Մատչելի հղումներ

Ալպյան Դավոս քաղաքում սկսվել է Ամենամյա Համաշխարհային տնտեսական ֆորումը


Հարավ-Կորեական ՀՅՈՒԲՈ անունով ռոբոտը
Հարավ-Կորեական ՀՅՈՒԲՈ անունով ռոբոտը

Ալպյան Դավոս առողջարանային քաղաքում սկսվել է ամենամյա Համաշխարհային տնտեսական ֆորումը, որի հիմնական նպատակն է բարելավել աշխարհի վիճակը՝ բիզնեսի, քաղաքական ուգիտական աշխարհի և հասարակության այլ բնագավառների առաջնորդներին ներգրավելով, գլոբալ, տարածաշրջանային և արդյունաբերական օրակարգ ձևավորելու համար:

Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի այս մասնակիցը ավելի մեծ ուշադրության արժանացավ, քան ցանկացած գործարար կամ երկրի առաջնորդ: Հարավ-Կորեական ՀՅՈՒԲՈ անունով այս ռոբոտը նախանշում է տեխնոլոգիական նորարարությունների նոր շրջանը, որում կլինեն մարմնի մեջ տեղադրվող հեռախոսներ, եռակողմ տպագրված օրգաններ և ինտերնետին միացվող հագուստներ: Սակայն ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը նախազգուշացնում է, որ ոչ բոլորը ի վիճակի կլինեն ձեռք բերել այս ապրանքները:

Նա ասել է,- «Արդյո՞ք դա չի հանգեցնի խավերի ավելի ընդգծված տարբերությանը»:

Օրեր առաջ միջազգային Օքսֆամ կազմակերպության ներկայացրած զեկույցի համաձայն, աշխարհի 62 ամենահարուստ մարդկանց կարողությունն այնքան է, որքան աշխարհի բնակչության կեսինը: Բայդենը առաջարկում է փոխել հարուստ մարդկանց հարկ վճարելու մեղմ օրենքները և քաղաքական ու բիզնեսի ոլորտի առաջնորդներին կոչ անում հնարավորություններ ստեղծել բոլորի համար:

Բայդենը ասել է,- «Երբ մարդիկ զգում են, որ բարեկեցիկ կյանքի իրենց հնարավորությունները փշրված են, չեն կարողանում խուսափել ընկճվածության, ջախջախվածության և բարկության զգացողություններից: Այդ ամենի արդյունքում ի հայտ են գալիս ընդվզող քաղաքական գործիչներ, այլատյացությունը քաջալերող դեմագոգներ, հականերգաղթային, ազգայնական և մեկուսացման տեսանկյուններ: Եվ դա սկսում է ոչնչացնել հասարակական կյանքը մեր բոլորի երկրներում»:

Հորդանանի Ռանիա թագուհին, ում երկրի բնակչության արդեն 20 տոկոսն են կազմում փախստականները, ասել է, որ խնդիրների կարճաժամկետ լուծումները հանգեցնում են երկարաժամկետ աղետների: Նա տնտեսապես հարուստ երկրներին խրախուսել է, փախստականների համար հատուկ տնտեսական տարածք ստեղծել:

Թագուհի Ռանիան ասել է,- «Այդ անելով, ոչ միայն փախստականներին տնտեսական ինքնաբավարարվածության զգացողություն կտրամադրեք, այլ նաև նրանք իրենց երկիր վերադառնալիս կկարողանան կիրառել սովորածը»:

Այնուամենայնիվ աշխարհի առաջնորդների առջև ծառացած հիմնական խնդիրը տարածվող ահաբեկչական ցանցերը վերացնելն է, քանի որ դրանք սպառնում են ողջ մարդկության հանրության բարեկեցությանը:

XS
SM
MD
LG