«Մենք ցանկանում ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը շահեն խաղաղության համաձայնությունից». Ջեյմս Օ՛Բրայեն

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայեն

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը և ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը, ասում են թե Ամերիկայի Միացյալ Նահանգները շարունակում է հավատալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղությունը հնարավոր է։ 

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը առցանց ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Հարավային Կովկասին՝ շեշտադրելով Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը:

«Մենք աջակցում ենք խաղաղության համաձայնագրին, Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղությանը։ Մեզ շատ է ոգեշնչում այն, որ նրանք շարունակում են երկկողմ հագեցած օրակարգ ունենալ և հասցեագրել այն խնդիրները, որոնք կան նրանց միջև։ Դեռ աշխատանք կա անելու, և մենք պատրաստ ենք աջակցել՝ ինչով կարող ենք։ Մենք երկու երկրների հետ էլ լիարժեք հարաբերություններ ունենք, որոնք ներառում են տնտեսական կապերը, կապերն անվտանգության և քաղաքական ոլորտներում։ Մենք ցանկանում ենք, որ երկու երկրներն էլ շահեն խաղաղության համաձայնությունից, և մենք կաշխատենք այդ ուղղությամբ այն ճանապարհով, որն ամենաընդունելին կլինի։ Ես կարծում եմ, որ սա երկու կառավարությունների համար հերթական մեծ հնարավորությունն է ավելին անելու իրենց ժողովուրդների համար»,- ասել է նա:

Օ’Բրայենը նաև խեսել է Հայաստանում բարեփոխումների օրակարգի շուրջ և այն դերի մասին, որ Ադրբեջանը ցանկանում է ունենալ տարածաշրջանի տնտեսական զարգացման հարցում։

«Հիմա մենք կցանկանայինք հնարավորություն ունենալ քննարկելու օրակարգի բոլոր հարցերը երկու երկրների հետ՝ սկսած մեր մտահոգություններից որոշ անձանց ձերբակալված լինելու առնչությամբ, վերջացրած երկկողմ հարցերից։ Մենք առաջ գնալու դեպքում լիարժեք օրակարգ կունենանք։ Բայց այս ամենը տեղի է ունենում երկու երկրների միջև ամուր և արժանապատիվ խաղաղության հաստատմանն աջակցելու լույսի ներքո»,- ասել է Օ՛Բրայենը։

Ճեպազրույցի ժամանակ թեմային անդրադարձել է նաև ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը, ասելով թե Ամերիկայի Միացյալ նահանգները շարունակում է հավատալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղությունը հնարավոր է։

«Մենք շարունակում ենք հավատալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղությունը հնարավոր է։ Պետքարտուղարությունը կշարունակի աշխատել այդ ուղղությամբ»,- հայտարարել է նա ու հավելել, որ ԱՄՆ պետքարտուղարի կովկասյան բանակցությունների հարցերով խորհրդական Լուի Բոնոն, պետքարտուղար Էնթոնի Բլինքենը խորապես ներգրավված են այդ հարցում։