Միջազգային վերլուծաբանները քննարկում են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հեռանարները

Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը` ԵՄ-ի միջնորդությամբ Բրյուսելում

Օրերս «Վուդրո Վիլսոնի անվան հիմնադրամի Քենան հաստատությունը» այս թեմայով հրավիրել էր հեռավար քննարկում վերլուծաբաներ Լորենս Բրոյերսի, Մարինա Նագայայի ու Աննա Ֆիլիփսի մասնակցությամբ:

Chatham House հաստատության վերլուծաբան Լորենս Բրոյերսի խոսքով՝ միջազգային միջնորդական առաքելության վերջին 26 տարիների ջանքերը Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման առումով ապարդյուն անցան մի շարք պատճառներով, ներառյալ ազգերի ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքների ինստիտուցիոնալ հակասությունը միջազգային ասպարեզում, միջազգային լիբերալ կարգի անկումը, որտեղ ենթադրվում էր, որ հակամարտությունները պետք է լուծվեն միայն խաղաղ ճանապարհով, ինչպես նաև նավթային եկամուտների շնորհիվ Երևանի հանդեպ Բաքվի առավելության, որը հնարավորություն տվեց Ադրբեջանին խնդիրը լուծել ռազմական ճանապարհով:

«Այսպիսով, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ առանցքային հարցը դուրս հանվեց բանակցային սեղանից։ Դա հանգեցրել էր այն կարծիքի և հռետորաբանության, որ այժմ կարծես թե խաղաղ գործընթացը կարող է առաջ գնալ, և որ խաղաղությունն այժմ հնարավոր է»:

Your browser doesn’t support HTML5

Երևանն ու Բաքուն մշտապես կասկածի տակ են դնում միմյանց հանձնառությունը խաղաղ գործընթացին. տեսակետ

Սակայն, նա լավատես չէ խաղաղ բանակցային գործընթացի հեռանկարի հարցում:

«Առանցքային խնդիրն այն է, ինչին ականատես եղանք 2020 թ-ից ի վեր և 1994 թվականից հետո Հայաստանի դեպքում. ռազմատենչությունն ու հաղթանակը դարձել են Ադրբեջանում ռեժիմի լեգիտիմության առանցքային հենասյունը: Հաղթանակած նախագահի շուրջ գերիշխող կերպար և հռետորաբանություն է ձևավորվում: Կարծում եմ, որ դա ստեղծում է խնդիրների հսկայական շարք՝ Հայաստանի հետ այլ տեսակի հարաբերություններ ձևավորելու համար»,- ասում է Բրոյերսը:

Վերլուծաբանը չի բացառում, որ ուղիղ երկկողմանի բանակցությունները կարող են առաջընթաց գրանցել ապագայում ու արձանագրել որոշակի առաջընթաց:

«Դրա համար, սակայն, անհրաժեշտ են երաշխիքներ Հայաստանի և Ադրբեջանի միջև ուժային հսկայական անհամաչափության պատճառով, և այստեղ աշխարհաքաղաքական շահերը կրկին մղվում են առաջին պլան»,- ընդգծոմ է նա:

Վերլուծաբան Աննա Ֆիլիփսը իր խոսքում կարևորել է կողմերի միջև վստահության բացակայությունն ու պատմական անհանդուրժողականության ձևավորումը երկու կողմում դեռևս խորհրդային կայսրության փլուզման տարիներին: Ըստ վերլուծաբանի՝ կողմերի ակադեմիական և քաղաքական վերնախավերն այդ ժամանակ շրջադարձ կատարեցին դեպի ազգայնականություն, որը ուղեկցվում էր միմյանց հանդեպ թշնամական խոսույթով և անվստահությամբ:

«Այդ խոսույթները ստեղծեցին երկու պետությունների միջև անվտանգային խնդիրներ և «զրոյական գումարով» հարաբերություններ, որոնք նվազեցնում էին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կարողությունը ամենահրատապ հարցերի շուրջ փոխզիջումների գնալ ղարաբաղյան առաջին պատերազմից հետո»,- ասում է նա:

Ըստ Աննա Ֆիլիփսի՝ երկու երկրներում էլ հասարակութունները, արդյունքում, պատրաստ չէին որևէ փոխզիջման, իսկ երկար տարիների դիվանագիտական և հասարակական ջանքերը, չնայած իրենց կարևորությանը, չհանգեցրեցին որևէ արդյունքի:

«Դիվանագիտական ներգրավվածությունը չկարողացավ առաջընթաց գրանցել անվտանգային երկընտրանքի հարցում՝ կապված Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքների բախման հետ: Թրաք երկու [հասարակական] ջանքերը ևս չկարողացան բավականաչափ զարգանալ՝ փոխելու համար գերիշխող պատմական խոսույթները, որոնք խափանեցին փոխզիջումը»,- ասում է նա:

Նրա պնդմամբ՝ հայերի տեղահանումը Լեռնային Ղարաբաղից և 2020 թվականին հաջորդած այլ զարգացումներ հիմնովին փոխել են քաղաքական իրավիճակը տարածաշրջանում, ինչպես դա տեղի էր ունեցել ղարաբաղյան առաջին պատերազմից հետո:

«Այս զարգացումների արդյունքում անվտանգության մարտահրավերներն ինքնին փոխվել են, սակայն չեն վերացել»,- ասում է Ֆիլիփսը:

Իր հերթին, միջոցառման մեկ այլ բանախոս՝ International Alert հաստատության Կովկասյան ծրագրի տնօրեն Մարինա Նագային առանձնացրել է մի շարք գործոններ, որոնք ազդում են խաղաղ գործընթացի վրա: Դրանց թվում են, ըստ վերլուծաբանի, միջազգային վստահելի ու անկողմնակալ միջնորդության բացակայությունը, Հայաստանի ու Ադրբեջանի միջև ուժերի անհամաչափությունը և խորը անվստահությունը միմյանց նկատմամբ:

«Կողմերը մշտապես կասկածի տակ են դնում և վիճարկում միմյանց հանձնառությունը խաղաղ գործընթացին: Ուստի դժվար է միանշանակ պատասխանել այն հարցին, թե ինչպիսի միջնորդություն, ինչպիսի բանակցություններ են անհրաժեշտ այժմ»,- պնդում է նա:

Մարինա Նագային համակարծիք է, սաայն, որ այս փուլում երկկողմանի բանակցային գործընթացը կարող է արդյունավետ լինել:

«Ուղիղ բանակցությունները, հավանաբար, պատմության այս փուլում ունեն լավագույն հեռանկարները: Միջազգային դերակատարներն առանց ակնհայտ ներգրավվածության, սակայն, չպետք է վերջնականապես հետ քաշվեն և թողնեն դաշտը կողմերին՝ ցանկացած տեսակի խաղաղության համաձայնագիր իրականացնելու համար»,- ասում է վերլուծաբանը:

Նա նաև անդրադարձել է տարածաշրջանում Հայաստանի ու Ադրբեջանի մյուս հարևան Վրաստանի դիրքորոշմանը հայ-ադրբեջանական հակամարտությունում՝ ընդգծելով՝ Վրաստանը մշտապես պահպանել է չեզոքություն այս հարցում՝ հանդիսանալով որոշ դեպքերում որպես չեզոք հարթակ բանակցությունների համար: Այդ չեզոքության պահպանումը կարևոր է Վրաստանի համար ոչ միայն արտաքին քաղաքական ասպարեզում, այլ նաև ներքաղաքական կայունության առումով, քանի որ Վրաստանի տարածքում են բնակվում հայերի և ադրբեջանցիների խոշար համայնքներ: Դրանք Վրաստանի երկու ամենամեծ ազգային փոքրամասնություններն են, ընդգծում է Մարինա Նահային: