Տեսանյութում պատկերված է, թե Ուկրաինայի Խարկով քաղաքում փրկարարները ինչպես են ջանք գործադրում՝ մարելու ռուսական անօդաչուի հարվածից բռնկված հրդեհը:
«Ամերիկայի ձայնը» չի կարող հաստատել նկարահանման ժամանակն ու վայրը։
Հարձակման հետևանքով զոհվել է առնվազն յոթ հոգի, այդ թվում՝ երեք անչափահաս։
«The New York Times»-ի հաղորդմամբ, անօդաչուն հարվածել է վառելիքի պահեստին, և կրակն այնքան մեծ է եղել, որ հարակից տների բակիչներից շատերը ստիպված արգելափակված են մնացել տներում:
Այս ամենին ֆոնին՝ ռուսական շարունակվող ագրեսիայի պայմաններում, Կիևը, հասկանալի է, արտերկրյա աջակցության կարիքն ունի։ Թեև Եվրամիությունը վերջերս հավանություն տվեց 54 միլիարդ դոլար արժողությամբ քառամյա օժանդակության փաթեթին, սակայն ԱՄՆ-ից սպասվող աջակցությունը տակավին հարցականի ներքո է:
Your browser doesn’t support HTML5
Վերջերս Սպիտակ տանն ընդունելով ՆԱՏՕ-ի գծով առանցքային դաշնակիցներից մեկին՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ընդգծեց, որ Ուկրաինայի համար նախատեսված օգնությունն ուղղակի անհրաժեշտություն է:
«Պետք է ընդունենք ազգային անվտանգության ծախսերի վերաբերյալ փաթեթը։ Մեր օրենսդիրները դժկամությամբ են վերաբերում դրան, սակայն հուսանք՝ այն ավելի շատ քաղաքական խնդիր է, քան իրական։ [Այդ փաթեթը] ներառում է Ուկրաինայի ֆինանսավորումն ու օգնությունը, որպեսզի նրանք շարունակեն պաշտպանվել Ռուսաստանի ագրեսիայից»,- ասել է Բայդենը:
Գաղտնիք չէ, որ Կիևը ապավինում է հիմնականում ՆԱՏՕ-ի անդամ-երկրների ֆինանսական և նյութական աջակցությանը՝ Ռուսաստանին դիմագրավելու համար:
ՆԱՏՕ-ի ու անդրատլանտյան անվտանգության հարցերի վերաբերյալ աղմկահարույց հայտարարությամբ է հանդես եյկել ԱՄՆ նախագահի պաշտոնում Բայդենի հավանական մրցակիցը՝ Դոնալդ Թրամփը։ Նա հորդորել է ՆԱՏՕ-ի անդամ-երկրներին ավելի շատ ծախսել սեփական պաշտպանության վրա, այլապես՝ Ռուսաստանի հարձակման դեպքում, չի աջակցի այդ պետություններին:
«Նրանց՝ [Ռուսաստանին] կխրախուսեմ անել այն, ինչ ցանկանում են: Դուք պե՛տք է վճարեք»,- ասել է Թրամփը:
Թրամփի խոսքերը ստացել են Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի արձագանքը, ով կիրակի նշել է, թե ՆԱՏՕ-ի անդամների կողմից միմյանց չպաշտպանելու ցանկացած նախաձեռնություն «վնասում է մեր ողջ անվտանգությանը, ներառյալ՝ Միացյալ Նահանգներինը»: