Այս տարի ևս դավոսյան Համաշխարհային տնտեսական ֆորումում աշխարհի ազդեցիկ քաղաքական գործիչների ու գործարար շրջանակների ներկայացուցչների պակաս չի զգացվում։
Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտության ֆոնին՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին երեքշաբթի Դավոսում կոչ է արել աշխարհի առաջնորդներին չմոռանալ ռուսական վտանգի մասին․ «Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ խոսքը միայն Ուկրաինայի մասին է, ապա չարաչար սխալվում է։ Ուկրաինայից դուրս ռուսական նոր ագրեսիայի հնարավոր ուղղություններն ու նույնիսկ ժամանակացույցը աստիճանաբար ակնառու են դառնում…։ Եթե առաջիկա տարիներին պետք է միասին պայքարենք Պուտինի դեմ, ավելի լավ չէ՞ հիմա վերջ տալ նրան ու նրա [սկսած] պատերազմին, երբ մեր խիզախ տղամարդիկ և կանայք մարտնչում են»:
Your browser doesn’t support HTML5
Հայտնի է, որ Ռուսաստանն այսօր հսկայածավալ ներդրումներ է կատարում՝ իր բանակը վերազինելու համար։ Մյուս կողմից, գաղտնիք չէ, որ Կիևն ավելի շատ է զգում սպառազինության պակասը։
ԱՄՆ Կոնգրեսի հանրապետականներն շարունակում են արգելափակել արտահերթ ծախսերի մասին օրինագիծը, որը ներառում է շուրջ 60 միլիարդ դոլարի ամերիկյան աջակցություն Ուկրաինային:
Երեքշաբթի Դավոսում Զելենսկու հետ հանդիպմանը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հավաստիացրել է, թե Վաշինգտոնը հաստատակամ է Կիևին աջակցելու գործում․ «Վճռական ենք՝ Ուկրաինային ցուցաբերվող մեր աջակցության հարցում, և սերտորեն համագործակցում ենք Կոնգրեսի հետ՝ այդ նպատակով»:
Խնդիրներ կան նաև եվրոպական ուղղությամբ․ Հունգարիան տակավին արգելափակում է Եվրամիության 54 միլիարդ դոլարի հասնող աջակցության փաթեթը Կիևին։ Եվրահանձնաժողովի նախագահի խոսքով, դաշինքը կարող է փորձել սահմանափակել Բուդապեշտի հնարավորությունները՝ գալիք ամիս նախատեսված Եվրամիության գագաթնաժողովում:
Ուկրաինական հարցի առնչությամբ Արևմուտքում ստեղծված նման իրավիճակի պայմաններում Լատվիան՝ Ուկրաինայի մերձավոր դաշնակիցը, հայտարարել է, թե ժամանակն է փոխել հռետորաբանությունը:
«Լսում ենք, թե պատրաստ ենք աջակցել Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է: Կարծում եմ, պետք է փոխենք այդ հռետորաբանությունը և աջակցենք Ուկրաինային մինչև նրա վերջնական հաղթանակը»,- ասում է Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսը:
Սակայն ակնհայտ է, որ Ուկրաինայի ոչ բոլոր դաշնակիցներն են պատրաստ փոխել նման մոտեցումը, և այս ամենի ֆոնին՝ Դավոսում Զելենսկին ընդգծեց՝ եվրոպական ու համաշխարհային խաղաղության համար Ռուսաստանն է շարունակում մնալ ամենից մեծ սպառնալիքը: