Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացմամբ, ավիահարվածները թիրախավորել են հյուսիսային՝ Շատի շրջանում ու հարավում՝ Խան Յունիսում տեղակայված զինյալներին։ Սպանվել են տասնյակ գրոհայիններ։ Այս ամենից զատ հայտնաբերել են հրթիռային մոտ 100 կայաններ:
Գիշերվա ընթացքում ավիահարված է հասցվել նաև Լիբանանի հարավում տեղակայված «Հեզբոլլահի» հենակետերից մեկին, որը նախատեսված էր տանկային գրոհների դեմն առնելու համար։ Սա մտավախություն է առաջացրել, որ հակամարտությունը կարող է ընդլայնվել:
Այս ամենի ֆոնին՝ միջնորդական առաքելությամբ առանձնացող Կատարի վարչապետը Դավոսում հայտարարել, թե հիմնախնդրի լուծման համար անհրաժեշտ է կիրառել «երկու պետությունների» տարբերակը՝ նկատի ունենալով իսրայելական ու պաղեստինյան պետությունների ստեղծումը ու գոյակցումը։ Կատարի բարձրաստիճան ներկայացուցիչը խոսել է նաև հակամարտության ընդլայնման վտանգից:
Շեյխ Մուհամեդ բին Աբդուլռահման Ալ Թանիի կարծիքով, Եմենում՝ հութիներին հասցվող հարվածները չեն լուծում խնդիրը, և հարկ է կենտրոնանալ Գազայում հակամարտության հիմնական պատճառի վերացման ուղղությամբ՝ ընդգծելով, թե այն ինչ կատարվում է այսօր, միայն նպաստում է լարվածության աճին:
Իր հերթին՝ Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը երկուշաբթի լրագրողների հետ զրույցում բացառեց կրակի դադարեցումը` նշելով, թե հրեական պետությունը չի կարող լիովին դադարեցնել ռազմական գործողությունները, քանզի այդ պարագայում «Համասը» չի համաձայնի ազատ արձակել մնացած պատանդներին:
Նախարարը շարունակել է, թե Գազայում իսրայելական ռազմուժի «ինտենսիվ մանևրների փուլը» շուտով կավարտվի՝ տեղեկացնելով նաև որ իսրայելական զինվորականները վերջերս ավարտել են ցամաքային ակտիվ գործողությունները պաղեստինյան հատվածի հյուսիսում:
Գալանտի այս խոսքերին նախորդել էր «Համասի» հայտարարությունը, թե իսրայելցի պատանդներից երկուսը մահացել են: Խմբավորումը երկուշաբթի տեսանյութ էր հրապարակել, ուր պատկերված էին երկու դիակներ՝ ենթադրաբար, իսրայելցի պատանդների: Կից հաղորդագրությամբ «Համասը» տեղեկացնում էր, որ պատանդները սպանվել են իսրայելցի զինվորականների կողմից:
Իսրայելի բանակի խոսնակ Դենիել Հագարին հերքել է խմբավորման պնդումները։
«Համասի» ենթակայության ներքո գտնվող Գազայի առողջապահության նախարարության ներկայացմամբ, զոհված պաղեստինցիների թիվն անցել է 24 հազարը, վիրավորներինը՝ 60 հազարը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը երկուշաբթի վերստին հանդես է եկել Գազայի հատվածում անհապաղ զինադադարի հաստատելու կոչով՝ ընդգծելով, թե այն անհրաժեշտություն է՝ պաղեստինցիներին օգնություն տրամադրելու, «Համասի» ձեռքում գտնվող պատանդների ազատ արձակմանը և ռազմական գործողությունների տարածումը Մերձավոր Արևելքում կանխելու համար:
Նոյեմբերի վերջին ձեռքբերված ժամանակավոր զինադադարի ընթացքում գրոհայիններն ազատ արձակեցին ավելի քան 100 պատանդի, Իսրայելը՝ 240 պաղեստինցի բանտարկյալների։
Հիշեցնենք, ԱՄՆ-ն, Եվրամիությունը, Մեծ Բրիտանիան ու այլ երկրներ «Համասը» ճանաչել են ահաբեկչական խմբավորում:
Նյութի հիմքում «The Associated Press»-ի, «Agence France-Presse»-ի և «Reuters»-ի հրապարակումներն են