Մատչելի հղումներ

Հարցումները ցույց են տալիս Բայդենի վարկանիշի անկում 


Ջո Բայդեն
Ջո Բայդեն

Նոր սոցհարցման համաձայն, ամերիկացիները անհանգստացած են Ջո Բայդենի տնտեսական քաղաքականությամբ, չնայած վարչակազմը բազմիցս է ներկայացրել տնտեսական դրական թվեր: Ըստ հետազոտության, այս հունվարին Բայդենի վարկանիշը 38% էր, ինչը դժվար պայքար է խոստանում Թրամփի հետ: 

Նախագահ Ջո Բայդենի գլխավորած կառավարությունը շարունակում է պնդել՝ ԱՄՆ տնտեսությունը վերելք է ապրում:

«Վերջին երեք տարիներին նախագահ Բայդենը և ես նվազեցրել ենք ծախսերը, ստեղծել հնարավորություններ և կառուցել աշխատող տնտեսություն: Ստեղծել ենք ավելի քան 14,5 միլիոն նոր աշխատատեղեր, տասնյակ միլիոնավոր ամերիկացիների համար բարձրացրել ենք աշխատավարձերը: Այսօր սպառողների վստահությունը բարձրացել է, իսկ սպառողական ծախսերը ամենաբարձր մակարդակի վրա են: Չնայած շատ անելիքներ ունենք, բայց եկեք հստակեցնենք մի բան՝ Ամերիկայի տնտեսությունը շարունակում է մնալ ամենաուժեղն աշխարհում»,- հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Կամալա Հարիսը:

ԱՄՆ կենտրոնական բանկի՝ Դաշնային պահուստային համակարգի նախագահ Ջերոմ Փաուելը, կարծես, համաձայն է. «Զգում ենք, որ գնաճը նվազում է։ Աշխատաշուկայում գործերը լավ են: Փորձում ենք այնպես անել, որ գնաճը վերադառնա 2%-ի մակարդակին»:

Այդուհանդերձ, «Ipsos» հետազոտական կենտրոնի նոր հարցումը փաստում է, որ ավելի շատ ամերիկացիներ են թերահավատ այդ թվերի նկատմամբ, ինչն, անշուշտ, վնաս է Բայդենին:

«Ipsos Public Affairs»-ի նախագահ Քլիֆ Յանգի խոսքով․ «Բայդենը թուլացած դիրքերով է մոտենում 2024 թվականի [նախագահական ընտրություններին]: Նրա վերընտրվելու հավանականությունը 38% է: Սա կարևոր է արձանագրել, քանի որ հիմնվելով մեր նախադեպերի վրա՝ պետք է ասել, որ գործող նախագահին անհրաժեշտ է 40% կամ ավելի բարձր վարկանիշ՝ հաջորդ ընտրություններում իր հաղթելու շանսը 50-50 դարձնելու համար»:

Ընտրողների գլխավոր խնդիրը, ըստ Յանգի, տնտեսությունն է, և մարդիկ, իրոք, անհանգստացած են գնաճից:

Հարավային Կարոլինայի դեմոկրատ ընտրողներ ճնշող մեծամասնությունն աջակցել է Բայդենին՝ վերջերս կայացած փրայմերիզի ժամանակ, բայց անգամ նրանց խոսքով, գալիք նախագահական ընտրություններին «դժվար է լինելու»:

Սաունդրա Թրոուերը, ով մասնակցել է Հարավային Կարոլինայում կայացած դեմոկրատների ներկուսակցական ընտրություններին՝ փրայմերիզին, ասում է. «Մթերային ապրանքների գները բարձր են, քան կար տևական ժամանակ: Բարձր է նաև բենզինի գինը: Բայց հիփոթեքային տոկոսադրույքները սկսում են իջնել»:

Իր նախընտրական քարոզարշավում նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հաճախ է անդրադառնում տնտեսական հարցերին: Սպիտակ տան ղեկավարն էլ այլ դժվարություններ ունի՝ բազամթիվ քրեական գործեր։

Թե այս ամենը ինչ ազդեցություն կթողնի ամերիկացի ընտրողների վրա, պարզ կդառնա այս նոյեմբերին:

XS
SM
MD
LG