:

«Կարող եմ հաստատել, որ այն կապված է հակաարբանյակային կարողության հետ, որը զարգացնում է Ռուսաստանը։ Ցանկանում եմ հենց սկզբից մի քանի բան հստակեցնել: Նախ, սա ակտիվ հնարավորություն չէ: Եվ թեև Ռուսաստանի այդ քայլերը անհանգստացնող են, սակայն որևէ մեկի անվտանգությանն անմիջական վտանգ չկա: [Այս պարագայում] չենք խոսում մի զենքի մասին, որը կարող է օգտագործվել մարդկանց վրա հարձակվելու կամ Երկրի վրա [որևէ օբյեկտ] ֆիզիկապես ոչնչացնելու համար»,- ասել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ջոն Քիրբին:

Հինգշաբթի ԱՄՆ Կոնգրեսում հավաք էր՝ հարցի առնչությամբ։

«Բոլորս տպավորված էինք, որ վարչակազմը շատ լուրջ է վերաբերվում դրան, և ունի իր գործողությունների ծրագիրը»,- ասել է հանրապետական կոնգրեսական Մայք Թըրները:

Պենտագոնի ներկայացուցիչների խոսքով, ԱՄՆ տիեզերական ուժերը պատրաստ են պաշտպանության: Դիտորդների ներկայացմամբ, Վաշինգտոնում գիտակցում են, թե ուր կարող է տանել նման զարգացումը տիեզերքում։

Your browser doesn’t support HTML5

Վաշինգտոնի բարձրաստիճան պաշտոնյաներն ասում են, որ Ռուսաստանը զարգացնում է տիեզերքում տեղակայված կարողություններ

«Եթե նախկինում տիեզերքը երկրորդական էր բոլոր մյուս ռազմական ուղղությունների համեմատ, այժմ այն առաջնահերթություն է Պենտագոնում, և նրանք իսկապես սկսում են առաջ շարժվել այս ուղղությամբ»,- ասում է «American Enterprise Institute»-ի ներկայացուցիչ Թոդ Հարիսոնը:

Գաղտնիք չէ, որ Երկրի վրա մարդկային գործունեության բազմաթիվ տեսակների համար՝ սկսած տեղորոշումից, վերջացրած՝ ռազմական գործով ու եղանակի կանխատեսմամբ, որքան կարևոր են տիեզերքում գործող արբանյակային կարողությունները։

Հարիսոնի ներկայացմամբ, Ռուսաստանի նախաձեռնած ծրագրից, անշուշտ, տեղյակ են այլ պետություններ, որոնք զարգացնում են սեփականը։

«Մենք տիեզերքն օգտագործում ենք ռազմական նպատակներով, և եթե հակառակորդը կարողանա զրկել մեզ տիեզերական համակարգերն օգտագործելու հնարավորությունից, նրանք կխլեն ԱՄՆ բանակի ամենամեծ առավելություններից մեկը: Այս պատճառով այլ երկրներ, հատկապես՝ Ռուսաստանն ու Չինաստանը, տարիներ շարունակ զարգացնում են այդ հակաարբանյակային կարողությունները»,- նշում է Թոդ Հարիսոնը:

Քիրբիի խոսքով, նման քայլով Ռուսաստանը կարող է խախտել Տիեզերքի մասին միջազգային պայմանագիրը՝ հավելելով, թե որպես հակաքայլ Վաշինգտոնում նախևառաջ մտորում են դիվանագիտության մասին:

«Մենք ծրագրում ենք ուղղակի խոսել ռուսների, ինչպես նաև դաշնակիցների և գործընկերների հետ»,- ասել է Քիրբին:

Սպառազինության վերահսկման գծով փորձագետները նշում են, որ 1967 կնքված Տիզերքի մասին պայմանագրում նշված չեն, թե ինչ հետևանքներ են հաջորդելու՝ փաստաթուղթը խախտելու պարագայում, սակայն պայմանագրի խախտումը, անշուշտ, անհանգստություն առաջ կբերի այլ տերությունների մոտ։

«Այս զարգացումը իր ազդեցությունը կթողնի համաշխարհային տնտեսության վրա։ Չինաստանը կանհանգստանա: Հնդկաստանը չափազանց կանհանգստնա, և սրանք երկրներ են, որոնց հետ Ռուսաստանը ավելի լավ հարաբերություններ ունի, քան մեզ հետ: Հնարավոր է որոշակի հակազդեցություն լինի, որը կդրդի Ռուսաստանին նահանջել»,- ասում է Սպառազինության վերահսկման ասոցիացիայի ներկայացուցիչ Դերիլ Քիմբալը:

Թե ինչ կպայմանավորվեն տերությունները, անշուշտ հայտնի չէ, իսկ մեզ մնում է զմայլվել տիեզերքով։