Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այսօր մերժել է հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի պահանջը և հրամայել զորքերին շարժվել Գազայի ծայր հարավում գտնվող Ռաֆահ քաղաք, որտեղ ապաստան է գտել ավելի քան մեկ միլիոն պաղեստինցի:
Նեթանյահուն հեռուստատեսային ճեպազրույցում ասել է, որ հրամայել է զորքերին «պատրաստվել գործողությունների» Ռաֆահում, և որ Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի նկատմամբ «ընդհանուր հաղթանակին» մի քանի ամիս է մնացել:
Այս հայտարարությունը, կարծես, տապալեց ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հույսերը հրադադարի և պատանդների ազատ արձակման վերաբերյալ, նույնիսկ երբ նա զգուշացրեց, որ ավելի շատ բանակցություններ են անհրաժեշտ:
Շաբաթվա սկզբին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հագեցած բանակցություններ էր վարել մերձավորարևելյան իր հերթական այցելության ընթացքում՝ արդյունքները ներկայացնելով Կատարում կայացած մամուլի ասուլիսին:
«Կատարի և Եգիպտոսի հետ միասին լուրջ առաջարկ ենք ներկայացրել, որը նպատակ ուներ ոչ թե պարզապես կրկնել նախորդ պայմանավորվածությունը, այլ՝ ընդլայնել այն: Ինչպես հենց նոր ասաց վարչապետը, «Համասն» արձագանքել է այս գիշեր: [Այժմ] ուսումնասիրում ենք [նրանց] պատասխանը»,- ասել էր Բլինքենը:
Հիշեցնենք, ԱՄՆ-ն, Եվրամիությունը, Մեծ Բրիտանիան և այլ երկրներ «Համասը» ճանաչել են ահաբեկչական կազմակերպություն, որի գրոհայինները անցած տարվա հոկտեմբերի 7-ին հարձակվեցին Իսրայելի դեմ՝ սպանելով 1 200 հոգու և պատանդ տանելով շուրջ 240-ին:
Մյուս կողմից, Գազայի առողջապահության նախարարության տվյալներով, 2023 թվականի հոկտեմբերի 7-ին հաջորդած իսրայելական ռազմուժի գործողությունների հետևանքով ցայսօր զոհվել են գրեթե 27,5 հազար պաղեստինցիներ։ Հայտնի է, որ նախարարությունը գտնվոմ է «Համասի» վերահսկողության ներքո: