Աճող մտահոգության ֆոնին, որ մերձավորարևելյան հակամարտությունը կարող է ընդլայնվել, ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը չորեքշաբթի՝ լրագրողների հետ զրույցի ընթացքում, ընդգծել է, որ երեք ամերիկացի զինվորականների մահը չի մնա անպատասխան:
«Սա վտանգավոր պահ է Մերձավոր Արևելքի համար: Կշարունակենք ջանքեր գործադրել՝ խուսափելու տարածաշրջանում հակամարտության ընդլայնումից: Բայց [միևնույն ժամանակ] կձեռնարկենք բոլոր անհրաժեշտ քայլերը՝ պաշտպանելու Միացյալ Նահանգները, մեր շահերը և մեր ժողովրդին: Կորոշենք՝ երբ, որտեղ ու ինչպես պատասխանել»,- ասել է Պենտագոնի ղեկավարը:
Անցած տարվա հոկտեմբերի 7-ից՝ Իսրայելի դեմ հարձակումից ի վեր 166 հարձակումներ են իրականացվել Սիրիայում, Իրաքում և Հորդանանում տեղակայված ամերիկյան ռազմական հենակետերի դեմ: Իրանը հերքել է իր առնչությունն ամերիկացի երեք զինծառայողների սպանությանը՝ արձագանքելով, սակայն, թե չի վարանի պատասխանել իր դեմ Վաշինգտոնի հնարավոր գրոհներին:
Your browser doesn’t support HTML5
«Գիտեք, որ ոչ մի սպառնալիք անպատասխան չենք թողնում։ Պատերազմ չենք փնտրում, սակայն պատերազմից չենք վախենում և չենք փախչում»,- նշել է գեներալ Հոսեյն Սալամին՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարը։
ԱՄՆ Կոնգրեսում որոշ դեմոկրատ օրենսդիներ չեն թաքցրել իրենց մտահոգությունը, թե Վաշինգտոնի պատասխանը կարող է սրել իրավիճակը տարածաշրջւանում:
«Մերձավոր Արևելքում իրավիճակը կարող է սրվել: ԱՄՆ-ն ավելի ու ավելի է ներքաշվում դրա մեջ: Կոնգրեսը չի թույլատրել, որ ԱՄՆ-ն պատերազմ վարի Մերձավոր Արևելքում։ Ուստի ժամանակն է, որ Կոնգրեսը սկսի քննարկումները [այդ հարցի շուրջ]»,- ասում է դեմոկրատ սենատոր Թիմ Քեյնը:
Միաժամանակ, օրենսդիրները, կարծես, միակարծիք են, որ Վաշինգտոնը պետք է պատասխանի:
«Յուրաքանչյուր ոք, ով հարձակվում է [մեր] զորքերի վրա և վտանգի տակ է դնում ամերիկացիների կյանքը [պետք է շատ բարձր գին վճարի]: Կանենք ամենը՝ պաշտպանելու մեր քաղաքացիներին և մեր զորքերին։ Պետք է հայտարարենք, որ չենք հանդուրժի նման բան»,- նշում է դեմոկրատ սենատոր Ջո Մանչինը:
Սենատի բարձրաստիճան հանրապետական Միթչ ՄըքՔոնելը հայտարարել է, որ Բայդենի վարչակազմի քաղաքականության հետևանքով մեծացել է Իրանից բխող սպառնալիքը․ «Երեք տարի շարունակվող ու Իրանի աջակցությունը վայելող ահաբեկչական սպառնալիքը Մերձավոր Արևելքում ամերիկյան անձնակազմի և շահերի դեմ՝ աճում է։ Իրանը ոգևորված է և կարծում է, որ կարող է օգտագործել իրեն ենթական ուժերին՝ անպատիժ հարձակում գործելու Ամերիկայի դեմ: Բայդենի վարչակազմն արագացրել է այս գործընթացը: [Սպիտակ տան մոտ առկա մտահոգությունը] իրավիճակի հետագա լարվածության վերաբերյալ սխալ ուղերձ է Թեհրանին»:
Հանրապետական օրենսդիրների խոսքով, ԱՄՆ ցանկացած պատասխան պետք է մանրակրկիտ պատրաստվի:
«Կցանկանայի իմանալ, որ նախագահը ծրագիր ունի՝ ոչ միայն [նման հարձակումները] դադարեցնելու, այլև Իրանին այնպիսի իրավիճակի մեջ դնելու, որ այլևս երբեք չդիմի նման քայլերի»,- ասում է հանրապտական սենատոր Ռիք Սքոթը:
Նախկինում ամերիկյան ռազմուժը պատասխան հարվածներ հասցրել է Մերձավոր Արչևելքում իր դեմ ձեռնարկված հարձակումներին, օրինակ՝ անցած տարվա հոկտեմբերին Սիրիայում զենքի պահեստի թիրախավորումը․ այն օգտագործվում էր Իրանի աջակցությունը վայելող խմբավորումների կողմից: