Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովն այս տարի մեկնարկելու է մարդկության առջև ծառացած լրջագույն խնդիրների ֆոնին՝ պատերազմներ, գլոբալ ջերմացում, անորոշ իրավիճակ համաշխարհային տնտեսությունում, արհեստական բանականության հետ կապված մտահոգություններ և այլն:
Չորեքշաբթի հրապարակած զեկույցում համաժողովի կազմակերպիչները մատնանշել են ապատեղեկատվությունը՝ որպես կարճաժամկետ լրջագույն մարտահրավեր:
«Առաջիկա երկու տարիներին աշխարհի տարբեր երկրներում նախատեսված ընտրությունների վրա [ապատեղեկատվության] հնարավոր ազդեցությունը կարող է նշանակալի լինել, և այն կարող է հանգեցնել մի իրավիճակի, երբ ընտրված կառավարությունների լեգիտիմությունը կասկածի տակ կընկնի։ Իսկ դա, իր հերթին, կարող է սպառնալ ժողովրդավարական գործընթացներին, որոնք կարող են հանգեցնել սոցիալական հետագա բևեռացմանը, անկարգությունների, գործադուլների կամ նույնիսկ ներպետական բռնությունների»,- ասում է «Marsh McLennan Risk Consultancy»-ի ներկայացուցիչ Կարոլինա Քլինթը։
Համաժողովը, փաստորեն, բացվելու է երկու խոշոր՝ ուկրաինական ու մերձավորարևելյան հակամարտույթունների ֆոնին։
Դավոսի համաժողովում սպասում են այդ թվում Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգին, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն, Չինաստանի վարչապետ Լի Ցյանին և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին:
Անշուշտ, միջոցառմանը ներկա են գտնվելու նաև գործարար աշխարհի հարյուրավոր հանրահայտ ներկայացուցիչներ, որոնցից շատերի կարողություններն անցած տարի աճել են՝ բազմաթիվ մարդկանց աղքատացման ֆոնին:
«Դավոսը երկխոսության, կարևոր քննարկումների, նույնիսկ քաղաքական և գործարար աշխարհի առաջնորդներին պատասխանատվության ենթարկելու հարթակ է: Ահա թե ինչու են «Oxfam»-ի նման կազմակերպությունները մասնակցում: Այն, իհարկե, ժողովրդավարական հարթակ չէ, ուր թափանցիկ, հաշվետու որոշումներ են կայացվում»,- ասում է «Oxfam International»-ի ներկայացուցիչ Նաբիլ Ահմեդը:
Համաժողովի կազմակերպիչներն ընդգծում են՝ կարևոր է մեկտեղել քաղաքական ու գործարար աշխարհի առաջնորդներին՝ լուծումներ գտնելու աշխարհի առջև ծառացած բազմաթիվ մարտահրավերներին: