Արդյո՞ք Պուտինին կկալանավորեն Հայաստանում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը

Փորձագետներն անդրադարձել են Մոսկվայի ու Երևանի հարաբերությունների սառեցման պատճառներին

Կրեմլը անվտանգության երաշխիքներ է խնդրել Երևանից՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան ժամանելու դեպքում։

Հիշեցնենք, անցած տարվա մարտին Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) Պուտինին ձերբակալելու կարգադրություն իջեցրեց։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նախօրեին հայտարարել է, որ այս հարցով Մոսվան դիմել է Երևանին: Պեսկովի խոսքով, այն, որ Հայաստանը դարձել է ՄՔԴ անդամ և պարտավոր է կատարել միջազգային ատյանի դատավճիռները, չի կարող բացասական ազդեցություն չունենալ հայ-ռուսական հարաբերությունների վրա։ Միաժամանակ Կրեմլի խոսնակը հույս է հայտնել, որ խնդիրը լուծում կստանա երկխոսության միջոցով։

Մոսկվայից նման արձագանքի պատճառը բրիտանական «The Telegraph»-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրերս տված հարցազրույցն էր, որի ժամանակ, պատասխանելով Ռուսաստանի նախագահի հնարավոր ձերբակալության մասին հարցին, Փաշինյանը ասաց, թե այն իր իրավասություններից դուրս է, բայց նաև չխոսեց Պուտինի համար նախատեսված երաշխիքերի մասին։

«Ամերիկայի ձայնի» հետ զրույցում անդրադառնալով իրավիճակին՝ «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Վադիմ Դուբնովը կարծիք հայտնեց, թե սխալ կլինի Մոսկվայի և Երևանի հարաբերություններում առկա լարվածությանը պայմանավորել միայն ՄՔԴ հանգամանքով․ պատճառները բազմաթիվ են:

«Հայաստանի և Ռուսաստանի միջև տարիներ շարունակ ձևավորվել են շատ յուրօրինակ հարաբերություններ, երբ Երևանի համար բավականին ձեռնտու էր երկրի մի շարք ներքաղաքական գործընթացների պատասխանատվությունը գցել Ռուսաստանի վրա՝ թաքնվելով անվտանգության «կարմիր գծերի» հետևում, որոնք ոչ ոք, բացի Մոսկվայից, չի կարող ապահովել։ Եվ շատերն ընկալեցին այս բանաձևը որպես հանրահայտ ճշմարտություն՝ Ռուսաստանը «հավերժ եղբայր և դաշնակից է, իսկ Հայաստանը՝ հուսալի ֆորպոստ»։ Հետևաբար, ասում էին՝ Երևանն անհանգստանալու պատճառ չունի»,- նշում է Դուբնովը։

«Ռազմավարական գործընկերության» առասպելը շատ երկար ժամանակ ձեռնտու էր բոլորին, բայց երբ սկսեց հերթական պատերազմը Լեռնային Ղարաբաղի համար, այն փլուզվեց՝ շարունակում է Վադիմ Դուբնովը։ «Ամերիկայի ձայնի» զրուցակցի խոսքով,

Ռուսաստանը չէր այդ առասպելի հեղինակը, սակայն ակտիվորեն աջակցել էր դրա ձևավորմանը ու հաջողությամբ օգտագործել այն։

«Իհարկե, Հայաստանի վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ կտրուկ փոխվել է, ինչը, ի թիվս այլ բաների, արտացոլվում է ՄՔԴ-ին [վերաբերող] որոշման մեջ։ Կա նաև որոշակի սուբյեկտիվ գործոն, որը կապված է պարոն Փաշինյանի ղեկավարման ոճի հետ: Ոմանք սա շփոթում են ռազմավարական ուղղության հետ»,- նշում է Դուբնովը՝ հավելելով, թե, իրականում, տեղի ունեցողը կապ չունի ռազմավարության հետ։

«Եթե խոսում ենք դեպի Արևմուտք ուղղություն վերցնելու մասին, ապա այս համատեքստում կարևորը ՄՔԴ կանոնադրության վավերացումը կամ այս թեմայով այլ խոսույթները չեն։ Այն պահանջում է խորը, ինստիտուցիոնալ վերափոխումներ, որոնք Հայաստանում դեռ նկատելի չեն։ ՄՔԴ հետ կապված իրավիճակը, որը սկզբում էր արդիական, կարծում եմ, կորցրել է իր արդիականությունը»,- ընդգծում է Վադիմ Դուբնովը։

«Ազատության» լրագրողի կարծիքով, Պեսկովի հայտարարությունը պարզապես արձագանք է Հայաստանի վարչապետի՝ բրիտանացի լրագրողին տված հարցազրույցին։

Իր հերթին՝ Տարտուի համալսարանի Արևելագիտության կենտրոնի հետազոտող Բորիս Դոլգինը «Ամերիկայի ձայնին» փոխանցեց, թե ղարաբաղյան վերջին պատերազմից և անցած տարեվերջին Երևանի ու Մոսկվայի միջև փոխադարձ քննադատություններից հետո, երկու երկրների հարաբերություններում առաջացած սառնությունն ակնհայտ է։

Դոլգինին խոսքով, նախ՝ պատճառը Հայաստանի ղեկավարության դիմումն էր Ռուսաստանին և ՀԱՊԿ-ին՝ որպես անվտանգության երաշխավորների։ Հաջորդ հանգամանքը Երևանի փորձերն են՝ ընդլայնել իր դաշնակիցների շրջանակը։ Նաև այստեղ դեր ունեցավ Ադրբեջանի հետ խաղաղ բանակցությունների տեղափոխումը արևմտյան հարթակներ, ինչը ակնհայտ դժգոհություն առաջացրեց Մոսկվայում։

Ինչ վերաբերում է ՄՔԴ ու Պուտինի հարցին, ապա, ըստ հետազոտողի, «թեմայի կոնֆլիկտային բնույթն մշտապեսս զգացվել է»․ »Ռուսաստանը պնդում էր, որ Հայաստանը չվավերացնի Հռոմի ստատուտը։ Իսկ Հայաստանի առաջարկները՝ կնքել [երկկողմ] համաձայնագիր, որը կպաշտպաներ Պուտինին քրեական հետապնդումից, չընկալվեցին Մոսկվայում»։

Բորիս Դոլգինը շարունակում է, արդյունքում՝ Ռուսաստանի ղեկավարությունն այժմ պետք է գործ ունենա Փաշինյանի այն հայտարարության հետ, որ իր իրավասությունից դուրս է որոշել, թե ով է ձերբակալվելու Հայաստանում, և ֆորմալ առումով Փաշինյանն իրավացի է, քանի որ իրավական պետությունում նշվածը երկրի ղեկավարի խնդիրը չէ։

Դոլգինը համոզված է՝ Հայաստանի վարչապետի ասածը բարոյական ապտակ է Մոսկվային, և «[Նիկոլ Փաշինյանը] խոսեց ոչ թե որպես դաշնակից, այլ պարզապես հարցի իրավական կողմին անդրադարձ կատարող չեզոք [անձ]»։

Միաժամանակ, հետազոտողը վստահ է՝ Պուտինին Հայաստանում կալանավորելու իրական վտանգ չկա. «Կարծում եմ, նա մոտ ապագայում չի պատրաստվում այցելել Հայաստան։ Պատճառները տարբեր են: Բանն այն է, այժմ ոչ միայն Հայաստանը չի կարող հույս դնել Ռուսաստանի վրա, այլև Ռուսաստանը իրավունք չունի լիովին հույս դնել Հայաստանի վրա։ Վերջերս դա կրկին հաստատվեց Փաշինյանի այն հայտարարությամբ, որ Երևանը Մոսկվայի դաշնակիցը չէ Ուկրաինայի հետ պատերազմում»։

Անդրադառնալով «The Telegraph»-ի հետ հարցազրույցի ժամանակ ՀԱՊԿ-ի վերաբերյալ վարչապետ Փաշինյանի խոսքերին՝ Վադիմ Դուբնովը կարծիք հայտնեց․ «Դրանք չափազանց երկիմաստ են և անորոշ, ինչպես ՄՔԴ [վերաբերյալ] հայտարարությունը: Փաշինյանը վաղուց է կիրառում այն բանաձեւը, որ ոչ թե Հայաստանն է դուրս գալիս ՀԱՊԿ-ից, այլ ՀԱՊԿ-ն է հեռանում Հայաստանից: Այս բանաձևը բավականին խորամանկ և անիմաստ է՝ իմ տեսանկյունից։ Բայց առայժմ այն Փաշինյանի համար յուրատեսակ փրկություն է և խնդիրները լուծելուց խուսափելու միջոց»։

Բորիս Դոլգինի խոսքով, Հայաստանի ղեկավարությունը շարունակում է գիտակցաբար բարձրացնել Կրեմլի ղեկավարած ռազմական դաշինիք հարցը. «ՀԱՊԿ-ի գործողությունների արդյունավետությունը Հայաստանի անվտանգության ապահովման առումով վաղուց է անհանգստացնում Երևանին։ Բայց սրանից չի բխում, որ Հայաստանը պատրաստվում է անմիջապես դուրս գալ կազմակերպությունից։ Թեև առաջին անգամը չէ, որ բարձրացվում է ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը, սակայն այն ավելի հստակ է հնչում։ Սա ազդանշան է Ռուսաստանի ղեկավարությանը, որ Հայաստանն ինքնաբերաբար չի ընկալի Ռուսաստանին որպես դաշնակից, եթե չլինեն գործողություններ, որոնք ամրապնդում են այդ կարգավիճակը։ Մյուս կողմից, սրանք ազդանշաններ են Հայաստանից, որ անհրաժեշտ են անվտանգության երաշխիքներ արևմտյան գործընկերների կողմից»։

Դոլգինի եզրափակեց, թե այդուհանդերձ Երևանը զգուշորեն է շարժվում դեպի Արևմուտք՝ հայտարարելով, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը դեռ օրակարգում չկա, քանի որ Հայաստանն այն վիճակում չէ, որ բացահայտ հակամարտության մեջ մտնի Մոսկվայի հետ։