Ըստ հեղինակավոր միջազգային իրավապաշտպան կազմակերպության` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ու ավելի քան 100 հազար հայերի տեղահանությունը՝ 2023 թվականին Հայաստանի համար կարևոր իրադարձություններ էին:
«Human Rights Watch»-ի փոխանցմամբ, «ավելի քան 100 հազար հայեր՝ Լեռնային Ղարաբաղի գրեթե ողջ հայ բնակչությունը, [2023 թվականի] սեպտեմբերին հեռացան Հայաստան՝ անկլավի նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելու նպատակով Ադրբեջանի [ձեռնարկած] ռազմական գործողությունից հետո»:
Զեկույցն ընդգծում է, որ Բաքվի նախաձեռնած ռազմական գործողությանը նախորդել էր Լեռնային Ղարաբաղում սննդամթերքի, դեղորայքի, հիգիենայի պարագաների և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների՝ ամիսներ տևած սուր պակասը՝ 2022 թվականի դեկտեմբերից Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև տրանսպորտային հաղորդակցությունը Ադրբեջանի կողմից դադարեցվելու պատճառով։
Զեկույցի՝ Բաքվին վերաբերող հատվածում կազմակերպությունը հիշեցնում է․ «Ադրբեջանը հրաժարվել է կատարել [ՄԱԿ-ի] Արդարադատության միջազգային դատարանի [2023 թվականի] փետրվարի և հուլիս ամսվա միջանկյալ որոշումները, որոնք կոչ են անում Ադրբեջանին ապահովել «մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով»»։
Նաև նշվում է, որ 2023 թվականի սեպտեմբերի ռազմական գործողություններից հետո, Բաքուն ձերբակալել է «դե ֆակտո իշխանությունների մի քանի ղեկավարների»՝ նրանց մեղադրելով այդ թվում ահաբեկչության ֆինանսավորման, անօրինական զինված կազմավորումների ստեղծման և սահմանն ապօրինի հատելու մեջ»։
Զեկույցը, սակայն, «պատմական» է որակում 2023 թվականի դեկտեմբերի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունների համատեղ հայտարարությունը՝ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերի ու զինծառայողների փոխանակման մասին:
Անդրադառնալով հայաստանյան զարգացումներին` «Human Rights Watch»-ը մատնանշել է մի շարք խնդիրներ՝ ոստիկանության, խոսքի ազատության, կանանց, սահմանափակ կարողություններ ունեցող անձանց և սեռական փոքրամասնությունների իրավունքների ոլորտներում։
Հայաստանում «իրավապահ մարմինների չարաշահումների վերաբերյալ արդյունավետ հաշվետվողականության բացակայությունը շարունակական խնդիր է»՝ գրում է իրավապաշտպան կազմակերպությունը՝ հավելելով, թե իշխանությունները հաճախ նման գործերը քննում են «պաշտոնեական դիրքի չարաշահման» համատեքստում, որը նախատեսում է ավելի մեղմ պատիժ:
Ըստ զեկույցի, թեև Հայաստանում զրպարտությունն ապաքրեականացվել է, սակայն լրագրողներն ու լրատվամիջոցները շարունակում են թիրախավորվել՝ քաղաքական գործիչների, մասնավոր ընկերությունների կողմից, որոնք մեդիան ներքաշում են դատական քաշքշուքների մեջ՝ սպառնալով ծանր ֆինանսական տուգանքներով:
«Լրատվամիջոցների շահերի պաշտպանության խումբը հայտնել է, որ [2023 թվականի] հունվարից սեպտեմբեր ժամանակահատվածում լրատվամիջոցների դեմ 23 նոր հայց է ներկայացվել՝ զրպարտության մեղադրանքով»,- կարդում ենք զեկույցում:
Հրապարակման մեջ խոսք է գնում նաև Հայաստանի խորհրդարանի կողմից ընդունված օրենսդրական փոփոխության մասին, որը լրացուցիչ հնարավորություն է տալիս պետական գերատեսչություններին՝ «հարցումները մերժելու համար»:
«Human Rights Watch»-ը անդրադառնում է նաև Հայաստանում ընտանեկան բռնության, սահմանափակ կարողություններ ունեցող անձանց նկատմամբ խտրականության դրսևորման, սեռական կողմնորոշման պատճառով տեղ գտնող բռնությունների դեպքերին։ Զեկույցը պնդում է՝ Հայաստանում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները «շարունակում են բախվել խտրականության, ոտնձգությունների և բռնության հետ»:
Սահմանափակ կարողություններ ունեցող անձանց իրավունքների մասին խոսելիս՝ զեկույցն ընդգծում է, որ երկրում բացակայում են հոգեսոցիալական և մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց համար համայնքային ծառայությունների համապարփակ ծրագրերը:
Անդրադառնալով ընտանեկան բռնությանը՝ զեկույցն արձանագրում է անցած տարվա առաջին կիսամյակում գրանցված ընտանեկան բռնությանը վերաբերող բողոքների զգալի աճ՝ 2022-ի նույն ժամանակահատվածի հետ համեմատած: Մեղադրանք է առաջադրվել 144 մարդու: Առնվազն 12 կին է սպանվել 2022 թվականի սեպտեմբերից մինչև 2023 թվականի սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում:
Զեկույցը հիշեցնում է՝ Հայաստանն ունի ընդամենը երկու ապաստարան՝ ընտանեկան բռնության ենթարկվածների համար, որոնք միասին կարող են ապաստանել 24 կանանց՝ նրանց երեխաների հետ: «Human Rights Watch»-ը մեջբերում է «Կանանց աջակցության կենտրոնի» տեսակետը, թե ապաստարանները շարունակաբար լցված են, իսկ կանանց պաշտպանությունը շարունակում է անարդյունավետ լինել՝ նաև իրավապահ համակարգի կողմից:
Ընդհանուր առմամբ, իրավապաշտպան կազմակերպության գնահատականով, նախորդ տարին աշխարհի համար չափազանց դժվար էր՝ ոչ միայն մարդու իրավունքների ոտնահարումների, պատերազմների, այլև «ընտրովի արձագանքի» և «գործարքային դիվանագիտության» պատճառով, որոնք խաթարում են մարդու իրավունքների պաշտպանությունը:
«Ամերիկայի ձայնի» հետ զրույցում «Human Rights Watch»-ի ներկայացուցիչ Լամա Ֆակիին՝ որպես «ընտրովի արձագանքի» օրինակ հիշատակել է Իսրայել-«Համաս» հակամարտությունը, թե «որոշ երկրներ պատրաստ են արդարացիորեն քննադատել [2023 թվականի] հոկտեմբերի 7-ին «Համասի» գրոհայինների սարսափելի հարձակումները Իսրայելի դեմ, սակայն չեն ցանկանում բարձրաձայնել Գազայում իսրայելական զինվորականների իրականացրած բռնությունների մասին»: