Թրամփը հաղթել է Նյու Հեմփշիրի հանրապետականների փրայմերիզում

Դոնալդ Թրամփ

Նյու Հեմփշիրի ընտրողները իրենց խոսքն ասացին ԱՄՆ նախագահի թեկնածուների որոշման գործում․ ներկուսակցական ընտրություններում՝ փրայմերիզներում Թրամփը հաղթեց Հեյլիին, սակայն ոչ մեծ տարբերությամբ, իսկ դեմոկրատների մոտ՝ քվեաթերթիկում Բայդենի անվան բացակայությունը ամենևին չվնասեց Սպիտակ տան ներկայիս ղեկավարին

Երեքշաբթի Նյու Հեմփշիրում կայացած հանրապետականների ներկուսակցական ընտրությունների՝ փրայմերիզի, շնորհիվ Դոնալդ Թրամփը ևս մեկ քայլ կատարեց դառնալու այս տարվա նոյեմբերին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրությունների հանրապետական թեկնածուն: Շահելով Այովա նահանգի փրայմերիզը՝ այժմ նա ունի ևս մեկ հաղթանակ՝ Նյու Հեմփշիրինը:

Թրամփի ելույթը ոմանք նմանացրեցին արդեն նախագահական ընտրություններում հաղթանակած մարդու խոսքերին։

«Մենք հաղթել ենք Բայդենին։ Կարծում եմ, ճիշտ խոսեցինք։ Ներգաղթը մեծ խնդիր է: Միլիոնավոր մարդիկ անօրինական կերպով մուտք են գործում մեր երկիր»,- հայտարարել է Թրամփը։

Ընդունված է համարել, որ Թրամփին ձայն տվողները հաստատակամ են իրենց որոշումներում։

«Իմ կյանքը կտայի այդ մարդու համար»,- առանց երկմտելու արտահայտվում է Թրամփի կողմնակից Քրիս Քոմփասը։

«Այս մրցավազքը հեռու է իր ավարտից: Դեռ տասնյակ նահանգներ պետք է քվեարկեն»,- ասում է ԱՄՆ նախագահի հանրապետական մեկ այլ թեկնածու Նիկի Հեյլին։

Չնայած Նյու Հեմփշիրում հանրապետականների փրայմերիզում Թրամփը առաջինն էր, սակայն ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Հեյլին կրճատեց իրենց միջև եղած վարկանիշային տարբերությունը՝ նահանգում բնակվող այն ընտրողների շնորհիվ, ովքեր դեռ չեն կողմնորոշվել, օրինակ՝ Ջեսիկա Մինասյանը:

«Պարզապես փնտրում ենք մեկ այլ տարբերակ, ինչ-որ մեկին, ով կարող է գալ և համախմբել մեզ։ Ցանկանում ենք համախմբվել և լինել ամերիկացիներ»,- ասում է Մինասյանը։

Իսկ ի՞նչ է մտածում Դոնալդ Թրամփ-կրտսերը․ նա եկել էր ողջունելու կամավորներին:

«Նրանք չկողմնորոշված ընտրողներ չեն։ Նրանք դեմոկրատներ են»,- ասում է ԱՄՆ նախկին նախագահի որդին։

Դեմոկրատների մոտ իրենց հոգսերն են։ Փոքրիկ Պլիմութ քաղաքում ամենուր «Write-in Biden» ցուցանակներն են, ինչը նշանակում է՝ կուսակցական ընտրության քվեաթերթիկների վրա ձեռքով գրել Բայդենի ազգանունը և նետել արկղ, քանի որ ԱՄՆ նախագահի անունը չկար Նյու Հեմփշիրում կայացած դեմոկրատների փրայմերիզում։

«Թրամփի համար Հարավային Կարոլինան հնարավորություն է՝ ցույց տալ, որ կարող է հաղթել իր հակառակորդներից մեկին՝ Նիկի Հեյլիին նրա իսկ հարազատ վայրում»,- ասում է Սուրբ Անսելմի քոլեջի քաղաքագիտության պրոֆեսոր Քրիս Գալդիերին։

Հնարավոր է՝ այդ տեղի չունենա, եթե Հարավային Կարոլինայի նախկին նահանգապետը՝ Նիկի Հեյլին, կարողանա հասնել իր նպատակին, ուստի շտապում է անմիջապես սկսել իր քարոզարշավը հարազատ նահանգում։