Մատչելի հղումներ

Ուկրաինան հայտնել է ռուսական հետախուզական և հրամանատարական ինքնաթիռների ոչնչացման մասին


Ռուսական ռազմաօդանավ
Ռուսական ռազմաօդանավ

Ուկրաինայի զինված ուժերի հրամանատար Վալերի Զալուժնին հունվարի 15-ին հայտնել է, որ ուկրաինական ուժերը խոցել են ռուսական ռազմուժի համար կարևոր երկու օդանավեր՝ «А-50» հետախուզական և «Ил-22М» հրամանատարական ինքնաթիռները։

Երկու ինքնաթիռներն էլ օգտագործվում են ռուսական ուժերի կողմից ռազմական գործողությունները համակարգելու համար: «A-50»-ն ինքնաթիռները օգնում են բանակին ընտրել ավիահարվածների թիրախները և համակարգել հակաօդային պաշտպանությունը:

Խոցված ինքնաթիռների մասին տեղեկությունը նախ՝ երկուշաբթի երեկոյան հայտնվեց Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորներ Յուրի Մսյագինի և Ալեքսանդր Ֆեդիենկոյի տելեգրամյան ալիքներում։ Ըստ Մսյագինի, «Ил-22М»-ը խոցվել է հենց ռուսական հակաօդային պաշտպանության կողմից։

«A-50»-ն անհետացել է ռադարներից և դադարել պատասխանել ռուսական ինքնաթիռների հարցումներին: Ավելի ուշ՝ ռուսական «Су-30»-ի օդաչուն արձանագրել է «անհայտ ինքնաթիռի բռնկումը և վթարը»՝ նշում է «РБК-Украина»-ն։

Լրատվամիջոցը նաև ներկայացրել է «Ил-22М» օդաչուի ենթադրյալ խոսակցության գաղտնալսումը, որը դիսպետչերից շտապ վայրէջք է խնդրել Անապայի քաղաքացիական օդանավակայանում: Ձայնագրության մեջ, որի իսկությունը հաստատված չէ, «75106» համարով ինքնաթիռի օդաչուն հունվարի 14-ին Մոսկվայի ժամանակով 21:00-ի սահմաններում շտապ վայրէջք է խնդրել, ինչպես նաև՝ շտապ բժշկական օգնություն ու հրշեջներ։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես չի մեկնաբանել ինքնաթիռների ոչնչացման մասին տեղեկությունը։ Կրեմլը հայտնել է, որ տեղեկություն չունի։ Ռազմական բլոգեր Բորիս Ռոժինի ներկայացմամբ, «Ил-22М»-ը, այուամենայնիվ, կարողացել է վայրէջք կատարել, բայց կան զոհեր, իսկ «A-50»-ի մասին տեղեկություն չունի։

Ռուսական «Fighterbomber» տելեգրամյան ալիքը, որը հրապարակում է օդուժի մասին ինսայդերական տեղեկատվություն, անուղղակիորեն հաստատել է ինքնաթիռի կործանումը. «Ողբերգությունը միշտ էլ ողբերգություն է։ Հատկապես, երբ այն նման մասշտաբի է: Ով էլ լինի այնտեղ։ Մենք, ամենայն հավանականությամբ, չենք իմանա, թե ով է մեղավոր օդաչուների մահվան համար»։ Ալիքը նաև հրապարակել է «Ил-22М»-ի պոչամասի լուսանկարը, որը, ենթադրաբար, խոցվել է զենիթային հրթիռի միջոցով:

Ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության մոտ կանգնած տելեգրամյան մեկ այլ՝ «Rybar» ալիքի, «Ил-22М»-ը խոցվել է ռուսական հակաօդային պաշտպանության ուժերի «բարեկամական կրակի» պատճառով։

Եթե այս կորուստները հաստատվեն, կնշանակի՝ Ռուսաստանի օդուժը լուրջ վնաս է կրել՝ ասում է Ալեքսանդր Ռազումկովի անվան տնտեսական և քաղաքական հետազոտությունների ուկրաինական կենտրոնի փորձագետ, նախկին օդաչու Ալեքսեյ Մելնիկը։ Նրա խոսքով, զարմանալի չէ, որ այս իրադարձությունը լայն արձագանք է ստացել ուկրաինական լրատվամիջոցներում և սոցցանցերում։

«[Սա կարևոր է] հատկապես այն ֆոնին, որ վերջին շրջանում ռազմաճակատներից այդքան էլ լավ նորություններ չեն ստացվում։ Շատ թանկարժեք ինքնաթիռներ են լինելուց զատ, «A-50»-ի անձնակազմն է ամբողջովին ոչնչացվել։ Մյուս ինքնաթիռի անձնակազմում առնվազն վիրավորներ կան։ Սրանք բոլորն էլ բարձր որակավորում ունեցող մասնագետներ են, որոնց պատրաստելը տևական ժամանակ ու գումար է պահանջել»,- «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում ասում է Ռազումկովը։

Ալեքսեյ Մելնիկի համոզմամբ, նման ինքնաթիռների կորուստը բացասաբար կանդրադառնա Ռուսաստանի ռազմաօդային ուժերի գործողությունների ու կարողության վրա․ «Այսօր, ըստ ուկրաինական կողմի, ռուսական կողմն ունի 9 հատ «A-50» ինքնաթիռ։ Ամենայն հավանականությամբ, միայն երեքն են արդիականացվել, և այդ առումով դժվար է դատողություն անել օդանավի արտաքին տեսքից: Երբ «A-50»-ն առաջին անգամ անցավ ծառայության (այդ ժամանակ նոր էի ծառայության մտել ռազմաօդային ուժերում), նրանց տրվեց «թռչող մեքենա» անվանումը: Ինքնաթիռն արտաքին տեսքով նման էր ամերիկյան «AWACS»-ին, թեև իրականում նրանց հնարավորություններն անհամեմատելի էին»։

Փորձագետը դժվարացավ ասել՝ արդյո՞ք Ռուսաստանը կվերսկսի այդ ինքնաթիռների արտադրությունը․ «Կարևոր է նաև, որ ուկրաինացի զինվորականները ոչնչացրեցին Կրեմլի մեկ այլ քարոզչական առասպել՝ «A-50»-ի «անխոցելիության» մասին։ Դրանք, իհարկե, բազմաֆունկցիոնալ են։ Նրանց ռադիոտեղորոշիչ համակարգերը տեսականորեն հնարավորություն են տալիս տեսնել ոչ միայն օդային թիրախները, այլև ցամաքայինները՝ մի քանի հարյուր կիլոմետր հեռավորության վրա։ Օդանավը նախատեսված է ոչ միայն օդում գտնվող թիրախների մասին տեղեկացնելու, այլև հրթիռների արձակման վայրերը գրանցելու և օդում գտնվող այլ անձնակազմերին զգուշացնելու [այդ վտանգի մասին]: Այն նաև հագեցած է էլեկտրոնային պատերազմ վարելու հզոր համակարգով և այլ միջոցներով, որոնք, ընդհանուր առմամբ, պետք է ճնշեն օդանավի ուղղությամբ արձակված ցանկացած հրթիռ, շեղեն այն գծից։ «A-50»-ը, ընդհանուր առմամբ, պետք է հեռու մնա հակառակորդի հակաօդային պաշտպանության շառավղից: Բայց, ինչպես տեսնում ենք, փաստը մնում է փաստ»։

«Երրորդ հատված» վերլուծական կենտրոնի տնօրեն Անդրեյ Զոլոտարևը կիսում է հնչած կարծիքները, թե ռուսական ուժերը զգալի վնաս են կրել՝ ընդգծելով, թե տեղի ունեցածը ուժեղ «ապտակ» է ռուսաստանցի զինվորականներին։

«Կորուստները «մահացու» չեն։ Ռուսաստանի օդատիեզերական ուժերը դեռևս ունեն առնվազն 7-8 հատ «A-50» ինքնաթիռներ՝ «թռչող ռադարներ», որոնք հիմնված եմ «Ил-76»-ի վրա: Սակայն կորուստը ցավալի է, քանի որ այդ ինքնաթիռը թանկ է։ Այն շահագործման է հանձնվել անցյալ դարի 80-ական թվականներին։ Նման օդանավեր այլևս չեն արտադրվում, իսկ Ռուսաստանն ավելի լավ բան չունի»,- «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում ասում է Զոլոտարևը։

Վարկածներից մեկի համաձայն, ինքնաթիռները խոցվել են ամերիկյան «Patriot» համակարգի միջոցով՝ նշում է Անդրեյ Զոլոտարևը․ «Սակայն հնարավոր է, որ խոցվել են «С-300»-ի օգնությամբ։ Հարվածը հասցվել է Ազովի ծովի վրա, և ռուսական ինքնաթիռների անձնակազմերը, ըստ երևույթին, կարծում էին, թե լիովին ապահով են։ Այս կորուստը կարելի է համեմատել «Москва» հածանավի խորտակման հետ։ [Ռուսական] սևծովյան նավատորմի մյուս նավերի հետագա ոչնչացումը հետևանք էր նաև «Москва»-ի կործանման: Այսինքն, ինքնաթիռների խոցումը կարող է չափազանց տհաճ հետևանքներ ունենալ ռուսական զորքերի համար»։

Քաղաքագետի խոսքով, տեղի ունեցածը ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե ռուսաստանյան պետական քարոզչությունը որքան հեռու է իրականությունից․ «Պատերազմի ժամանակ թշնամին միշտ որևէ միջոց է փնտրում՝ հերքելու կարծրատիպերն ու առասպելներ։ Այսինքն, ռուսական օդային գերակայությունը կարող է իր վերջը գտնել։ Հիշենք վերջերս տեղի ունեցած [ռուսական օդուժի] միանգամից երեք «Су-24»-երի կործանման մասին, որոնք մոտեցել էին Խերսոնի շրջանի մարտական գոտուն և նույնպես կարծում էին, թե անվտանգ են»։

Հայտնի է, որ «A-50»-ը նախատեսված է հեռահար թիրախների հայտնաբերման համար: Այն ունի ռադար և օգտագործվում է առաջնագծում հետախուզության համար՝ հարվածներ նախապատրաստելու և հակառակորդի հարձակումների մասին նախապես տեղեկանալու համար: Ռուսաստանը, ըստ պաշտոնական տվյալների, ունի մոտ մեկ տասնյակ նման ինքնաթիռ։ Ռազմական փորձագետները նշել են, որ անգամ այդքանը բավարար չէ ողջ առաջնագծի մշտադիտարկման համար։ Մեկ «A-50»-ի արժեքը գնահատվում է շուրջ 330 միլիոն դոլար։

2023 թվականի փետրվարին բելառուս ակտիվիստները հայտնեցին, որ Մաչուլիշչիի ռազմական օդանավակայանում դիվերսիայի հետևանքով «A-50» է վնասվել։ Այն հետագայում վերանորոգվեց։ 2023 թվականի հունիսին տեղի ունեցած Պրիգոժինի ապստամբության ժամանակ խոցվել էր ռուսական բանակի մեկ այլ «Ил-22М»։

XS
SM
MD
LG