Երբեք չենք մատակարարում սպառազինություն այնպիսի տարածաշրջաններ, ուր նման մատակարարումը կարող է ապակայունացնել իրավիճակը` լինի դա Անդրկովկասը, Մերձավոր, թե Միջին Արևելքը կամ մոլորակի այլ հատված: 2010 թվականի օգոստոսին Հայաստանի Հանրային հեռուստատեսության «Իրական քաղաքականություն» հաղորդման ժամանակ հնչեցված այս հայտարարության հեղինակը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն է:
Սակայն, Ստոկհոլմում գործող հեղինակավոր՝ Միջազգային խաղաղության ուսումնասիրության ինստիտուտի (SIPRI) դեռևս 2021 թվականին լույս տեսած հետազոտությունը փաստում է, որ 2011-2020 թվականներին Ռուսաստանն է եղել սպառազինության խոշորագույն մատակարարը Ադրբեջանին ու Հայաստանին։
Ըստ ինստիտուտի, թեև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ Ֆրանսիայի ու ԱՄՆ հետ Մոսկվան հանդես էր գալիս որպես միջնորդ ղարաբաղյան հակամարտությունում, այդուհանդերձ 2011-2020 թվականներին Ռուսաստանին բաժին է ընկել Ադրբեջանի ռազմա-տեխնիկական ներմուծումների 60%-ը, Հայաստանի՝ 94%-ը: Այդ ընթացքում Արբեջանի մյուս կարևոր մատակարարներն են եղել, ըստ մեծության, Իսրայելը, Բելառուսը և Թուրքիան:
SIPRI-ի զեկույցն ընդգծում է՝ ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը չունեին շոշափելի ռազմա-արդյունաբերական համալիր, երկուսն էլ կախված են եղել արտաքին մատակարարներից՝ սեփական զինանոցը ընդլայնելու և զարգացնելու համար:
Your browser doesn’t support HTML5
Ըստ հետազոտության, եթե 2020 թվականին Հայաստանի ռազմական ոլորտի հատկացումները կազմել են 634 միլիոն դոլար, Ադրբեջանինը՝ ավելի քան 2,2 միլիարդ: 2020 թվականին Հայաստանի ռազմական ծախսերը կազմում էին երկրի ՀՆԱ-ի մոտ 5%-ը, իսկ Ադրբեջանի պարագայում՝ շուրջ 5․5%-ը: Չնայած տոկոսային առումով այս հարաբերական հավասարությանը, կողմերի՝ զենքի ներմուծման ծավալները խիստ անհամաչափ էին. 2011–2020 թվականներին Ադրբեջանն ավելի քան 8 անգամ շատ սպառազինություն է ներկրել, քան Հայաստանը։
1992 թվականին,արձագանքելով Լեռնային Ղարաբաղի զինված հակամարտության, Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) իր մասնակից պետություններին կոչ է արել էմբարգո սահմանել Հայաստանին ու Ադրբեջանին զենք մատակարարելու հարցում։ ԵԱՀԿ-ի այս խնդրանքը չի չեղարկվել, սակայն դա կամավոր բազմակողմ զենքի էմբարգո է, ուստի ԵԱՀԿ մի շարք մասնակից երկրներ 1992 թվականից ի վեր սպառազինություն են մատակարարել Հայաստանին և Ադրբեջանին։
«Դա կամավոր էմբարգո է, ուստի այս պահին իրականում կողմերին զենք մատակարարելու իրավական խոչընդոտ չկա»,- պնդում է զեկույցի համահեղինակ, փորձագետ Փիթեր Վեզեմանը:
Հայաստան
Այսպիսով, Ռուսասատնը հանդիսացել է Հայաստանի հիմնական մատակարարը: Ստոկհոլմյան կենտրոնն ընդգծում է՝ քանզի Մոսկվան Երևանի հետ ուներ ավելի ընդարձակ ռազմական համագործակցության դաշտ՝ հաշվի առնելով Հայաստանի անդամակցույունը ՀԱՊԿ-ին և Գյումրիում տեղակայված ռուսական ռազմակայանը, Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է մատակարարել ավելի էժան գներով, կամ պարզապես ռազմական օգնություն է ցուցաբերել։
Ըստ զեկույցի, 2011-2020 թվականներին ռուսական մատակարարումները Հայաստան ներառում էին զրահափոխադրիչներ, հակաօդային պաշտպանության համակարգեր և հրթիռային կայաններ, տանկեր, որոնք բոլորն էլ օգտագործվել են 2020 թվականի պատերազմում։ Մատակարարված սպառազինության թվում են եղել «Իսկանդեր» տեսակի «երկիր-երկիր» հրթիռներները՝ 300 կիլոմետր հեռահարությամբ, որոնք Ռուսաստանը մատակարարել էր 2016 թվականին: Ըստ շվեդական ինստիտուտի, այդ հրթիռներից առնվազն մեկը Հայաստանն օգտագործել է Ադրբեջանի խորքում գտնվող թիրախը խոցելու համար՝ 2020 թվականի պատերազմի ժամանակ։
«Հայաստանի դեպքում դա հիմնականում ռազմական օգնություն էր: Թվում է, որ այսպիսով Ռուսաստանը ձգտում էր այդ երկրում որոշակի ազդեցություն պահպանել»,- պնդում է զեկույցի համահեղինակ, փորձագետ Փիթեր Վեզեմանը:
«Նաև տեղեկություններ կային, որ Հայաստանը 2016–2017 թվականներին Ռուսաստանի կողմից մատակարարված «Սմերչ» տեսակի հրթիռներ է արձակել ադրբեջանական քաղաքների ուղղությամբ»,- գրում են հետազոտության հեղինակները՝ հավելելով, որ 2019 թվականին Ռուսաստանը չորս «Սու-30ՍՄ» կործանիչներ է մատակարարել Հայաստանին, որոնք թեև կարող էին զգալիորեն հզորացնել Հայաստանի հարվածային կարողությունը, սակայն չեն օգտագործվել պատերազմի ժամանակ:
Նույն ժամանակահատվածում Հայաստանի ձեռք բերած սպառազինության ավելի քան 5%-ը ներմուծվել է Հորդանանից, իսկ 1%-ը՝ Ուկրաինայից: Զեկույցի համաձայն, Հորդանանը 2019 թվականին Հայաստանին է մատակարարել փոքր քանակությամբ հակաօդային պաշտպանության օգտագործված համակարգեր: Բուլղարիան հայտնել է 2019 թվականին հակատանկային 500 թեթև զինատեսակների, իսկ 2017 թվականին՝ 1 094 թեթև գնդացիրների մատակարարման մասին։
Զեկույցի հեղինակները ընդգծում են՝ որևէ տեղեկություն չեն հայտնաբերել 2011-2020 թվականներին ՀԱՊԿ-ի գծով դաշնակից Բելառուսի կողմից Հայաստանին սպառազինության մատակարարման մասին. սակայն չեն բացառում երկու երկրների միջև համագործակցությունը մարտական պատրաստության, օպերատիվ պլանավորման, ռազմական տեխնիկայի կամ սարքավորումների վերանորոգման և սպասարկման ուղղությամբ: Սակայն ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրի համաձայն՝ 2012 թ.-ին Հայաստանը Բելառուսից ներմուծել է 125 նռնականետեր:
Ադրբեջան
2018 թվականի սեպտեմբերի 1. Բոչարով Ռուչեյում ընթանում է Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Նախագահ Ալիևը հայտարարում է. «Ադրբեջանի կողմից Ռուսաստանից գնված ռազմամթերքը գերազանցում է 5 միլիարդ դոլարը և ունի աճի միտում»: Մեջբերելով Ալիևի հայտարարությունը՝ ստոկհոլմյան ինստիտուտը ընդգծում է՝ տնտեսական շահը կարևոր պատճառ էր Ադրբեջանին ռուսական զենք վաճառելու համար, իսկ Ադրբեջանը սովորաբար վճարել է Ռուսաստանից մատակարարվող սպառազինության ողջ գինը:
«Շատ խնդրահարույց է, երբ Ռուսաստանը, միջնորդ լինելով մի հակամարտությունում, երկու կողմերի համար էլ հանդիսանում է զենքի հիմնական մատակարար, ինչը իսկապես խաթարում է տվյալ կոնկրետ իրավիճակում գտնվող Ռուսաստանի նկատմամբ վստահությունը»,- պնդում է զեկույցի համահեղինակ, փորձագետ Փիթեր Վեզեմանը:
Ըստ հետազոտության, Ռուսաստանի կողմից Ադրբեջանին մատակարարվել են զրահատեխնիկա, հակաօդային պաշտպանության համակարգեր, տրանսպորտային և մարտական ուղղաթիռներ, հրետանի, հրթիռային կայաններ և տանկեր։ Այս ողջ տեսականին օգտագործվել է 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի շուրջ պատերազմի ժամանակ։ Դեռ 2013 թվականին ռուսական կողմը մատակարարել է «Սմերչ» համակարգեր, որոնք օգտագործվել են Լեռնային Ղարաբաղում գտնվող թիրախների դեմ:
Կրկնենք, 2011-2020 թվականներին Ռուսաստանն Ադրբեջանի խոշորագույն մատակարարն էր սպառազինության գծով. Բաքվի ներմուծած զենք-զինամթերքի ավելի քան 60%-ը բաժին է ընկել Մոսկվային:
«Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք մատակարարելը միջոց էր՝ հավասարակշռելու ռազմական իրավիճակը, պահպանելու լծակները, ապահովելու որոշակի գումարների ներհոսքը Մոսկվա, երկու կողմերին էլ պահելու որոշակի հարաբերական հավասարակշռության մեջ, բայց, ցավոք, ժամանակի ընթացքում հավասարակշռությունը փոխվեց»,- պնդում է նախկին դիվանագետ, German Marshall Fund-ի վերլուծաբան Դեյվիդ Սալվոն:
Նույն այդ ժամանակահատվածում Ադրբեջանին սպառազինություն մատակարարած երկրորդ խոշոր երկիրը Իսրայելն էր, որին բաժին է ընկել ադրբեջանական ներմուծումների ավելի քան 26%-ը: Զեկույցը մեջբերում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը՝ արված 2016 թվականի դեկտեմբերին Բաքվում Իսրայելի վարչապետ Բենջամին Նեթանյահուի հետ հանդիպմանը. «Մինչև այս պահն ադրբեջանական և իսրայելական ընկերությունների միջև ռազմական տեխնիկայի գնման պայմանագրերը կազմում են մոտ 5 միլիարդ դոլար»։
Ստոկհոլմյան ինստիտուտի համաձայն, այդ մատակարարումների մեծ մասը տեղի է ունեցել 2016-2020 թվականներին, ընդ որում Իսրայելին բաժին է ընկնում այդ ժամանակահատվածում Ադրբեջան արված սպառազինության մատակարարումների 69%-ը: Թեև առկա է բավարար տեղեկատվություն՝ Ադրբեջանին մատակարարված իսրայելական զենք-զինամթերքի տեսակների վերաբերյալ, սակայն քանակների մասին տեղեկությունը սահմանափակ է։ Ըստ զեկույցի, մատակարարված զինատեսակների թվում են մարտական և հետախուզական անօդաչուներ, կառավարվող հրթիռներ և բալիստիկ հրթիռներ, որոնք օգտագործվել են Հայաստանի հետ 2020 թվականի պատերազմում, ինչպես նաև ավելի վաղ՝ սահմանային մարտերի ժամանակ։
«Իսրայելական զենքի արտահանումն Ադրբեջան բացատրվում է մի կողմից՝ պարզապես շահույթի և եկամտի տնտեսական պատճառներով։ Բայց նաև ենթադրություններ կան, որ Իսրայելի և Ադրբեջանի միջև պոտենցիալ այս ամուր ռազմական հարաբերությունները կարող են բացատրվել առաջինը Ադրբեջանից Իսրայել նավթի մատակարարմամբ: Եվ երկրորդը՝ նաև այն պատճառով, որ Ադրբեջանը Իսրայելի ոխերիմ թշնամի՝ Իրանի հարևանն է»,- ասում է զեկույցի համահեղինակ, փորձագետ Փիթեր Վեզեմանը:
Շվեդական կենտրոնը հղում է կատարում վերլուծաբաններին, թե իսրայելցիների կողմից մատակարարված անօդաչուները՝ 2020 թվականի պատերազմի ժամանակ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ռազմական գերազանցության կարևոր բաղադրիչն էին:
2018 թվականին Իսրայելը Ադրբեջանին մատակարարել է նաև «Lora» տեսակի «երկիր-երկիր» հեռակառավարվող բալիստիկ հրթիռներ (430 կմ հեռահարությամբ): Նշվում է՝ առաքումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Ռուսաստանը Հայաստանին մատակարարել է նմանատիպ «Իսկանդեր» հրթիռները:
Ստոկհոլմյան հետազոտական կենտրոնի գնահատմամբ, Ադրբեջան սպառազինության արտահանումը 2016-2020 թվականներին կազմել է զենք-զինամթերքի գծով Իսրայելի ողջ արտահանման 17%-ը, և ռազմական այդ համագործակցության հիմքում կարող է ընկած լինել ինչպես տնտեսական շահն, այնպես էլ Իսրայելի կախվածությունը Ադրբեջանի նավթից կամ Իրանի գործոնը, որը դիտարկվում է որպես ընդհանուր սպառնալիք:
Զեկույցի համաձայն, Ադրբեջանին զենք մատակարարող երրորդ խոշոր երկիրը՝ ՀԱՊԿ-գծով Հայաստանի դաշնակից Բելառուսն է: 2011–2020 թվականների ընթացքում Բելառուսին բաժին է ընկել Ադրբեջանի ներմուծած սպառազինության ավելի քան 7%-ը։ Մինսկը մատակարարել է ռազմական ինքնաթիռներ, հակաօդային պաշտպանության համակարգեր, տանկեր, հրետանի և կառավարվող հրթիռներ։ Զենքի նման մատակարարումները դարձել են երկու երկրների հարաբերությունների զարգացման կարևոր խթան՝ Բելառուսի կողմից ադրբեջանական նավթի նկատմամբ աճող պահանջարկի հետ մեկտեղ։ Ադրբեջանական էներգակիրների միջոցով Մինսկը ձգտում էր նվազեցնել իր կախվածությունը Կրեմլից:
«Բելառուսի և Ադրբեջանի միջև ռազմական հարաբերություններին, ամենայն հավանականությամբ, նպաստել է տնտեսական գործոնը: Օրինակ, Բելառուսի կողմից Ադրբեջանին են տրամադրվել հեռահար հրթիռներ, որոնք օգտագործվել են վերջին շրջանների մարտերում»,- ասում է զեկույցի համահեղինակ, փորձագետ Փիթեր Վեզեմանը:
Ադրբեջանին զենք մատակարարած մեծությամբ չորրորդ երկիրը Թուրքիան է, ում բաժին է ընկել 2011-2020 թվականներին Ադրբեջանի ներմուծած սպառազինության շուրջ 3%-ը: Ըստ զեկույցի, այդ ժամանակահատվածում թուրքական մատակարարումները ներառել են զրահապատ մեքենաներ, հրետանի, հրթիռներ և անօդաչուներ։ Վերջիններս մատակարարվել են 2020 թվականի պատերազմի նախօրեին և առաքվել են առնվազն հինգ «Bayraktar-TB2» անօդաչուներ՝ զինված «MAM-L» կառավարվող ռումբերով: Հեղինակները ընդգծում են, որ 2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ այդ անօդաչուներ արժանացան միջազգային լայն ուշադրության:
Զեկույցի գնահատմամբ, Անկարայի կողմից Բաքվին զենքի մատակարարումների պատճառը ոչ միայն երկու երկրների միջև ամուր տնտեսական և մշակութային կապերն են, այլև Թուրքիայի արտաքին քաղաքական շահերը: Ադրբեջանի հետ հարաբերությունների ամրապնդման միջոցով Թուրքիան ընդլայնում է իր քաղաքական ներկայությունը Հարավային Կովկասում՝ մրցակցելով Ռուսաստանի հետ:
«Իսրայելի և Թուրքիայի կողմից զենքի և հատկապես անօդաչուների և այլ առաջադեմ զինատեսակների տրամադրումը, անշուշտ, օգնեց Ադրբեջանին հաղթել այդ պատերազմում։ Բայց չպետք է մոռանալ, որ մնացած բոլոր սարքավորումները, հատկապես այն տեխնիկան, որը մինչ այդ մատակարարվել էր Ռուսաստանի կողմից, նույնքան էական դեր է խաղացել»,- ասում է զեկույցի համահեղինակ Վեզեմանը:
Զեկույցում նշված են այլ երկրներ, որոնք այդ ժամանակահատվածում փոքր քանակությամբ զենք ու զինամթերք են մատակարարել Ադրբեջանին՝ Սլովակիան, Չեխիան, Իսպանիան, Ռումինիան: Բացի այդ, ըստ ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրի զեկույցների՝ այս տարիներին Ադրբեջան սպառազինություն են արտահանել նաև Սերբիան, Ուկրաինան ու Բոսնիա-Հերցեգովինան:
Սպառազինության մատակարարումները Հայաստան և Ադրբեջան 2020 թվականից ի վեր
2020 թվականի պատերազմը վերջ չդրեց Հայաստանի ու Ադրբեջանի միջև առճակատմանը: Նախորդ երեք տարիներին մի քանի անգամ հայ-ադրբեջանաան կարճատև ռազմական բախումներ եղան ինչպես Լեռնային Ղարաբաղում, այնպես էլ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին: Անցած տարվա սեպտեմբերի 19-ին Բաքվի հարձակումը Լեռնային Ղարաբաղի դեմ հանգեցրեց տեղի հայկական զինված ուժերի լուծարմանը, հայկական կողմն իր սպառազինությունը հանձնեց ռուս խաղաղապահներին, իսկ Լեռնային Ղարաբաղն ամբողջովին հայաթափվեց:
Զուգահեռաբար՝ նախորդ երեք տարիներին կողմերը չեն դադարել համալրել իրենց զինանոցը: Այդ ընթացքում Ադրբեջանը շարունակել է ռազմական համագործակցությունն իր ավանդական գործընկերների՝ Թուրքիայի, Իսրայելի ու Պաիստանի հետ: Անկարայի հետ անցկացվում են համատեղ զորավարժություններ, իսկ Իսրայելը նախորդ տարիներին, տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ, շարունակել է սպառազինություն մատակարարումը Բաքվին: ԶԼՄ-ներում ժամանակ առ ժամանակ հայտնվում են չճշտված տեղեկություններ՝ իսրայելական ռազմական օդակայաններից դեպի Ադրբեջան մասնավոր ինքնաթիռների թռիչքների մասին: Մասնավորապես, իսրայելական «Haaretz» պարբերականի անցած տարվա մարտի հետաքննությունը «ցույց տվեց, որ նախորդ յոթ տարիներին ադրբեջանական «Silk Way Airlines» ավիաընկերության կողմից իրականացվել են բեռնատար ինքնաթիռների 92 թռիչքներ [Իսրայելի հարավում գտնվող] «Օվդա» ավիաբազա», որը համարվում է Իսրայելի միակ օդանավակայանը՝ սպառազինության մատակարարման գծով։
«The Times of Israel» պարբերականը անցած տարվա հոկտեմբերի 5-ի գրել էր. «Սեպտեմբերի սկզբին՝ վճռորոշ պահին, երբ դիվանագետները փորձում էին կանխել սրացումը, թռիչքների տվյալները ցույց են տալիս, որ ադրբեջանական բազմաթիվ բեռնատար ինքնաթիռներ ուղղություն էին վերցնում դեպի Իսրայելի հարավում գտնվող «Օվդա» ավիաբազա՝ կտրելով 3 հազար կիլոմետր։ Հայտնի է, որ «Օվդայի» միջոցով է իրականացվում իսրայելական սպառազինության արտահանումը»:
Ըստ պարբերականի, «AP»-ին բացահայտել է առնվազն 6 չվերթներ, որոնք իրականացվել են ադրբեջանական «Silk Way Airlines» ավիաընկերության կողմից: [Ինքնաթիռները] վայրէջք են կատարել «Օվդա» օդանավակայանում՝ Բաքվից, սեպտեմբերի 1-ից սեպտեմբերի 17-ը՝ հայտնում է «FlightRadar24.com» ավիացիոն ուղիների կայքը: Ադրբեջանը երկու օր անց սկսեց իր հարձակումը [Լեռնային Ղարաբաղի դեմ]»:
Եթե Ադրբեջանի պարագայում ռազմական մատակարարումների մասին տեղեկությունը սահմանափակվում է լրատվամիջոցների կցկտուր տվյալներով, ապա Երևանը բացահայտ սկսել է ակտիվ ռազմական համագործակցությունն այլ տերությունների հետ՝ Հայաստանի դաշնակից համարվող Ռուսաստանի հետ փոխգործակցության փոխարեն:
Հայ-ռուսական հարաբերությունները շարունակում են մնալ բարդ, այդ թվում՝ ռազմական համագործակցության ասպարեզում առկա խնդիրների պատճառով: Անցած տարի հայտնի դարձավ, որ Ռուսաստանը չի կատարում իր պարտավորությունները Հայաստանին զենք մատակարարելու հարցում, թեև, ինչպես հայտնի է, Երևանն այդ նպատակով մոտ 400 միլիոն դոլար էր վճարել Կրեմլին՝ նախորդ մի քանի տարիներին: Դիտորդների կարծիքով, Ուկրաինա ներխուժումից հետո Ռուսաստանն ինքն է սպառազինության սուր կարիք զգում:
Օրերս, Հայաստանի խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի անդամ Գագիկ Մելքոնյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցեց, որ ռուսական զենքի մի խմբաքանակ, այնուամենյնիվ, ժամանել է Հայաստան՝ հավելելով, որ Երևանն այն ստացել է վերջերս։ Իշխանական պատգամավորը, սակայն, չմանրամասնեց, թե կոնկրետ ինչ սպառազինության մասին է խոսքը՝ նշելով, որ այդ խմբաքանակը Հայաստանին է փոխանցվել Ռուսաստանի հետ ավելի վաղ կնքված պայմանագրի շրջանակներում:
Ի պատասխան «Ազատության» հարցմանը, Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ սպառազինության ոլորտում ռուսաստանյան ընկերությունների հետ ունեցած խնդրահարույց հարցերը մեծամասամբ կարգավորվել են, սակայն մի շարք խնդիրներ շարունակում են մնալ չլուծված: Պաշտպանության նախարարությունը չի հստակեցրել, թե արդյոք խոսքը հայկական կողմի վճարած շուրջ 400 միլիոն դոլարի գործարքների մասին է:
Փաստորեն, Կրեմլի հետ ռազմա-քաղաքական հարաբերություններում առաջացած ճգնաժաման էր պատճառը, որ դրդեց Հայաստանին խորացնել կապերը Ֆրանսիայի ու Հնդկաստանի հետ:
Հայտնի է, որ անցած տարվա հոկտեմբերին Փարիզն ու Երևանը ստորագրեցին ռազմական համագործակցության մասին պայմանագիր։ Ֆրանսիան ռազմական կցորդ նշանակեց Հայաստանում: Ըստ տեղեկությունների, Փարիզը Երևանին կմատակարարի ռադիոտեղորոշիչ կայաններ, փոքր հեռահարության հրթիռներ, ինչպես նաև կօգնի հասկանալ Հայաստանի հակաօդային պաշտպանության բացերը։ Տեղյակ ենք նաև, որ ֆրանսիական կողմն արդեն իսկ Վրաստանի տարածքով Հայաստան է մատակարարել «Bastion» տեսակի բազմաֆունկցիոնալ 24 միավոր զրահամեքենաներ: Սպասվում է ևս 26-ի առաքումը:
Նախկին զինվորական Ռոբերտ Համիլտոնը, այդուհանդերձն այն մտքին չէ, թե այդ մատակարարումները կարող են փոխել ուժերի հավասարակշռությունը Երևանի ու Բաքվի միջև:
«Ֆրանսիան և Հայաստանը սերտ հարաբերություններ ունեն, բայց չեմ կարծում, որ Ֆրանսիան ի վիճակի է կամ ցանկանում է տրամադրել բավարար քանակությամբ զինտեխնիկա և սպառազինություն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական հավասարակշռությունը փոխելու համար: Ադրբեջանը երկու տասնամյակ շարունակաբար հզորացրել է իր ռազմուժը: Հայաստանը պարզապես չունի ռեսուրսներ, ռազմական բյուջե ու համապատասխան չափերի տնտեսություն՝ մրցելու Ադրբեջանի նավթագազային հարստության հետ»,- ասում է վերլուծաբան, նախկին զինվորական Ռոբերտ Համիլտոնը:
Հատկապես 2020 թվականից հետո Հայաստանը խորացրել է ռազմական համագործակցությունը Հնդկաստանի հետ: Ըստ բաց աղբյուրների, առաջին անգամ Երևանը Դելիից սպառազինություն է գնել այդ թվականին՝ ձեռք բերելով «Swathi» հակահրետանային ռադարներ, որոնք կիրառվում են հակառակորդի հրետանային միջոցները տեղորոշելու, ինչպես նաև արձակված արկերը հայտնաբերելու համար: Ըստ հնդկական «The Economic Times»-ի, 4 ռադարների գործարքը կազմել է մոտ 43 մլն դոլար։ Դրանք մատակարավել են 2021 թվականին։
Հնդկական մամուլի համաձայն, Հայաստանի ու Հնդկաստանի միջև ստորագրված ռազմական համագործացության մասին համաձայնագրերով Դելին մոտ 245 մլն դոլարի սպառազինություն է մատակարարելու Երևանին, ներառյալ՝ «Pinaka» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, հակատանկային հրթիռներ, այլ սպառազինություն։
Անցած տարվա ամռանը մի շարք լրատվամիջոցներ, ներառյալ հնդկական հեղինակավոր «The Economic Times»-ը, հայտնեցին, թե հնդկական «Pinaka» ռեակտիվ համակարգերի առաջին խմբաքանակն արդեն առաքվել է Հայաստան՝ Իրանի տարածքով:
Ավելի ուշ՝ Դելիում լույս տեսնող «The Еurasian Times» հայտնեց, թե Երևանը հնդկական սպառազինության նոր խմբաքանակ է գնում, և այդ նպատակով հայկական կողմը 41,5 միլիոն ամերիկյան դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել Հայդերաբադ քաղաքում գործող «Zen Technologies» ընկերության հետ՝ անօդաչուների դեմ պայքարի համակարգեր ձեռք բերելու համար։
Այս ամենի ֆոնին՝ Ադրբեջանն իր բողոքն է արտահայտել ինչպես Ֆրանսիային, այնպես էլ Հնդկաստանին՝ Հայաստանին զենք-զինամթերք վաճառելու համար: Ֆրանսիական կողմն արձագանքել է, թե Հայաստանին տրամնադրվող զինատեսակները կրում են «պաշտպանողական» բնույթ:
Ֆրանսիայի Սենատում շրջանառված զեկույցի համաձայն, «Ֆրանսիայի իշխանությունները նախաձեռնել են Հայաստան մատակարարել «պաշտպանական» սպառազինություն: Պաշտպանական և հարձակողական զենքերի տարբերակումն, իրականում, ձևական է, ինչպես ցույց տվեց Ուկրաինայի պատերազմը: Եկեք չկրկնենք նույն սխալները՝ ի սկզբանե ուշ մատակարարելով անհրաժեշտ սպառազինություն։ Ահա թե ինչու, պետք է արագ արձագանքենք Հայաստանի իշխանությունների բոլոր խնդրանքներին, մասնավորապես՝ հրետանու գծով»։
Նույն փաստաթղթում փորձագետները խորհուրդ են տալիս, «հնարավորինս արագ ուսումնասիրել [մոտ 55 կիլոմետր հեռահարություն ունեցող] «CAESAR հրետանային համակարգերի մատակարարման հարցը՝ հաշվի առնելով դրանց արդյունավետությունը»։
Այսպիսով, թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը շարունակում են զգալի միջոցներ տրամադրել ռազմական և անվտանգային ոլորտներին: Ադրբեջանն այս տարի նախատեսում է հատկացնել ավելի քան 3,7 միլիարդ դոլար պաշտպանական ու անվտանգային համախումբ բյուջեին՝ շուրջ 6% ավելի 2023 թվականի հատկացումից։
Իր հերթին՝ 2024 թվականին Հայաստանի ծախսերը միայն պաշտպանության նախարարության գծով կկազմեն գրեթե 1,4 միլիարդ դոլար, ինչը 7%-ով գերազանցում է 2023 թվականի ցուցանիշը: