ԱՄՆ-ում ընթացող ներքաղաքական բուռն զարգացումների ֆոնին՝ բնությունն իր խոսքն է ասում․ Այովա նահանգի որոշ շրջաններում ձմեռը խիստ է անցնում: Սառցակալումը, չդադարող ձյունը և ուժեղ քամին, ի վերջո, կարող են ազդել ընտրողների մասնակցության վրա։ Մինչդեռ, Այովայում է ընթանալու հանրապետականների առաջին կուսակցական ժողովը։ Այնուհետև, նման կուսակցական ժողովներ պետք է կայանան, ԱՄՆ բոլոր նահանգներում, որոնց ընթացքում որոշվելու է, թե ով է առաջադրվելու հանրապետականների կողմից ԱՄՆ գալիք նախագահական ընտրություններում։
Նախագահական ընտրություններին ընդառաջ՝ ԱՄՆ առաջին կուսակցական՝ թե՛ հանրապետականների, թե՛ դեմոկրատների ժողովներն անցնում են Այովայում 1972 թվականից, և այս նահանգում որևէ թեկնածուի հաղթանակը՝ հարազատ կուսակցության շրջանակում, կարող է լուրջ ազդեցություն ունենալ, թե ի վեդրջո ով է կներկայացնի այդ կուսակցությունը գալիք նախագահական ընտրություններում։
Արդեն իսկ հնչել են կոչեր հետաձգել երկուշաբթի կայանալիք հանդիպումը։
«Դժվար է լինելու։ Ավելի լավ է չեղարկել միջոցառումը: Ոչ այնքան այն պատճառով, որ թեկնածուն, պարզապես, չի կարողանա տեղ հասնել, այլ այն պատճառով, որ չեք ցանկանա մարդկանց վտանգի տակ դնել՝ նման պայմաններում մեքենաներ վարելու պատճառով»,- ասում է Այովայի համալսարանի ներկայացուցիչ Թիմ Հեյգլը:
Սառնամանիքն արդեն իսկ ազդել է բնականոն կյանքի վրա։ Օրինակ, պատճառ է դարձել, որ հետաձգվի ԱՄՆ ֆուտբոլի ազգային լիգայի փլեյ-օֆի խաղը՝ «Pittsburgh Steelers»-ի և «Buffalo Bills»-ի միջև: Հյուրընկալող կողմը՝ «Buffalo Bills»-ը, սոցցանցերում հրապարակել է սառցակալած դաշտի լուսանկարները:
«ABC News»-ի փոխանցմամբ, այս ամենի ֆոնին՝ հանրապետականների առաջատարը՝ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել է բոլոր հանրահավաքները, բացառությամբ մեկի, և կենտրոնացել է հեռուստահանդիպումների վրա՝ ընտրողներին դիմելով հեռուստացույցի միջոցով։ Ըստ «Des Moines Register»-ի, Այովայի հանրապետականների շրջանում Թրամփն ունի 48% աջակցություն, ուստի համարվում է, որ նման եղանակից նա առանձնապես չի տուժի:
Նույն աղբյուրի փոխանցմամբ, իրավիճակն անհամեմատ բարդ է Թրամփի հանրապետական մրցակիցների համար, օրինակ՝ Հարավային Կարոլինայի նախկին նահանգապետ Նիկի Հեյլին, ով Դոնալդ Թրամփի նախագահության օրոք ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանն էր։ Հեյլին ներկայում ունի մոտ 20% աջակցություն՝ անցած ամսվա համեմատ չորս տոկոսային կետով ավելի։
Ժամանակին հանրապետականների շրջանում Թրամփի հիմնական մրցակիցը համարվող Ֆլորիդայի նահանգապետ Ռոն ԴեՍանտիսի վարկանիշը շարունակում է անկում ապրել։ Այժմ նա ունի 16%:
Հանրապետական մյուս թեկնածուների վարկանիշը 10%-ից ցածր է։ Գործարար Վիվեկ Ռամասվամիինը՝ մոտ 8%:
Սակայն Այովայի բազմաթիվ բնակիչներ, իրականում, չեն թաքցնում, որ կնախընտրեն այլ բանով զբաղվել՝ հատկապես, որ ունենալու են ոչ աշխատանքային երկուշաբթի՝ ԱՄՆ-ում սևամորթների իրավունքների հայտնի պաշտպան Մարտին Լյութեր Քինգի ծննդյան օրվա առթիվ:
«Ձմռանը այդքան էլ շատ բան չկա անելու, կարող եք սահնակով սահել, կամ որևէ այլ բան անել: Այնպես որ, հիանալի ժամանակ է»,- ասում է «Des Moines Register»-ի նախագահ Գրանթ Ռեմփթոնը:
Այուամենայնիվ, Այովայի հանրապետականների առաջնորդը հաստատակամ է՝ «Daily Mail»-ին փոխանցելով, թե երկուշաբթի նախատեսված կուսակցական ժողովի կարող է հետաձգվել բացառապես «համապետական աղետի» պատճառով, և մաքուր երկինք կանխատեսելեով Հանրապետական կուսակցության համար: