Ֆրանսիան Ուկրաինային կտրամադրի հեռահար թեւավոր հրթիռներ

Ուկրաինայի ու Ֆրանսիայի նախագահները Փարիզում

Նախագահ Մակրոնն ասել է, որ Եվրոպան պետք է բոլոր ջանքերը գործադրի, որպեսզի «թույլ չտա Ռուսաստանին հաղթել»:

Ֆրանսիան Ուկրաինային կտրամադրի մոտ 40 SCALP տեսակի հեռահար թեւավոր հրթիռների և հարյուրավոր ռումբերի նոր խմբաքանակ՝ Կիևին օգնելու համար պայքարել ռուսական ներխուժման դեմ, ասել է նախագահ Էմանուել Մակրոնը։

Մակրոնը մամուլի ասուլիսում լրագրողներին ասել է, որ Ռուսաստանի հաղթանակի բացառումը պետք է առաջնահերթություն լինի Եվրոպայի համար։

Նա հայտարարեց, որ փետրվարին նոր այց կկատարի Ուկրաինայի մայրաքաղաք։

«Թույլ տալ Ռուսաստանին հաղթել նշանակում է ընդունել, որ միջազգային իրավունքը չի հարգվում»,- ասել է նա։

Մակրոնն ասել է, որ Ֆրանսիան աշխատում է Ուկրաինայի հետ անվտանգության նոր երկկողմ համաձայնագրի շուրջ: Այն նման է Կիևի և Լոնդոնի միջև կնքված պայմանագրին, որը կհայտարարվի իր փետրվարյան այցի ընթացքում:

SCALP հրթիռները կարող են խոցել թիրախները Ռուսաստանի կողմից օկուպացված երկրի արևելյան հատվածում, ճակատային գծերից շատ ավելի հեռու, որոնք ամիսներ շարունակ համեմատաբար անշարժ են մնացել:

Նրա խոսքով՝ կմատակարարվեն «մոտ քառասուն» SCALP հրթիռներ, ինչպես նաեւ «մի քանի հարյուր» ռումբեր։

Ֆրանսիան զենքի առաջին խմբաքանակն Ուկրաինա է հասցրել ամռանը, թեև հայտնի չէ, թե որքան զենք է մատակարարվել այդ ժամանակ։